life.panorama.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը պատմեց, որ առաջիկայում իր երկրպագուների համար շատ հաճելի անակնկալ է պատրաստում. «Իմ «Բարև» կոչվող երգի հիման վրա ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ միասին տեսահոլովակ ենք նկարահանում, որը շատ ուրախ, առանց հատուկ լուրջ բովանդակության, պոզիտիվ երգ է, որի նկարահանումները արդեն իսկ իրականացրել ենք, - նշեց երգչուհին և պատմեց «Բարև» երգի տեսահոլովակի նկարահանումների մասին,- նկարահանումները իրականացրեցինք Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում, Կասկադում և Հանրապետության հրապարակում, ու քանի որ նկարահանումները իրականացվում էին դրսում, ուստի, ի ուրախություն ինձ, շատ անծանոթ մարդիկ էին հավաքվում՝ թե տեղացիներ, թե սփյուռքահայեր, և թե օտարազգի զբոսաշրջիկներ, ինչը իսկապես էլ ավելի ուրախ ու տպավորիչ դարձրեց մեր նկարահանումները: Այս առումով հատկանշականն այն եղավ, որ մեզ մոտեցող անծանոթ մարդիկ դարձան տեսահոլովակիս հերոսները ու այդ ամենը ամբողջովին համապատասխանեց երգիս տրամադրությանը»: Ալլա Լևոնյանի նոր տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնի, հավանաբար, աշնանը. «Չեմ ուզում շտապել ու հապշտապ այն ներկայացնել հանդիսատեսին, քանի որ ցանկանում եմ մանրամասն անցնի մոնտաժային փուլ »,- նշեց երգչուհին:
Ալլա Լևոնյանը զրույցի ընթացքում պատմեց, որ անընդհատ մասնակցում է տարբեր համերգների և միջոցառումների, որոնց մեծամասնությունը տեղի են ունենում արտերկրում:
Անդրադառնալով ժամանակակից երգարվեստին՝ երգչուհին նկատեց, որ հնչող բացասական կարծիքների մեղավորությունը, ըստ նրա հեռուստաընկերություններն են. «Ես ոչ թե երգիչներին կփնովեմ, այլ կշեշտեմ, որ այն բացասական իրավիճակը, որ այսօր կա այս բնագավառում, դա հեռուստաընկերությունների խնդիրն է, որովհետև երգիչներ կան, ովքեր հրաշալի կատարողներ են, գուցե, բեմական երգիչներից շատ ավելի պատրաստված են թե ձայնային տվյալներով, թե տեխնիկապես, բայց նրանք համապատասխան են ռեստորաններում երգելուն, երգիչներ կան, ովքեր ակումբային են՝ նորից լավ առումով, կան երգիչներ, ովքեր մրցութային են: Կան երգիչներ էլ, ովքեր շատ ավելի ընդունված են Սփյուռքի կողմից, մի խոսքով մենք ունենք տարբեր ոլորտների երգիչներ, ովքեր ամեն մեկն իր տեղն ունի ու իր տեղում պետք է երգի, հիմա այս ամենը խառնվել է իրար և առաջինը այդ հարցում հեռուստաընկերությունները նշանակություն ունեցան, նրանք ամբողջը խառնեցին՝ մի հարթակին ցուցադրելով բոլորին, ինչը ճիշտ չէ,- նշեց Ալլա Լևոնյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում