life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը շուրջ չորս տարի Իսպանիայում ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան՝ արդեն հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու նպատակով. «Ընդամենը մեկ շաբաթ է, ինչ վերադարձել եմ Հայաստան: Իսպանիայում արդեն երկար ժամանակ ապրելուց ու կրթություն ստանալուց հետո ավարտեցի իմ առաջին մասնագիտության՝ «Մարքեթինգ, բիզնեսի կազմակերպում եւ տնտեսագիտություն» բաժնի մագիստրատուրան, եւ հասկացա, որ ժամանակն է վերադառնալ ու զբաղվել իմ երկրորդ ու ավելի հոգահարազատ գործով՝ երգով: Իհարկե, այնտեղ ապրելու տարիներին եւս աչքաթող չէի անում երգը, բայց այն ակտիվությամբ, որը կցանկանայի զբաղվել, ես չէի կարող, դրա համար որոշեցի երկար ժամանակով վերադառնալ ու լրջորեն զբաղվել երգարվեստով»,- նշեց Աստղիկն ու փակագծերը չբացելով՝ ընդգծեց. «Մոտ ժամանակներս սպասվում են նոր երգեր, նոր տեսհոլովակներ ու նոր համագործացություններ: Նաեւ կա առաջարկ ու համաձայնություն՝ գործել պրոդյուսերի հետ եւ հիմա արդեն, այսպես ասած, ծանր ու թեթեւ ենք անում համերգային եւ այլ առաջարկները»:
Երգչուհին երգարվեստում չորս տարի պասիվ գործելու ընթացքում վստահ է եղել, որ իր զբաղեցրած տեղը կայուն է հայկական շոու բիզնեսում. «Ես շուրջ տասը տարի է զբաղվում եմ երգարվեստով ու վերջին չորս տարում կայանալու հնարավորությունը բաց թողելու խնդիր չի եղել, կարծում եմ ունեմ իմ ուրույն տեղը հայկական երգարվեստում: Ես, քաջ գիտակցելով, որ որոշ ժամանակ մի փոքր պասիվ պետք է գործեմ, գնացի, քանի որ ուզում էի խորացնել ու եվրոպականացնել իմ առաջին մասնագիտությունը, ինչու չէ նաեւ մենթալիտետի փոքր-ինչ փոփոխությամբ վերադառնալ եւ ավելի նոր մտքեր ու գաղափարներ հանձնել երգին»,- պատմեց Աստղիկը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում