▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես մեր տունը կունենանք. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

«Ռեինկարնացիա» խումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` ստեղծելով «House of Reincarnation»-ը: Asekose.am-ի թղթակիցը խոսեց «Ռեինկարնացիա»  խմբի անդամ Ռոլանդ Գասպարյանի հետ` ճշտելու համար, թե իրենից ի՞նչ է ներկայացնում  «Ռեինկարնացիա տուն»-ը  և ինչպե՞ս առաջացավ այն ստեղծելու գաղափարը և այլ մանրամասներ:

 

Ի՞նչ է ներկայացնում  «Ռեինկարնացիա տուն»-ը և  ինչպե՞ս  առաջացավ այն ստեղծելու գաղափարը:

«House of Reincarnation» ստեղծելու գաղափարը եկել է այնտեղից, որ մենք երկար տարիներ տարբեր վայրերում համերգներ տալուց հետո, ցանկանում էինք ունենալ մերը, ունենալ մի անկյուն, որտեղ մեզ կարող են գտնել: Միշտ մեզ հարցնում են` այս անգամ որտե՞ղ եք ելույթ ունենալու, նախորդ անգամ որտե՞ղ էիք, իսկ այսօր հստակ կարող ենք ասել, թե որտեղ ենք լինելու: Այդ տունը իմ պատկերացումն է  համերգայինի և ակումբ հասկացողության մեջ և այն մի փոքր տարբեր է: Չեմ ուզում ոչ ոքի վանել կամ ինչ-որ բան ասել, բայց այսօր Երևանում կա երկու հասկացողություն` որտեղ կա լավ մթնոլորտ, այնտեղ կա քիչ հնարավորություն և հակառակը: Մեզ համար ամենակարևոր գործոններից մեկն այն է, թե ովքեր են այցելելու մեզ մոտ: Կան շատ երիտասարդ և կարևոր մարդիկ մեր քաղաքում, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում այցելել մեր համերգներին: Տոմսը թանկ է լինում, կամ  նշածս մարդիկ իրենց լավ չեն զգում այդ վայրում, և շատ այլ հարցեր: Իմ առաջնային նպատակներից մեկը հենց այն է, որ բոլոր  տեսակի մարդկանց հնարավորություն տանք ներկա լինել մեր համերգներին նաև ամենատարբեր հայկական խմբերի համերգներին` բացառությամբ  cover-ների (մեզ մոտ cover բենդեր չեն լինելու ընդհանրապես):  Եվ առհասարակ դա մի տեղ է լինելու, որտեղ տարբեր տեսակի մարդիկ պարզապես կարող են գալ ու հանգստանալ: Այնտեղ կլինի շատ խիստ բանջարեղենային ճաշացանկ: Շաբաթվա մեկ օր թեյի վարպետը կգա ու շատ հատուկ ձևով թեյ կպատրաստի ցանկացողների համար: Այս ամենի իմաստն այն է, որ ես փորձում եմ ստեղծել այն, ինչ իմ պատկերացման մեջ է, թե ինչ պետք է լինի ակումբում իմ կարծիքով: Ես չեմ թերագնահատում ոչ մի ակումբ, քանի որ այցելել ու շատ անգամ համերգներ ենք տվել տարբեր վայրերում: «House of Reincarnation»-ի բացումը կլինի 3 օր.  հուլիսի 25-ին ու 26-ին կլինեն  համերգային օրեր:

Տոմսերը հասանելի կլինե՞ն բոլորի համար:

Մեզ մոտ կան մի քանի տարբերակներ` տոմսեր կանգնած, տոմսեր նստած, vip և face control-ով տոմսեր: Face control-ն աշխատելու է բոլորի համար: Սպասողներից կարող է ցանկացած մեկը ընտրվել և անվճար մասնակցել համերգին: Այսինքն, դա այն մարդկանց համար է արվում, ովքեր իրոք ցանկանում են գալ մեր համերգներին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում:

Տեղյակ ենք նաև, որ պատրաստվում եք ստեղծել application iPhone-ների և անդրոիդ հեռախոսների համար: Հետաքրքիր է` ի՞նչ բաց կլրացնի դա և բացի Ձեր ստեղծագործություններից  է՞լ  ինչ  է այն իր մեջ ներառելու:

Ինձ մոտ կա խնդիր, որ խմբի հետ կապված ցանկացած ինֆորմացիա հեշտ տեղեկացնենք բոլորին: Դա ամենաառաջնային հարցն է, և քանի որ այսօր մեծամասնությունն օգտվում է նմանատիպ հեռախոսներից, մենք որոշեցինք հնարավորություն տալ բոլորովին անվճար ունենալ շատ ինֆորմացիա մեր մասին: Այդ ծրագիրը հնարավորություն կտա լսելու մեր երգերը, նաև, ըստ ինձ` որակով երաժշտություն: Շատ շուտով կաշխատի նաև մեր օնլայն ռադիոն, որտեղով ես միշտ կապի մեջ կլինեմ: Ուղիղ միացմամբ կհերարձակենք մեր համերգները և՛ «House of Reincarnation»-ից , և՛ այն կետից որտեղ մենք համերգ կտանք:

Մեկ տարի առաջ թողարկեցիք Ձեր «Սպիտակ» կոչվող ձայնասկավառակը, սակայն այն չվաճառվեց` այլ անվճար բաժանեցիք բոլոր ցանկացողներին: Ինչո՞ւ եք ընտրել այդ տարբերակը, չէ որ դուք աշխատում եք, սակայն դրա դիմաց գումար չեք վաստակում:

Այդ ամեն ինչը սկսեց «Աղ ու հաց» ալբոմից: Քանի որ մինչ այդ մենք համագործակցում էինք մի ընկերության հետ, և իրավունքները մերը չէր: Իսկ այդ ալբոմի թողարկումից սկսված մենք նվիրում ենք ցանկացողներին, քանի որ մեզ համար կարևոր է ինֆորմացիան ճիշտ և հասանելի հասցնել մարդկանց:  Մի բանի մեջ եթե կա գաղափար` նյութական արժեքներն անցնում են երկրորդ պլան: Այդ ամենն արվում է լավ թիմի և լավ ընկերների շնորհիվ, ովքեր մշտապես մեր կողքին են: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր սպասում են մեր տան բացմանը, ովքեր օգնում են մեզ ինչով որ կարողանում են, այն մարդկանց ովքեր տարածում են այս ինֆորմացիան, քանի որ  այս ծանր ժամանակներում ինչ-որ բանով օգնելն ու գնահատելը հեշտ բան չէ: Իմ կյանքում կա սկզբունք, որ միշտ պետք է շնորհակալ լինես այն ամենի համար ինչ ունես և չունես:

Ի՞նչ նորություններով հանդես կգա «Ռեինկարնացիա» խումբը, ի՞նչ նորություններ են սպասվում ձեր լսարանին:

Մեզ մոտ շատ բուռն ստեղծագործական շրջան է: Մեզ միացել է լարային քառյակ, և մենք արդեն 15 հոգի ենք: Աշխատում ենք եկող տարի նոր ձայնասկավառակով հանդես գալ, որը կտարբերվի նախորդներից: Քանի որ կյանքի ամեն ժամանակահատված տարբեր է, և, քանի դեռ չենք սպառվել, փորձելու ենք միշտ նորովի ներկայանալ մեր լսարանի համար:

Եվ վերջում, մի փոքր խոսելով անձնականից, Ռոլանդը մեծ ոգևորությամբ նշեց, որ ամեն բան հիանալի է իր կյանքում ու նորաստեղծ ընտանիքում:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին