▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում էր, որ եթե մի օր իրենք Հայաստանում համերգ ունենան, ես էլ իրենց հետ կգամ. SOAD-ի թմբկահարի մայր

«Առաջին անգամ եմ Հայաստանում, տարիներ շարունակ երազել եմ այդ մասին, բայց եկանք միայն այս առիթով… Իսկապես շատ տպավորված եմ, ինձ համար այս ամենը շատ հուզիչ է»,-Asekose.am-ի թղթակցին ասաց աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի մայրը` Շաքե Դոլմայանը, ով այս օրերին նույնպես  Հայաստանում է:

Տիկին Շաքեի խոսքով` ինքը Հայաստան է եկել որդուց և նրա տիկնոջից ավելի վաղ, ավելին` նույնիսկ դեռ չի հասցրել Ջոնի հետ ինչպես որ հարկն է շփվել, քանի որ  վերջինս արդեն մեկ ամիս է, ինչ  «System of a Down»-ի հետ շրջագայում էր աշխարհի տարբեր երկրներում «Wake Up The Souls Tour»-ի շրջանակներում, որի նպատակը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելն է:

«Ջոնիին միայն քիչ առաջ եմ տեսել, ընդամենը հասցրեցի համբուրել: Բայց գիտեմ, որ շատ խանդավառված է: «System of a Down»-ի շրջագայությունը շատ լավ է անցել,  ամեն տեղ լեփ-լեցուն դահլիճներ են եղել: Տղաներն իրենց գործունեության հենց սկզբից էլ հայ և այլ ազգություն ունեցող երիտասարդներին պատմել են Հայոց ցեղասպանության մասին, այն ժամանակ, երբ օտարներն  դեռ ոչինչ չգիտեին այդ մասին: Շատ հպարտ եմ և իրենով, և «System of a Down»-ով, որովհետև  բոլորն էլ հայ մարդիկ են, ովքեր  հարգում և սիրում են իրենց ազգությունը և չեն ուրացել իրենց արմատներին: Ես գիտեի, որ Ջոնը հայասեր տղա  է, բայց որ նման  աշխատանք կարող է կատարել, չէի պատկերացնում»:

Տիկին Շաքեի պնդմամբ` Ջոնը Հայոց ցեղասպանության մասին տարբեր պատմություններ  լսել  է դեռ մանկուց, որովհետև մեծացել է Ցեղասպանությունը վերապրած ընտանիքում.

«Ջոնը դեռ մանկուց լսել է մեր պատմությունները, իսկ մեր ընտանիքն ունի նախահայրեր, ովքեր սպանվել են Ցեղասպանության ժամանակ: Մանուկ ժամանակ գուցե չես զգում, բայց այդ պատմությունները միշտ մեծ հետք են թողնում մարդու վրա: Առհասարակ, Ջոնը մեծացել է հայկական մթնոլորտում»: Ապա տիկին Շաքեն հավելեց, որ տվյալ հետքն էլ արտահայտվում է Ջոնի երաժշտության միջոցով, քանի որ դրանց շնորհիվ կարելի է շատ բաներից խոսել և շատ խնդիրներ բարձրաձայնել, ավելին` երբեմն   երգերն ավելի տպավորիչ են, քան` խոսքերը:

Տիկին Շաքեն Asekose.am-ին նաև խոստովանեց, թե որն էր իր` այսքան տարիներ  Հայաստան չայցելելու պատճառը.

«Ջոնը Հայաստանը շատ է սիրում և միշտ կրկնում էր, որ ես էլ, երբ այն տեսնեմ, շատ կսիրեմ: Միաժամանակ, Ջոնն ինձ ասում էր, որ եթե մի օր իրենք Հայաստանում համերգով հանդես գան, այդ ժամանակ ես էլ իրենց հետ միասին կգամ Հայաստան: Նշեմ, որ Ջոնի հետ Հայաստան է եկել նաև իր հղի կինը` Դայանան, ով Վանաձորից է, ավելին` Սերժ Թանկյանի կնոջ քույրն է»:

Ջոն Դոլմայանի մայրը նաև անդրադարձավ «System of a Down»-ի` ապրիլի 23-ին Երևանում` Հանրապատեության հրապարակում, կայանալիք համերգին.

«Շատ հուզված եմ, չգիտեմ, թե ինչպես եմ կարողանալու տեսնել և դիմանալ այդ ամենին:  Կարծում եմ, որ այս ամենը բոլորի համար էլ շատ հուզիչ է»,- իր խոսքը եզրափակեց Շաքե Դոլմայանը:

 

Asekose.am-ը  զրուցել է նաև  Ջոն Դոլմայանի քրոջ` Ռինա Դոլմայանի հետ, ով ևս նշեց, որ շատ հուզված է.

«Երբ օդանավը վայրէջք կատարեց, սկսեցի արտասվել, չէ՞ որ սա մեր հայրենիքն է, իսկ ես նախկինում այստեղ չէի եղել և Հայաստան այցելելը երազանքի պես մի բան էր ինձ համար: Հուզված եմ, որ այստեղ եմ, առավել ևս` նման առիթով, ինչպես նաև շատ հպարտ եմ, թե Ջոնով, թե ամբողջ խմբով»:

 

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին