▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Lucy-ի նոր տեսահոլովակը՝ VEVO ալիքում

 

 

 

 

 

 

Համացանցում է հայտնվել երգչուհի Lucy-ի նոր՝ «Turn Around» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի թրեյլերը, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է: Երգի երաժշտության հեղինակը Գուժն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Նինա Ավագյանը: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսերի՝ Արամայիս Հայրապետյանի հետ, ով նաև նրա ամուսինն է՝ պարզելու տեսահոլովակի նկարահանման մանրամասների և Lucy-ի հետագա ծրագրերի մասին:

«Որոշեցինք տեսահոլովակ նկարահանել հենց այս երգի հիման վրա, քանի որ շատերի կողմից ենք դրական կարծիքներ լսել երգի վերաբերյալ, ինչպես նաև նրա համար, որ այս ստեղծագործությունը հետաքրքրել է նաև ամերիկացի հանդիսատեսին,- պատմեց Արամայիսը՝ հավելելով, որ իրենք մեծ ցանկություն ունեն «Turn Around» ստեղծագործությունը ներկայացնել նաև արտերկրի շուկայում.

«Ցանկությունը մեծ է, սակայն թե որքանով դա կստացվի, որքանով՝ չի ստացվի, ժամանակը ցույց կտա»,- ավելացրեց ռեժիսորը:

Արամայիս Հայրապետյանը տեղեկացրեց այն մասին, որ «Turn Around» տեսահոլովակը տեղադրվելու է նաև Lucy-ի VEVO ալիքում և հուլիսի 13-ին՝ պրեմիերայի օրը, հանրությունն այն դիտելու հնարավորություն կունենա նաև VEVO-ում:

Խոսելով բուն տեսահոլովակի մասին՝ Արամայիսը, չցանկանալով բացել բոլոր փակագծերը, ասաց միայն, որ այն մինիմալ բնույթ է կրում և, քանի որ երգը մարդկային սիրո պակասի մասին է, որպես ռեժիսոր ինքը փորձել է այդ ամենը հետաքրքիր լուծումներով ներկայացնել տեսահոլովակում.

«Փորձելով շատ չմանրամասնել, կասեմ միայն, որ ըստ իս՝ երգը և տեսահոլովակը բավական համահունչ են ստացվել,- նշեց Արամայիսը:

Անդրադառնալով տեսահոլովակի վրա ծախսված գումարին՝ ռեժիսորն ասաց, որ «Turn Around»  տեսահոլովակի վրա, ի տարբերություն «Հիմա» տեսահոլովակի, պետք չէր շատ գումար ծախսել, այլ պետք էր և կարևոր էր ուշադրություն դարձնել գաղափարի վրա՝ փորձելով հետաքրքիր լուծումներ ստանալ:

Asekose.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք իր նոր տեսահոլովակում երգչուհի Lucy-ին այլ կերպարով է ներկայացել, Արամայիսը մանրամասնեց.

«Այս տեսահոլովակում հանդիսատեսը բոլորովին այլ Lucy-ի կտեսնի թե հագուստի և թե, առհասարակ, իր կեցվածքի առումով: Իր նոր տեսահոլովակում Lucy-ին ավելի մինիմալիստական ոճում է. տվյալ աշխատանքում գերակշռողները նրա համեստությունն ու հանգստությունն են»,- պատմեց Արամայիս Հայրապետյանը:

Զրույցի վերջում, խոսելով երգչուհու հետագա անելիքներից, ռեժիսորը տեղեկացրեց, որ «Turn Around»  տեսահոլովակը դեռևս միակ նորությունն է՝ նկատելով, որ կան նոր երգեր, որոնք դեռ պատրաստման գործընթացում են:

«Նոր տեսահոլովակի մասին դեռ չենք մտածում: Կարծում եմ՝ դրա ժամանակը մոտ երկու, երեք ամսից նոր կգա»,- եզրափակեց ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին