Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Աննա Խաչատրյանն այսօր տեղեկացրեց, որ շատ շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բաղմանչի» երգի հիման վրա: «Չեմ ուզում շատ մանրամասնել նոր աշխատանքիս մասին, միայն կասեմ, որ արդեն ավարտվել են նոր տեսահոլովակիս նկարահանումները, և կասեմ նաև, որ նոր աշխատանքումս ինձ կտեսնեն նոր կերպարում, նոր գույներով, նոր ոճով, ինչի շնորհիվ որոշ չափով կզարմացնեմ բոլորին»,- պատմեց երգչուհին:
Հեռուստատեսությամբ վերջին տարիներին խիստ հազվադեպ երևացող երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց իր պասիվության պատճառների մասին. «Այո, վերջին շրջանում հեռուստատեսությամբ քիչ եմ հանդիպում, բայց դրա պատճառը ես չգիտեմ, դա պետք է հենց հեռուստատեսությունների աշխատողներին հարցնել: Բազմիցս առիթ եղել է, ես էլ եմ հարցրել, բայց մշտապես լսել եմ հետևյալ պատասխանը՝ «Վայ ինչ ես ասում, մենք միշտ էլ մեր եթերում դնում ենք քո տեսահոլովակները», բայց փաստը մնում է փաստ, որ իմ տեսահոլովակները շատ հազվադեպ են հանդիպում եթերում»,-նշեց Աննան՝ հավելելով, որ նա ոչ մի հեռուստաընկերության հետ կոնֆլիկտային հարաբերություն չունի:
«Եթե հեռուստատեսությամբ հաճախ չեմ երևում, ապա համացանցում նման խնդիր չկա, հետաքրքրվողներն էլ հենց համացանցի միջոցով տեղեկանում են իմ գործունեությունից: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր երգչի կյանքում, ինձ մոտ էլ լինում են պասիվ շրջաններ, բայց, ընդհանուր առմամբ, ես աշխատում եմ, և երբեք չեմ ասում՝ վերջ, ես այլևս ոչինչ չեմ անելու, ես հիասթափվել եմ իմ մասնագիտությունից»,-հավելեց նա:
Մեզ հետ զրույցում խոսելով մշտապես քննադատությունների կիզակետում հայտնվելուց՝ Աննա Խաչատրյանը ընդգծեց, որ քննադատություններին վատ չի վերաբերվում. «Ես շատ եմ ողջունում առողջ քննադատությունները և հետևություններ եմ անում դրանցից՝ փորձելով անալիզ անել ներսումս և ինչ-որ բաներ փոխել: Իսկ ինչ վերաբերվում է աննպատակ քննադատություններին, ապա դրանք ինձ համար ծիծաղելի են,- նշեց նա և հավելեց,- հայաստանյան հանդիսատեսը ծայրաստիճան դժգոհ և պահանջկոտ է, ինչից էլ քննադատ է դառնում, դա գուցե մեր երկրի ընդհանուր սոցիալ-քաղաքական մթնոլորտից է, որն էլ ազդում է մարդկանց վրա, բայց պետք է ասեմ, որ նրանց պահանջները ոչ միշտ են որակի և ճաշակի էտալոն, այսինքն՝ շատ անգամ պահանջվում է անորակ և անճաշակ գործեր ու դրանք ընդունվում են: Բայց ես այդ պահանջին չեմ հետևում, քանի որ մինչ այսօր ոչ մի անորակ և անճաշակ գործով հանդես չեմ եկել, ինձ համար կա որոշակի սահման, որից ցածր ես երբևէ չեմ ներկայանա, անկախ նրանից, թե դա ինչ աստիճանի պահանջարկ կունենա: Ես ունեմ որակի սահման և ինձ չեմ կարող այդպիսի ճոխություն թույլ տալ և իջեցնել այդ սահմանը, դա անելուց հետո ես ինձ չեմ հարգի: Ես կանեմ գործ, որը համապատասխան կլինի ժամանակակից պայմաններին, բայց որը կլինի, անպայման, որակով և ճաշակով»:
Երգչուհին անդրադառնալով անձնական կյանքին ՝ նշեց. «Իմ անձնական կյանքում, ցավոք սրտի, դեռ փոփոխություններ չկան, և, կարծես թե, դեռ փոփոխություններ չեն էլ սպասվում,- նշեց նա և այս առումով հարցին, թե անձնական կյանքում պահանջկոտ է արդյոք իրեն համարում, երգչուհին նկատեց,- շատ պահանջկոտ եմ այդ առումով, ավելին ասեմ, եթե այսօրվա Աննային համեմատում եմ տասը տարի առաջվա Աննայի հետ, ապա նկատում եմ, որ առաջվա Աննան շատ ավելի թեթև էր վերաբերվում տղամարդկանց թերություններին, հիմա շատ ավելի ծանր և բծախնդրորեն եմ մոտենում դրանց, վստահ եմ, որ գնալով այդ բծախնդրությունը էլ ավելի կխորանա»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում