▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և՛ հանգիստ եմ, և՛ գիժ եմ, և՛ աննորմալ եմ, և՛ սիրող տղա եմ. Դավիթ Մարդյան

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է սերիալային դերասան Դավիթ Մարդյանը, ով հեռուստադիտողի շրջանում ճանաչվեց եւ սիրվեց «Դժվար ապրուստ» եւ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալներում Ստյոպիկի եւ Վիտուսի կերպարներով:

Հեռուստաընկերությունները արդեն սկսել են նոր եթերաշրջանի աշխատանքները, Դավիթ, հեռուստադիտողը, երբ Ձեզ կրկին կտեսնի հեռուստաէկրաններին:

-         Անկեղծ ասած, նոր եթերաշրջանի հետ կապված դեռ ոչ մի ծրագրեր չկան, այսինքն՝ այս պահին դերասանական ոլորտում իմ մասնակցությամբ հստակ աշխատանքներ դեռ չեն տարվում:

Գրեթե չորս տարի անընդմեջ հեռուստաէկրաններին լինելով՝ հետաքրքիր է ինչո՞վ եք այս պահին զբաղված:

-         Ունենք ընտանեկան փոքրիկ բիզնես, դրանով եմ զբաղված, թեպետ նմանատիպ մոդայիկ բառերը, ինչպես օրինակ «ընտանեկան բիզնես»-ն է, ես այնքան էլ չեմ սիրում օգտագործել, կասեմ ուղղակի, որ թեթեւ ընտանեկան գործ է, որում ես էլ եմ ներգրավված:

Դավիթ, շատերը փաստում են, որ մուտք գործելով էկրանային, շոու բիզնեսյան ասպարեզ, այլեւս դժվար են հեռանում, Ձեզ մոտ կարծես թե այդ գայթակղությունը այնքան էլ մեծ չէ՞:

-         Ճիշտն ասած այնպես չէ, որ ուշքս գնում է այս ասպարեզի համար, այո, ոլորտը հետաքրքիր է, այն հնարավորություն է տալիս շատ մարդկանց հետ շփվել, բայց ես այդ ասպարեզում երկար մնալու համար ոչինչ չեմ անում: Եթե հրավերներ լինեն, մեծ հաճույքով կընդունեմ, բայց ինքս երբեք ձեռնամուխ չեմ լինի որեւէ նախագծում նկարահանվելու համար:

Հետաքրքիր է, եթե իսկզբանե այդքան մեծ չէր այս ոլորտի նկատմամբ սերը, ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը այդտեղ:

-         Երբ բանակից նոր էի վերադարձել, բարդույթներով լի երիտասարդ էի, գնացի Աբել Աբելյանի մոտ, որպեսզի ընդունվեմ նրա «Դերասանական ստուիա»-ն, եւ հենց Աբել Աբելյանն էլ ընդառաջեց ինձ՝ ասելով, որ եթե ցանկությունս մեծ է, ուրեմն սովորեմ: Այդպես էլ ինձ համար ճանապարհ բացվեց այս ասպարեզում:

Ես ճիշտ հասկացա՝ դուք չե՞ք պատրաստվում այս ոլորտում ավելի խորանալ:

-         Ճիշտն ասած, ոչ: Պատճառներից գլխավորն այն է, որ պատրաստվում եմ մշտական բնակությամբ մեկնել այստեղից:

Իսկ չե՞ք ափսոսում անցած ճանապարհը:

-         Տարիները ընդամենը 4-ն են եղել: Այո, այդքան ժամանակն էլ քիչ չէ, հատկապես, որ տեսնում եւ զգում եմ, որ հասցրել եմ ձեռք բերել շատերի համակրանքը, քանի որ մինչ օրս էլ մարդիկ կան, որ փողոցում ինձ տեսնելիս, գալիս, մոտենում են, ուզում են լուսանկարվել, բայց հասկանում եմ, որ այդ ամենը ժամանակվոր է:

Ես ճիշտ հասկացա՝ կան հիասթափություննե՞ր:

-         Ոչ, հիասթափություններ չկան:

Գրեթե միշտ Ձեզ միօրինակ կերպարներում է տեսել հեռուստադիտողը, կերպարներ, որոնք երկու դեպքում էլ կարծես թե արտահայտում են իսկական հայ տղայի բնավորության ամենաբնորշ գծերը: Հետքրքիր է՝ Ձեր մարմնավորած կերպարները ի՞նչ ընդհանրություն ունեն Ձեր իրական տեսակի եհտ:

-          Թե Սյոպիկի, թե Վիտուսի կերպարների հետ որոշ չափով նմանություններ կան: Այո, իրականում ես ե՛ւ հանգիստ եմ, ե՛ւ գիժ եմ, ե՛ւ աննորմալ եմ, ե՛ւ սիրող տղա եմ, որոշ չափով էլ խանդոտ եմ:

Այսինքն՝ այս կերպարները ստեղծելիս դժվարությունները մեծ չե՞ն եղել:

-         Քանի որ ես դերասան չեմ, ուստի մասնագիտական տերմիններով այս պահին չեմ էլ կարող բացատրել կերպար ստեղծելու դժվարություններն ու հեշտությունները: Ամեն դեպքում, մասնագետներից շատ եմ լսել,որ ստացվում է ինձ մոտ այս աշխատանքը, իհարկե, քննադատություններ էլ են եղել, որոնց ես վերաբերվել եմ շատ առողջ կերպով, ընդունել եւ շտկումներ եմ կատարել:

Այսօր համատարած սերիալային իրականության մեջ նոր դերասանները մի շատ կարեւոր առավելություն ունեն՝ նրանք խաղում են վաստակաշատ դերասանների կողքին, շփվում նրանց հետ եւ ձեռք բերում ահռելի մեծ փորձ: Հետաքրքիր է՝ Ձեր մեկնաբանությունը այս տեսանկյունից:

-         Իհարկե, ինձ շատ բան է տվել այս կարեւոր միտումը, միայն այն, որ շփվեցի մեր օրերի հանճարների հետ, նրանց հետ ձեռք սեղմեցի, ընկերացանք, այդ ամենը ինձ համար շատ մեծ առավելություն էր: Նրանք շատ երիտասարդ դերասաններից առավել հաճելի մարդիկ են, նրանք չունեն ամենակարեւորը՝ գոռոզությունը, նրանց քիթը բարձր չէ, իհարկե կար ինքնավստահություն, որն էլ իրենց ձեռքբերումների արդյունքն էր եւ հենց այդպես էլ պետք է լիներ:

Մի անգամ նշել եք, որ խստիվ դեմ կլինեիք, եթե Ձեր կողակիցը լիներ այս ոլորտից, կասեք՝ ինչո՞ւ:

-          Այս ասպարեզում հայտնված աղջիկը պետք է լինի գրավիչ, իսկ երբ նա էկրանով երեւա, շատերի համար նա կլինի ցանկալի, շատերը նրա մասին այլ կերպով կարող են արտահայտվել, ինչը կոնկրետ ինձ դուր չէր գա: Երբ մենք դուրս ենք գալիս զբոսնելու եւ սիրելիս իր գեղեցիկ արտաքինով կարող է ուշադրություն գրավել, դա նորմալ է, բայց երբ նա հեռուստաէկրանից երեւա, դա ինձ դուր չի գա:

 

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին