Asekose.am-ի տեղեկություններով` ամերիկաբնակ Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը, այս օրերին Հայաստանում է: Տվյալ լուրը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց հեռուստամեկնաբան Արտավազդ Եղոյանը, ով երգչի մտերիմ ընկերներից մեկն է: Արտավազդ Եղոյանի խոսքով` Հարութ Փամբուկչյանը հայրենիքում վերջին տարիներին հաճախ է լինում.
«Շատ է կարոտել Երևանը, որովհետև ինքը հենց այստեղ է մեծացել. մեր պատանեկությունը, առհասարակ, անցել է միմյանց տներում: Մենք շատ հին ընկերներ ենք. նվագում էինք «Էրեբունի» վոկալ-գործիքային համույթում և գիշեր-ցերեկ միասին էինք: Ինքներդ էլ գիտեք, որ Հարութին այստեղ ժողովուրդը շատ է սիրում, ինքն իր հերթին էլ Հայաստանում շատ ընկերներ և ծանոթներ ունի, սակայն իր հիմնական ընկերները ես և Աշոտ Թադևոսյանն ենք, ինչի մասին էլ ամենուր նշում է, նույնիսկ, երբ սեղանի շուրջ ենք լինում: Նշեմ նաև, որ երբ Հարութն ԱՄՆ-ից գալիս է, առաջինը մեր տուն է այցելում»:
Արտավազդ Եղոյանը նաև անդրադարձավ Հարութ Փամբուկչյանի` այս այցի առաջնային նպատակին.
«Հարութի ընկերները նրան հրավիրել են հարսանիքի, որը տեղի է ունենալու վաղը` հունիսի 20-ին: Այնտեղ պետք է երգի, ինչի համար էլ և եկել է Հայաստան: ԱՄՆ վերադառնալու է երկուշաբթի: Ստացվում է, որ Հարութն այստեղ մեկ շաբաթ է անցկացնելու»:
Միաժամանակ, Արտավազդ Եղոյանը չցանկացավ մանրամասնել` արդյո՞ք Հարութ Փամբուկչյանը ելույթ է ունենալու հանրությանը հայտնի մարդկանց հարսանիքին, թե՞ ոչ.
«Նա այստեղ իր ընկերոջ հրավերով է եկել, մնացածը կարևոր չէ, թեև մեր բոլոր ընկերներն էլ հայտնի են հանրությանը»:
Զրույցի վերջում հեռուստամեկնաբան Արտավազդ Եղոյանը հավելեց նաև իրենց ընկերական ավանդույթների մասին.
«Մեր ավանդույթներից մեկն այն է, որ նախ Հարութը պետք է գա մեր տուն, որովհետև հենց այստեղ պետք է ընկերներով հավաքվենք, ինչից հետո էլ ամենուր միասին ենք լինում: Ի դեպ՝ Հարութը գրեթե միշտ որդուս հետ է, նույնիսկ կատակով ասում է, որ իր ընկերը Խաչիկն է, իսկ ես՝ իր ընկերոջ հայրը: Այս պահին էլ միասին Գյումրիում են»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Կնոջս մահից հետո կյանքս նմանվել է սև-ճերմակ, փչացած հեռուստացույցի. Հարութ Փամբուկչյան
Շատ բաներ չեմ կարող կուլ տալ` կարող է բզեմ. երրորդմասցի եմ. Արտավազդ Եղոյան