Life.panorama.am-ը գրում է. «32 ատամ» հումորային ակումբի հիմնադիրներից ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանը զրույցում անդրադարձավ Հայաստանում հումորի բացակայությանը, «32 ատամ»-ի հնարավոր վերադարձին ու թատրոնի խնդիրներին :
«Ես գիտեմ, որ հեռուստադիտողը սիրում է, որ արտիստը անընդհատ հիշեցնի իր մասին, բայց եթե այսօր եթերում չենք, դա չի նշանակում, որ գործունեություն չենք ծավալում: Այսօր մենք զբաղվում ենք թատրոնով, իսկ թատրոնը մի անհուն աշխարհ է, որտեղ հիմա շատ աշխատանքներ ենք անում, և ուղղակի ժամանակը չի բավականացնում հեռուստատեսային նախագծերի համար: Իհարկե, մտքեր կան, որ ապագայում նորից ստեղծենք հեռուստատեսային լավ արտադրանք, բայց հումորի մասով այսօր խնդիրը բարդացել է, քանի որ բոլորը սկսել են հումոր անել՝ սկսած մեր երկրի ամենալուրջ մարդկանցից, բոլորը անցան այդ դաշտ, արդյունքում մենք էլ որոշել ենք լուրջ գործունեությամբ զբաղվել, թեպետ մեր ներկայացումների մեջ կա երգիծանքն ու սուր միտքը, դա մեր գենետիկական կոդն է արդեն»,- զրույցում նշեց նա:
«32 ատամ» հումորային ծրագրի հեռուստաեթերից հեռանալու պատճառների մասին Վահագը խոսելիս նշեց. «Երբ մեծանում ես, հումորն էլ է մեծանում, պահանջներդ էլ է մեծանում, միգուցե մեր հասարակությունը առայժմ պատրաստ չէ հումորը ընկալելուն, մեզ մոտ դեռ գործում է պարոդիա հասկացությունը, դրանից բխող մարդկանց պոռթկումները, «կպան ընձի, վրովս հումոր արին» որակները դեռ կան»:
Երկար տարիներ հեռուստաեթերից ծիծաղ պարգևած Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հեռուստատեսությամբ ներկայացվող հումորի վերաբերյալ տվեց իր գնահատականը. «Հումորի ընկալումը շատ լայն հասկացողություն է, ամեն մարդ իր մակարդակին հարիր հումոր է ման գալիս և ծիծաղում է այդ ամենի վրա: Պարտադիր չէ, որ իմ արած հումորի վրա ամբողջ Հայաստանը առավոտից երեկո ուշքի չգա, ես դրան չեմ էլ կարող հասնել, որովհետև դա հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա հեռուստաեթերում առկա հումորին՝ կասեմ հետևյալը՝ ինչպիսի կյանք, այդպիսի հումոր: Ես, երևի, ամենադժբախտ մարդկանցից եմ, քանի որ շատ դժվարությամբ եմ ծիծաղում, դա երևի գալիս է նաև մասնագիտությունից, քանի որ մի բան լսելիս գիտեմ, թե վերջն ինչ է ասվելու,- նշեց նա ու հավելեց,- ես ցավում եմ, որ նոր սերունդ չունենք, նոր երիտասարդը չկա ու նոր սուր միտքն անողը չկա, ինչը դարձյալ գալիս է կենսամակարդակից: Հումորով զբաղվելը սրա-նրա պարոդիան անելը չէ, հումոր ունենալու համար պետք է լինես կրթված, պետք է գիրք կարդաս, ֆիլմ նայես, թատրոն գնաս և ունենաս ուրույն մտածելակերպ, տեսանկյուն»:
Հարցին՝ ի տարբերություն տարիներ առաջվա, ինչո՞ւ է այսօր այսչափ քննադատվում հայկական հեռուստաեթերում առկա հումորը, Վահագը պատասխանեց. «Ժամանակին կար շատ մեծ ու լայն դպրոց, որտեղ պարտադիր չէր լինել դերասան, միայն հարկավոր էր ունենալ առողջ հումոր և այն ընկալելու հատկություն. խոսքս КВН-ի մասին է: Մենք վերջին սերունդն եք, ովքեր հավաքեցին պրոֆեսիոնալ КВН-ի խումբ, մենք բախտ ենք ունեցել դրա բեմից արտերկրում ներկայացնել հումոր ու ծանոթանալ արտերկրի օրինակներին, իսկ այսօրվա ԲՈՒՀ-երում սովորողը պարապ երիտասարդն է, ովքեր պատրաստ են գնալ այնտեղ, որտեղ հանրահավաք է»: Երիտասարդներին այս հարցում օգնելու ճանապարհը ռեժիսորի համար մեկն է. «Երիտասարդներին օգնելու համար մեր դռները մշտապես բաց են, ուղղակի իրենց կյանքը պետք է սկսվի դեռ բուհերից, բայց սա էլ գալիս է կենցաղից. ուսանողը մի թեթև անհոգություն պետք է ունենա, բայց նա այսօր իր դարդը շալակած, հազիվ ուսման և տան վարձի մասին մտածելով մի կերպ ապրում է, էլ ուր մնաց գնա մի հատ էլ КВН խաղա»,- շեշտեց Վահագն Գրիգորյանը:
ԱՌավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում