«Ես ծնվել և մեծացել եմ ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության հարևանությամբ, իմ բոլոր ընկերները կոմպոզիտորների երեխաներն էին և, կարծես, մանկությունս էլ հենց այդ շենքում է անցել… Չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի դասական համերգներ էին այնտեղ անցկացվում և, առհասարակ, ինչպիսի մարդիկ էին այցելում տվյալ միություն: Ցավոք, այսօր այդ շենքը չկա, այսինքն` շենք կա, սակայն ամբողջովին փլատակ է` թե ներսից, թե դրսից»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգիչ և, պարզապես, մտահոգ քաղաքացի Արթուր Իսպիրյանը:
Նրա կարծիքով, որքան էլ որ ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանի և նրա թիմի` մթնոլորտը վերականգնելու և ինչ-որ բան փոխելու ցանկությունը մեծ լինի, միևնույն է, այդ ամենի համար ֆինանսներ են պետք.
«Միության շենքը համարվում է պատմաշակութային և հենց այդ պատճառով էլ դրա արտաքին տեսքը վերականգնելու համար պետք է ամեն բան արվի: Ի վերջո, տվյալ շենքը նաև քաղաքի խորհրդանիշներից մեկն է համարվում, և ճարտարապետները այն կառուցելիս ամեն բան հաշվի են առել, թեև այսօր շենքը չունի իր նախկին վեհաշուք տեսքը, քանի որ «կորել» է ավտոտնակների պատճառով. գրեթե ոչինչ չի մնացել նաև գեղեցիկ պարտեզից: Ներքինի մասին էլ պարզապես լռում եմ, քանի որ անհոգի մի վայր է դարձել` այն դեպքում, որ միությունն ունի հրաշալի ճարտապետություն, դահլիճներ…»:
Արթուր Իսպիրյանի խոսքով` խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ կոմպոզիտորների միությանը կից շենքի բնակարանները սկսել են վաճառվել ոչ կոմպոզիտորների.
«Ամեն մարդ, ով գումար և այդ վայրում ապրելու ցանկություն ուներ, կարողանում էր տվյալ շենքում բնակարան գնել, իսկ կոմպոզիտորներն էլ, ովքեր այդտեղ ապրելու հնարավորություն չունեին, վաճառում և հեռանում էին: Իսկ բնակարանների նոր տերերը, չլինելով կոմպոզիտորներ, սրտացավորեն չէին մոտենում ոչ շենքին, ոչ էլ դրա խնդիներին: Պարզապես, պետք չէ վերացնել մեր խորհրդանիշները. Երիտասարդական պալատը, կրկեսը, Փակ շուկան, ամեն ինչ վերացրեցին: Ի դեպ` Փակ շուկա նույնիսկ չեմ կարողանում մտնել, այն պարզապես ինձ համար չկա, որովհետև այնտեղ հոգի չկա»:
Արթուր Իսպիրյանն ապա հավելեց, որ այս ամենի հիմքում սովորական անարգանքն է.
«Եթե կոմպոզիտորների միությանը չեն հարգում, ուրեմն` կոմպոզիտորին չեն հարգում, հետևաբար, չեն հարգում նաև երգչին և, առհասարակ, մշակույթը և ազգին: Հսկայական գումարներ են ծախսում տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար, բայց ուշադրություն չեն դարձնում այդ պատմամշակութային շենքին, որը բառիս բուն իմաստով փլվում է: Այս ամենը, իհարկե, նաև Արամ Սաթյանի մտահոգությունն է, ով, լինելով հրաշալի կոմպոզիտոր, առանց գումարի ոչինչ անել չի կարող: Եթե այսպես շարունակվի և պետությունը չզբաղվի այս խնդրով, առաջարկում եմ հաշվեհամար բացել և գումարներ փոխանցել, որպեսզի միասին վերականգնենք և փրկենք այս պատմամշակութային շենքը»,- Asekose.am-ի թղթակցին ասաց Արթուր Իսպիրյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան