▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից

Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո դերասանուհի Իռեն Աբելյանն էկրաններին երկար չի երևա: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ ավարտին է հասցնում բոլոր երկարաժամկետ պայմանագրերը և Հայաստանում որոշ ժամանակով դադար է տալիս դերասանական կարիերան մի շատ հարգելի պատճառով՝ ամուսնանում է.  «Ես հեռանում եմ Հայաստանից. այս տարվա վերջին պատրաստվում եմ ամուսնանալ և մեկնել Շվեդիա: Իհարկե, հասկանում եմ, որ շատ դժվար է փակել այսքան տարիների անցած ճանապարհը, բայց այն ինձ համար արդարացված է այնքանով, որ ես ապրելու եմ իմ սիրելիի կողքին: Դերասանությունից երբեք չեմ հեռանա՝ ֆիլմերի առաջարկների դեպքում կաշխատեմ գալ նկարահանվել ու նորից վերադառնալ, նաև հստակ որոշել եմ, որ լեզուն յուրացնելուց հետո թեկուզև զրոյից, բայց անպայման փորձելու եմ այնտեղ ևս իմ սիրելի գործով զբաղվել: Առհասարակ, ես երբեք չեմ վախեցել նոր բան սկսելուց, ընդհակառակը, դա ինձ ավելի է ոգեշնչում և ոգևորում: Ինձ մոտ կյանքի նոր փորձություն է սկսվելու, որին անհամբեր սպասում եմ, հուսով եմ հաջողությունների կհասնեմ, քանի որ, երբ իմ առջև նպատակ եմ դնում, ջանք ու երանդ չեմ խնայում դրան հասնելու համար: Դժվար է երկար տարիներ այստեղ ապրելուց հետո մեկնել արտերկիր մշտական բնակության, բայց այս հարցում ինձ ուժ ու թևեր է տալիս այն, որ ապրելու եմ սիրելիիս կողքին, համոզված եմ, որ երջանիկ կլինեմ նրա հետ »,- նշեց դերասանուհին:

Իռեն Աբելյանի սիրելին նախկին ֆուտբոլիստ է. «Ապագա ամուսինս՝ Հովիկը,  նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ բիզնեսմեն է: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ճանաչում ենք իրար, բայց հենց շփման առաջին իսկ օրից հասկացել եմ, որ մենք շատ ընդհանրություններ ունենք, գուցե նա արվեստագետ լիներ ու մենք այդքան նման չլինեինք»,- նշեց նա:

Ճիշտ է, դերասանուհին տարվա վերջ կամուսնանա և կմեկնի Հայաստանից, բայց, նրա խոսքերով, աշխատանքները դեռ շարունակվում են. «Թատրոնում այս պահին թատերաշրջանը փակ է, բայց դեռ աշնանը ներկայացումներ կլինեն, որին կմասնակցեմ, բացի այդ, ճիշտ է, էկրաններին չեմ երևում, բայց գրեթե ամեն օր ձայնս հնչում է Հանրային հեռուստաընկերությամբ, քանի որ աշխատում եմ «Առաջին» հեռուստաալիքի կրկնօրինակման բաժնում»,- նշեց Իռենը:

Դերասանուհին նկատեց նաև, որ բացի իր մասնագիտական աշխատանքից, մշտապես իր համար հետաքրքիր հոբիներ է գտնում և փորձում հմտանալ. «Քանի որ դեռ փոքր տարիքից մեծ սեր ունեմ սպորտի նկատմամբ (դպրոցական տարիներին զբաղվել եմ պրոֆեսիոնալ բասկետբոլով), հիմա հաճախում եմ լողի, նաև պարբերաբար գնում եմ մարզասրահ: Ինձ համար առողջ ապրելակերպը անհրաժեշտություն և սթափ մտածելու կերպ է, երբ սկսում ես սպորտով զբաղվել, ակամայից այնքան էներգիա ես ունենում, որ անընդհատ ուզում ես ակտիվ կյանքով ապրել, անընդհատ ուզում ես նոր բաներ իմանալ, իսկ երբ պարապության ես մատնվում, գնալով դեգրադացիա ես ապրում: Առհասարակ ես շատ եմ սիրում անընդհատ ինքնակրթվել, օրինակ հիմա բարելավվում եմ անգլերենս»,- նկատեց դերասանուհին:

Դեռ դպրոցական տարիքից սկսած սպորտի հանդեպ սերը դերասանուհուն չի դրդել, որ այդ ոլորտում մասնագիտանա. «Այո, սպորտի հանդեպ դեռ փոքրուց է արտահայտվել սերս, բայց երբեք չեմ մտածել, որ հենց այդ ոլորտում մասնագիտանամ, ավելին ասեմ՝ դպրոցական տարիքում պատկերացնում էի, որ ծրագրավորող պետք է դառնամ, բայց միշտ էլ ներքուստ ձգտում եմ ունեցել դերասանության և երգարվեստի նկատմամբ, արդյունքում հասկանալով, որ արվեստի նկատմամբ սերը ավելի է գերակշռում իմ մեջ՝ ծնողներիս դեմ գնալով դարձա դերասանուհի»,- պատմեց նա:

Հիմա էլ Իռենը, երբ հետ է նայում անցած ճանապարհը, մտածում է, որ կրկին մասնագիտական ընտրության առաջ կանգնելով՝ դարձյալ կընտրեր դերասանի մասնագիտությունը. «Այո, որքան էլ մեր երկրում մի փոքր դժվար է այս մասնագիտությամբ ապրելը, բայց, երևի թե, իմ ներքին ձգտումներին դեմ չէի գնա՝ կրկին դերասանուհու մասնագիտությունը կընտրեի: Երբ մեջդ արվեստն է խոսում, դրանից խուսափելով կսկսես խեղդվել»,- նշեց Իռեն Աբելյանը:

Խոսելով Հայաստանում զարգացող այս մասնագիտությունից և շատ դերասանների ստվերում մնալուց, Իռենը նկատեց. «Դերասանները կարող են դեպրեսիա ապրել, երբ անգործության են մատնված, կարծում եմ, հեռուստադիտողի համար էլ է անհետաքրքիր տարբեր նախագծերում անընդհատ նույն դեմքերին տեսնելը: Այս երևույթը դերասանին կարող են ընկճել և դրանով էլ դերասանի տեսակը կարող է թուլանալ»:

Այս հարցում հիմնական հաղթաթուղթը դերասանուհին տեսնում է բախտի մեջ. «Այս դեպքում էլ կարող է գործել հայկական հին ասացվածքը՝ «Բախտիս նայիր՝ տեսքիս մի նայիր», յուրաքանչյուր մասնագիտության, այդ թվում և դերասանության համար հարկավոր է բախտ ունենալ, որպեսզի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Մարդ կարող է շատ տաղանդավոր լինի, բայց այդպես էլ իր բախտը չբերի, որ մեծ հաջողությունների հասնի, բայց կարող է լինել միջակություն ու իր բախտն անընդհատ բերի և նա վերելքների հասնի»,- հավելեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին