▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե իմանում են, որ ընտրյալ չունեմ, ուզում են հայտնվել այդ տեղում». Մարգարիտա Բարխոյան

life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Մարգարիտա Բարխոյանը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց հայկական շոու բիզնեսում իր տևական դադարի պատճառների մասին. «Ես արդեն հոգնել եմ այս հարցադրումներից, քանի որ դաշտ չկա Հայաստանում երևալու, կարծում եմ, գոյություն չունի նմանօրինակ միջավայր, որտեղ երգիչը կարող է երևալ,-նշեց Մարգարիտան:

Հարցին, թե, ըստ նա, հայկական շոու բիզնես չկա՞ արդյոք, երգչուհին պատասխանեց, «Իհարկե չկա, կան մարդիկ, այդ թվում և ես, ովքեր ուզում են ստեղծագործել, իսկ եթե շոու բիզնես բառը գեղեցիկ է հնչում, կարող են օգտագործել, որպեսզի հասկանանք, որ մենք էլ ինչ-որ բան ունենք: Կարծում եմ Հայաստանում երգիչները սեփական ցանկություններով են միայն առաջ գնում, այսինքն ՝ ես վստահ եմ, որ երգիչները չեն գործում՝ մտածելով, որ ունեն մեծ լսարան, ձայնասկավառակ չեն թողարկում՝ մտածելով, որ այն կունենա մեծ վաճառք, արդյունքում այս առումով ամեն բան գնում է փոքր մասշտաբների: Այսօր ով, ինչ ուզում է, դա է անում, դրա համար չեմ կարծում, որ շոու բիզնեսը դա է, չկան ոչ մի օրենքներ, Հայաստանում երգիչը կարող է միայն տեսահոլովակ նկարահանել, ոչ ավելին, համերգներ չեն կազմակերպվում, որովհետև մարդիկ այնքան սոցիալական խնդիրներ ունեն, որ անտարբեր են երաժշտության նկատմամբ, երևի թե համերգների էլ չգան, եթե դրանք լինեն»:

Հայկական շոու բիզնեսի մասին նման կարծիք ունենալով հանդերձ Մարգարիտա Բարխոյանը նշեց, որ չի դադարում գործել. «Հայաստանում, եթե շոու բիզնես չկա, դա չի նշանակում, որ պետք է չերգեմ: Դա իմ գոծն է: Եղբորս հետ մենք համատեղ երկու ձայնասկավառակ ունենք, հիմա արդեն պատրաստ է իմ անհատական հեղինակային երգերով ձայնասկավառակը, որը սակայն, հիմա չեմ ուզում լույս տեսնի, ուզում եմ այն ներկայացնել, երբ լինեն մի քանի տեսահոլովակներ: Իսկ տեսահոլովակները իրենց երկար սպասեցնել չեն տա: Արդեն երկու երգ կա, որոնք այս տարի կունենան տեսահոլովակներ, որոնցից մեկի վրա արդեն աշխատում ենք ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Հիմա ես այնքան երգեր եմ պատրաստում, որ որոշ երգիչներ հինգ տարում կարող են այդքան երգեր ունենալ, իսկ նման կերպով դադար չի լինում,- նշեց երգչուհին ու հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ,- ես կողմ չեմ, որ շատ տեսահոլովակներ են նկարահանում, կարծում եմ, տարվա մեջ երկու տեսահոլովակը լրիվ բավարար է հայաստանյան պայմաններում. նկատի ունեմ մեր փոքր պետության համար այդքանը բավարար է, քանի որ մեծ շուկա չկա, որ մի բանից հետ մնաս»:

Անդրադառնալով Մարգարիտա Բարխոյանի երգացանկի ժանրային փոփոխությանը, այն հարցին, թե 6/8 ժանրի երգեր ունենալը սեփական ցանկությունների հետ է կապված, թե իր հանդիսատեսի ցանկության, երգչուհին պատասխանեց. «Ես երբեք չեմ երգում այն, ինչ այսօր սպառվում է, քանի որ արվեստում օրենքներ չկան ու  ոչ մեկ չի կարող թելադրել, թե ինչ երգեր են պետք կատարել: Ես, իսկապես, այդ ոճը շատ եմ սիրում, և քանի որ ես եմ այդ երգերի թե երաժշտության, թե խոսքերի հեղինակը, հետևաբար դրանք հոգուց են գալիս, եթե չսիրեի, բնականաբար չէի գրի նման երգեր: Ինձ համար դրանք ուրախ, պարային երգեր են, երբ կա բարձր տրամադրություն, ինչո՞ւ լսել արտասահմանյան երգեր, եթե կարող ենք հայկականը լսել, պետք է ունենալ մերը: Եթե հայկական  մեղեդային երգերը լսում, հուզվում ենք և արվեստ ենք համարում, նույն կերպով էլ կարող են պարային երգերը արվեստ համարվել: Նման երգերը և ես եմ սիրում, և հանրության կողմից իմ կատարմամբ ամենալավ ընդունված երգերի շարքում են»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին