Life.panorama.am-ը գրում է, որ իրենց հետ զրույցում դերասան Հարություն Մովսիսյանը նշել է, որ չի պատկանում դերասանների այն խմբին, ովքեր դեմ են սերիալային զբաղվածությանը. «Արդեն երևի 50 տարուց ավելի է, աշխարհում մեծ տարածում ունեն սերիալները: Դա քաղաքակիրթ աշխարհում նորմալ և պահանջված երևույթ է: Սակայն սերիալի անձնակազմը՝ սկսած արտադրողից, նկարահանողից և դերասաններից, պետք է սերիալը մարդկանց գլխին «փորձանք» չսարքեն. մարդիկ անընդհատ ցանկանան, որ սերիալն ավարտվի: Պետք է զգան, թե երբ է սերիալը «հանգցնելու» ճիշտ ժամանակը: Եթե զարգացումներ չունի այն, ապա ավելորդ է ձգձգելը»:
Դերասանը դա համեմատեց տղայի և աղջկա սիրո հետ, որտեղ երբեմն մի կողմը պարտադրողի դերում է հանդես գալիս. «Պատահում է չէ՞, որ տղան սիրում է աղջկան ու փորձում պարտադրել այդ սերը, բայց աղջիկը չի սիրում ու վերջ:Ամեն ինչ այս կյանքում փոխկապակցված է: Այդպես և սերիալը չի կարելի զոռով կապել մարդկանց ուղեղին: Եթե ասելիք չունի այլևս, թող դուրս գա մեջտեղից, որ մեկ ուրիշը գա: Չի կարելի անընդհատ մարդկանց «բռնաբարել» և ասել՝ մեզ սիրում են ու նայում են: Իհարկե, մի մասը կնայի, բայց պետք է մեծամասնության թելադրանքով շարժվել»:
Մեր զրուցակիցը վստահ է, որ իր մասնակցությամբ «Բախտաբեր» սերիալը չի ձանձրացնի հեռուստադիտողին: «Մեր ստեղծագործական խմբում այնպիսի մարդիկ են, որ թույլ չեն տա՝ ժողովուրդը հոգնի ու հիասթափվի, ձանձրանա, ասի, որ մենք «յուղ ենք վառում»: Անձամբ ես իմ անունից կարող եմ ասել, որ ձանձրալիորեն ձգձգման դեպքում մեկ վայրկյան ավել ոչ մի սերիալում չեմ մնա: Եթե հետաքրքիր է սերիալը, ասելիք ունի, ապա այն կարող է երկարատև կյանք ունենալ, չեմ հերքի: Գիտեմ, որ նման մի սերիալ կա Մարսելում, որն արդեն 1300 սերիայից ավել ցուցադրվել է, բայց մարդիկ խենթի պես հետևում են: Սակայն, երբ անհաջող սերիալ է լինում, նրանք այնքան քաղաքակիրթ են, որ հասկանում են՝ «զորբայությամբ» ու ծանոթով, լավ հովանավորով չի, որ պետք է հեռուստադիտողին գոհացնեն, անընդհատ էկրաններին իրենք երևան: Լավը չեք, հեռացեք… Ամեն հարցում պետք է այսպես լինի»,-ժպիտով նշեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում