▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ասպարեզում շատ քիչ մաքուր մարդ է մնացել. Գոռ Հարությունյանը` շոու բիզնեսի մասին

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ, դերասան Գոռ Հարությունյանը ընդամենը օրեր հետո, իր իսկ խոսքերով, վերջապես հանդիսատեսի դատին կհանձնի իր առաջին ՝«Շարքային Հարությունյան» երգի հիման վրա տեսահոլովակը, որի ռեժիսորն է երգիչ Մհերը:

Զրույցում Գոռը տեղեկացրեց, որ երկար է սպասել այս տեսահոլովակին. «Սա իմ առաջին և շատ սպասված տեսահոլովակն է: Ես գիտեմ, որ ռիսկային էր առաջինը ներկայացնել հենց բանակի մասին երգ, բայց այն շատ լուրջ և կարևոր դպրոց է մեր կյանքում ու ես ճիշտ համարեցի, որ իմ առաջին տեսահոլովակը լինի հենց այդ թեմայով, այսպես, թե այնպես սիրո մասին երգեր դեռ կհասցնեմ երգել»,- նկատեց Գոռն ու հավելեց, որ հանդիսատեսն էլ արդեն սովոր է տեսնել իրեն զինվորական համազգեստով:

Զրույցի ընթացքում հիշելով անցած փորձը՝ Գոռը պատմեց, որ «Սուպեր սթար» երաժշտական ծրագրից հետո ֆիլմում նկարահանվելու առաջարկը շատ խորթ է ընդունել, բայց հենց «Քաղաքում»-ի Վարուժը իրեն շատ մեծ հաջողություններ է բերել, ավելին, նրա պնդմամբ հաճախ մարդկանց արձագանքները լսելիս էլ ավելի է ոգևորվել. «Իմ կյանքում երևի հենց այսպես էլ ամեն բան պետք է դասավորվեր: Մինչ այսօր ես կարող եմ լսել մարդկանց խոսակցությունները, որ ասում են՝ «Տեսեք «Սուպեր սթար»-ի Վարուժը», սա ինձ համար նշանակում է, որ, ի ուրախություն ինձ, ես հասցրել եմ սիրվել և ընդունվել և որպես երգիչ, և որպես դերասան: Եվ սրանից էլ ելնելով ես չեմ հրաժարվի այս երկու ոլորտներից, ինչպես ողջ ֆիլմի ընթացքում չհրաժարվեցի երգից, ճիշտ է, տեսահոլովակներ չեղան այդ ընթացքում, բայց ես միշտ երգել եմ, հիմա էլ, երբ երգում որոշել եմ բաց թողածս լրացնել, միևնույն է, ֆիլմերում խաղալու լավ առաջարկներն էլ չեմ մերժի»,- պատմեց երգիչը և հավելեց, որ առաջին տեսահոլովակից հետո պարտավորություն կզգա երգարվեստում նոր թափ հավաքելու և նոր տեսահոլովակներ թողարկելու համար:

Հարցին, թե Հայոց բանակի մասին երգից հետո, ո՞ր ոճում հեռուստադիտողը կտեսնի Գոռ Հարությունյանին, երգիչը պատասխանեց. «Ի՞նչ է սիրում էսօր մեր ժողովուրդը՝ 6/8, ռումբա, որոնք պատմում են սիրո մասին: Երևի, ավելի շատ այս ոճի մեջ կլինեն, որպեսզի կարողանանք և ուրախացնենք մարդկանց, և պարացնենք, ինչի չէ, մենք էլ մի քիչ փող աշխատենք, մենք էլ ենք մարդ»:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը քննադատում  և փնովում են այս ոճերը, բայց շարունակում են երգել հենց նման երգեր, երգիչը նկատեց. «Եթե մի բան ասում ես չէ, ուրեմն մինչև վերջ թե գործով, թե խոսքով պետք է դա ասես, եթե պետք է ասես, որ լավ չի 6/8-ը ու ամբողջ օրը 6/8 լսես, երգես ու դրանով գումար աշխատես և ընտանիք պահես, կարծում եմ, չարժե փնովել: Ես չեմ ասում, որ 6/8-ը շատ լավ բան է, պարզապես այսօր այդ չափը մարդկանց ուրախություն է պատճառում, երգիչներն էլ կարողանում են շատ հեշտ դրանով գումար աշխատել»: Այս թեմայի շուրջ հարցին, թե նման մտածելակերպից չի՞ տուժում արդյոք արվեստը, Գոռ Հարությունյանը շեշտեց. «Ինձ թվում է արվեստը արդեն շատ շուտվանից է տուժվել: Մենք կարող ենք նայել թատրոններին և հասկանանք, որ արվեստը իրոք շատ ուժեղ տուժվել է արդեն, որովհետև այսօր թատրոնի դերասանը ամսական ստանում է 30-40.000 դրամ աշխատավարձ»: Իսկ որքանո՞վ է ճիշտ մտածել, թե արվեստը արդեն տուժել է և շարունակել այն խեղաթյուրել հարցին էլ ի պատասխան՝ երգիչ-դերասանը նկատեց. «Կարծում եմ, այն, ինչ-որ շատ ես սիրում, միևնույն է, դա միշտ գնահատում ես: Արվեստը մեր բոլորի մեջ կա, լավ և ճիշտ երաժշտությունը յուրաքանչյուրի ականջին էլ հաճելի է և յուրաքանչյուրն էլ հասկանում է, թե որն է լավն ու վատը: Պարզապես մեր օրերում կարծիքները, ճաշակն ու պահանջը խառնվել են իրար, ու չգիտեմ՝ դրանից ինչ կարող ենք եզրակացնել, գուցե մենք արդեն անդունդի եզրին ենք, բայց հետդարձի ճանապարհը շատ դժվար է: Պետք է նկատել, որ այս ամենը եկել է մեր երկրի սոցիալական վիճակից, եթե ամեն բան իր տեղում լիներ, կարծում եմ, այն երգիչը, ով կյանքում չի երգել և չի էլ կարողացել երգել 6/8, նա երբեք չէր էլ երգի, եթե փող աշխատելու կարիք չլիներ: Դերասանն էլ թատրոնում իր էտյուդները կխաղար, ոչ թե ինչպես այսօր է, երբ դերասանը արդեն հանդիսավար է դարձել, բայց մեղադրելու չէ: Երգիչներ կան, որ տարիներ առաջ չէին մտածի, որ ակումբում պետք է երգեն, բայց ի՞նչ անեն, երբ փող է պետք վաստակել, ամենահետաքրքիրն էլ այն է, որ այսօր գնում ես ակումբ և այնտեղ էլ ես 6/8 լսում, այսօր ռեստորանի հաճախորդը արդեն գալիս է ակումբ և այստեղ կրկին 6/8 է պատվիրում, իսկ երգիչն էլ իր աշխատանքը պետք է անի՝ պետք է երգի: Մեր ազգը մի այնպիսի հարցի շեմին է, որ ամեն մեկը ոնց կարողանումա, փողա աշխատում, հարցի այլ կողմն է հասկաանալով, թե չհասկանալով, բայց ինձ թվում է, լավ էլ հասկանում են, մարդը այսօր չի մտածում լավ է, թե վատ, նա փող է աշխատում, իսկ եթե մեկն էլ հասկանում է, որ դա պետք է չանի, նա պարզապես գնում է երկրից»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին