168.am-ը գրում է. Նախօրեին հայկական ժամանակակից դրամարկղային ֆիլմերը 10 բալանոց սանդղակով վերլուծած, որպես կինոքննադատ ներկայացող Դիանա Մարտիրոսյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ հրապարակավ հայտարարել է այն մասին, որ հայկական ֆիլմեր դիտելու ցանկություն, որպես այդպիսին, չունի, հայկական ֆիլմերի դեպքում չկա պրոֆեսիոնալիզմ, կան շատ «կիքսեր», արդյունքում՝ հայկական ֆիլմ դիտելիս սկսում ես նյարդայնանալ, և այլն: Վերլուծելով կոնկրետ ֆիլմեր, կինոքննադատը եկել է այն եզրակացության, որ, օրինակ, «Սուպեր մամա» ֆիլմից հետո հիասթափված է դերասան Հայկ Մարությանից, «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմը վատ կրկնօրինակում է, «Կիսալուսնի ծովածոց» ֆիլմից «սնոբիզմի» հոտ է գալիս, բայց շատ սիրուն է նկարահանած, «Վրիժառուի օրագիրը» «B» կլասի ֆիլմ էր, իսկ «Ուրիշի փոխարեն» ֆիլմն իր կողմից նկատողության արժանացրեց դերասան Սոս Ջանիբեկյանին: «Սոս Ջանիբեկյանը տուֆտա դերասան ա»,- ասել էր Դիանա Մարտիրոսյանը:
168.am-ը զրուցեց կինոքննադատի հետ (ով, ի դեպ, մասնագիտական կրթությամբ լրագրող է), պարզելու՝ մեծ աղմուկ բարձրացրած «վատ գնահատականների» արժանացած ֆիլմերի մասին նրա «մասնագիտական» կարծիքը: Դիանան ինքն իր մասին պատմեց՝ սիրում է արվեստ, չի սիրում սովորել, գերադասում է ներկայանալ՝ որպես կինոքննադատ, բայց՝ ոչ կինոգետ, որովհետև, ըստ նրա, կինոգետ ներկայանալու հավակնություններ պետք է ունենան այն մարդիկ, ովքեր լուրջ հոդվածներ են գրում: Իր մասին նաև ասաց, որ բնավորությամբ չարաճճի է, ինչն իրեն օգնում է սկանդալներ ստեղծելու հարցում, ինչից ինքն առանձնապես չի խուսափում: Միակ անպատասխան հարցը, որ մնաց ինձ մոտ կինոքննադատի հետ մեր հանդիպումից հետո, հետևյալն էր՝ հիմա Դիանան կինոքննադա՞տ է, թե՞ սկանդալիստ: Անպատասխան հարցս արդյունքում այլ հարց է առաջ բերում՝ ո՞վ կարող է և ո՞վ իրավունք ունի քննադատի անունից հանդես գալ և քննադատել կինոն ու համարվել կինոքննադատ: Պարզվեց նաև, որ Դիանան, այնուամենայնիվ, ուսանել է Թատերական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետի մագիստրատուրայում:
– Դիանա, սիրո՞ւմ եք սկանդալների կենտրոնում հայտնվել:
– Հա, երևի… Ես էմոցիոնալ ու ճշմարտախոս մարդ եմ: Պարզապես ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դու քեզ կամ քո խոսքը կմատուցես:
– Ձեզ դո՞ւր է գալիս տեղական սկանդալների որակը, որովհետև նախօրեին ձեր հայտնի գնահատականներով՝ դուք այսօր արդեն սկանդալի կենտրոնում եք հայտնվել: Բոլորը քննարկում են, ոմանք նեղացած են, և այլն:
– Եթե համեմատենք միաջազգային որակի սկանդալների հետ, ապա՝ ոչ, իհարկե, ինձ համար սկանդալը Մոնիկա Լևինսկու սիրային կապի բացահայտումն էր Քլինթոնի հետ, կամ, որ Լեդի Դին հանդիպում է Դոդի Ալֆաեդի հետ: Երևանյան սկանդալները, իհարկե, ճղճիմ են, ինչ խոսք, բայց, օրինակ, երեկ ես հրապարակավ հայտարարել եմ, որ հիասթափված եմ դերասան Հայկ Մարությանից, և նա այդ մասին անպայման կիմանա, որովհետև, նախ՝ ընկերներ ենք «Ֆեյսբուքում» և բազմաթիվ ընկերներ ունենք իրական կյանքում … ի վերջո, կհանդիպենք, չէ՞, մեր փոքր քաղաքում:
– Մի քիչ զարմանալի է. ո՞ր դեպքում կարող է կինոքննադատի օբյեկտիվ գնահատականը սկանդալի տեղիք տալ: Միգուցե ազգային մենթալիտետն էլ է իր գործն անում:
– Հա, ազգային մենթալիտետի առումով՝ հաստատ համաձայն եմ, մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, գովեն: Օրինակ, երեկ այդ գնահատականների հրապարակումից հետո փաբում հանդիպում եմ իմ ընկերոջը՝ Սոս Ջանիբեկյանին, և ասում նրան, որ հաջորդ հոդվածում իր մասին եմ խոսելու, ու, եթե հանկարծ կարդաս հոդվածը՝ «Սոս Ջանիբեկյանը տուֆտա դերասան ա. Դիանա Մարտիրոսյան. կինոքննադատ», չզարմանաս, կարող է նման բան պատահել: Իհարկե, «տուֆտա» բառը դժվար օգտագործեմ, բայց երևույթի մասին եմ խոսում: Նա ասեց՝ լավ, ու էլի մի քանի բան ավելացրեց, որ տպագրելու համար չի… Ասեցի, բայց ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ լավ ֆիլմը, օրինակ, «Достучаться до небес»-ն է…
– Բայց արդյո՞ք տեղին է Սոս Ջանիբեկյանից ակնկալել ձեր նշած ֆիլմի որակին մոտ մի բան:
– Որ ինքը սիրի՞, թե՞ նկարվի նման ֆիլմում:
– Նկարահանվի, որովհետև հայտնի չէ, թե նա, օրինակ, ի՞նչ նախընտրություններ ունի կինոյում, դա իր սուբեկտիվ խնդիրն է՝ ճաշակի հարց:
– Հա, միանշանակ համաձայն եմ: Իրականում այդ ֆիլմն էլ «պոպսա» է՝ նկարահանված փոքր բյուջեով, շատ պարզ լեյտմոտիվով ու սցենարով: Ես Թիլ Շվայգերին սիրում եմ, բայց նա լավ դերասան չի, մեծ դիապազոն չունի, նա դրամատիկ դեր չի ուզում, չի կարող և բազմիցս ասել է, որ չի պատրաստվում կերտել: Բայց, եթե նա, լինելով գեղեցիկ տղա, կարող է նկարվել այդպիսի ֆիլմում, ապա ինչի՞ Սոսն էլ չի կարող նույնը անել՝ լինելով գեղեցկադեմ տղա: Ես կուզենամ՝ մենք նկարենք այդ որակի կոմեդիա, հասնի Բեռլին, ու բեռլինցիները նայեն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում