Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայ միլիարդատեր և բարերար Քըրք Քըրքորյանի մասին ջերմ հիշողություններով: Այս մասին հայտնում է sputnikarmenia.ru-ն:
«Երկար տարիներ Քըրք Քըրքորյանը արտակարգ առատաձեռն մարդ է եղել: Նա հազվադեպ էր ուշադրություն կամ իր բարեգործության ճանաչում փնտրում»,- գրում է նա:
Սթրեյզանդը հիշել է, որ 1969 թ. ինքը մասնակցել է Լաս-Վեգասում Քըրքորյանին պատկանող միջազգային հյուրանոցի բացմանը:
«Իսկ հետո՝ 1993 թ. նախօրեին, ես նորից այնտեղ վերադարձա հիասքանչ MGM Grand Hotel-ի բացմանը»,- նշում է նա:
Երգչուհու խոսքով՝ այդ շրջանում իր հիմնադրամում Քըրքորյանի առատաձեռն ներդրման շնորհիվ իրեն հաջողվել է աջակցել մարդկանց ՁԻԱՀ-ի դեմ, կանանց և երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում:
«Հետո՝ 2013 թ., նա նորից ինձ միացավ կանանց շրջանում սրտային հիվանդությունների տարածման դեմ պայքարում: Նա յուրահատուկ, եզակի և շատ առանձնահատուկ մարդ էր, և ես միշտ նրան շնորհակալ կլինեմ»,- գրել է Սթրեյզանդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թ. հունիսի 16-ի գիշերը 98 տարեկանում: