▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ КВН էինք խաղում` վերարկուներով նստում էինք ցուրտ սենյակում և սոված սցենար գրում. Արմեն Թադևոսյան

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան, սցենարիստ և հաղորդավար Արմեն Թադևոսյանը  պատմել է, որ չնայած հեռուստադիտողի մոտ այն տպավորությունն է, թե «Comments»-ը արձակուրդային շրջանում է, բայց, իրականում, նա մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է հաջորդ՝ նոր եթերաշրջանին, բացի այդ՝ նոր եթերաշրջանում նոր նախագծեր էլ են պատրաստվում:

Այն, որ հայկական հեռուստատեսությունները ամռանը հանգստանում են և այս ընթացքում մեծամասամբ ներկայացվում են նախորդ հաղորդումների կրկնությունները, Արմեն Թադևոսյանի համար նորմալ է, նրա կարծիքով թյուր է այն տեսակետը, թե հեռուստատեսությունները ամռան երեք ամիսներն անգործության են մատնված.

«Դա ընդունված աշխատելաոճ է, ամռանը հաղորդումները ևս պետք է հանգստանան, որ սեպտեմբերից նոր եթերաշրջանով հանդես գան: Հանգիստը պետք է, այն կենցաղային քմահաճույք չէ»,- նշել է նա:

Արմեն Թադևոսյանը ընդգծել է նաև, որ սեպտեմբերին արդեն 3.5 տարի գործող «Comments»-ը նոր էջերով կներկայանա.

«Մեր հեռուստադիտողը օրեցօր ավելանում է, ուստի հենց նրանց համար էլ առաջիկայում «Comments»-ը կհամալրվի նոր էջերով»:

Սցենարիստը նկատել է, որ «Comments»-ի «պաշարը» հավաքում է նաև հեռուստադիտողի օգնությամբ.

«Ճիշտ է, հիմնականում ես եմ փորձում գտնել այն, ինչ կցուցադրվի եթերում, բայց չեմ կարող չասել նաև, որ հեռուստադիտողը մեծ քանակի նյութեր է ուղղարկում ինձ, մի տեսակ կոլեկտիվ աշխատանք է տարվում հեռուստադիտողի հետ»,- պատմել է Արմենը:

«Comments»-ի մասին խոսելիս Արմենը նշել է.

«Այո, արդեն մոտ 3.5 տարի է, ինչ «Comments»-ը եթերում է, բայց մարդիկ լսելով դա կարող են զարմացած ասել՝ «լո՞ւրջ ես ասում, արդեն 3.5 տարի», և ես ուրախանում եմ այդ զարմանքներից, որովհետև դա նշանակում է, որ այն չի հոգնեցրել մարդկանց, իսկ դա մեծ աշխատանքի արդյունքն է: Ես չեմ ասում, որ այս հաղորդումը հասել է իր հաջողության բարձրակետին, ոչ, դեռ աշխատանքներ պետք է տարվեն, այն դեռ ավելի լավը պետք է դառնա, որ մարդկանց այդ կարծիքն էլ պահպանենք: Առհասարկ, ես կարծում եմ, որ որևէ աշխատանքով զբաղվելով պետք է անընդհատ գործես մինչև հասկանաս, որ ասելիք այլևս չունես, այդ ժամանակ պետք է կանգ առնել և նոր ծրագրի մասին մտածել»:

Առաջ ընկնել չսիրելու իր բնավորության պատճառով Արմեն Թադևոսյանը չցանկացավ մանրամասնել առաջիկա նոր նախագծերի մասին, միայն խոստացավ, որ դրանք հետաքրքիր կլինեն:

Արդեն երկար տարիներ լինելով ասպարեզում՝ հումորի փոփոխությունների և այդ առումով ժամանակին համընթաց քայլելու վերաբերյալ հումորիստը նշել է.

«Ամեն ժամանակաշրջանում հումորը ունի իր սպեցիֆիկան, իհարկե կան նաև անմահ հումորներ: Մարդը, ով այս ասպարեզում է, պետք է ամեն բան անի, որ հարմարվի տվյալ ժամանակահատվածի հումորին, օրինակ, պետք է հասկանալ, թե ինչի վրա են ավելի շատ մարդիկ ծիծաղում այս պահին, շատ մեծ դեր ունի հումորի ակտուալ լինելը, ես էլ, հաշվի առնելով, որ երկար ժամանկ է, որ կապված եմ հումորի հետ, փորձում եմ ամեն ինչում տեսնել հումարային կողմն ու դա վերածել արտադրանքի. Պետք է անընդհատ առաջ գնաս, հենց կանգ առար, կկորես»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին