▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կփորձեմ այդ առումով մեծամտությամբ չտառապել. Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս տարբեր սերիալներում և ֆիլմերում: Այս պահին դերասանուհին նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Ինգայի կերպարը: Asekose.am-ի թողթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ փորձելով պարզել «Սուպեր մամա» ֆիլմից հետո իր ճանաչումն ավելի ամրապնդելու, «Բախտաբեր» սերիալում նկարահանվելու առաջարկի և իր հետագա անելիքների մասին:

Մեզ հետ զրույցում Անի Խաչիկյանը, շնորհակալություն հայտնելով իրեն անդրադառնալու համար, հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ նշելով, որ ինքն ընդհանրապես հարցազրույցներ չի տալիս:

Թե որն է իր՝ ոչ այքան հաճախ հանդիպող դիրքորոշման պատճառը, դերասանուհին պատասխանեց.

«Դա միայն իմ ցանկությունն է, որ այս պահի դրությամբ ես ոչ մի տեղ չկամ: Ինքս շատ լավ հասկանում եմ, որ հարցազրույներն իրենց տեսակով արդեն իսկ PR-ի տեսակներից մեկն են: Բայց պետք է նշեմ, որ այսքան ժամանակ ես չեմ հանդիպել որևէ մի հարցազրույցի, որը որ, իսկապես, կբացահայտի տվյալ անձի մասին շատ կարևոր տվյալներ կամ, օրինակ, շատ կարևոր նյութ կլինի հասարակությանը սնուցելու համար»,- պարզաբանեց Անին:

Այն նկատառմանը՝ միգուցե այդ ամենի պատճառը նա է, որ մինչ այս իրեն պարզապես չեն հնչեցվել  այն հարցերը, որոնց որ Անին կցանկանար պատասխանել, դերասանուհին ասաց, որ չի ցանկանում, որպեսզի այս ամենի մեղքն ընկնի լրագրողների վրա, ապա հավելեց, որ իր կարծիքով պարզապես ինքը դեռ այն տարիքում չի կամ այնպիսի մի բան չի արել, որի մասին որ պետք է պատմի և որը որ հանդիսատեսին, իսկապես, հետաքրքիր կլինի.

«Իհարկե, կգտնվեն լրագրողներ, ովքեր հետաքրքիր հարցեր կտան, բայց ես մինչ այսօր դեռ նկարահանվել եմ սերիալներում և մի քանի ֆիլմերում: Կարծում եմ՝ դեռ որևէ ահռելի գործ չեմ արել, որ դա ներկայացնեմ մարդկանց: Ինքս գիտեմ իմ աշխատանքի արժեքը և բացարձակ չեմ ուզում դա ինձ համար PR-ի միջոցներից մեկը սարքել. կփորձեմ այդ առումով մեծամտությամբ չտառապել»- նշեց Անի Խաչիկյանը:

Ինչպես նշում է դերասանուհին՝ Հայաստանում հանրային մարդ ասվածն արդեն կորցրել է իր արժեքը, քանի որ այսօր, ըստ նրա, հանրային մարդ է համարվում հեռուստատեսությամբ երևացող ամեն երկրորդ մարդը:

«Բացի այս ամենը, պետք է նշեմ, որ նկարահանվելով տարբեր նախագծերում՝ ստացվում է, որ արդեն իսկ մարդկանց մատուցում եմ իմ աշխատանքը, որի մասին նրանք կարող են կարծիք կազմել. կարծում եմ՝ այսքանից հետո խոսելու կարիք ամենևին չկա: Եթե անհրաժեշտությունը գտնեմ, ապա ես իմ մասին կխոսեմ մի քանի տարի հետո, երբ կհամարեմ, որ իրոք ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու»,- իր խոսքը եզրափակեց դերասանուհի Անի Խաչիկյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին