Life.panorama.am-ը գրում է, որ սեպտեմբերի 25-ին Երևանի Կասկադ համալիրում ազգագրական երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի, նախաձեռնությամբ տեղի կունենա արդեն ամենամյա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի և պարի փառատոնը: Արսեն Գրիգորյանը նշել է, որ շատ է կարևորում այս փառատոնը մեր ազգային արժեքները պահպանելու հարցում.
«Իմ նախաձեռնությամբ, իմ երկար տարիների ցանկությամբ Փառք Աստծո անցյալ տարի սեպտեմբերի 30-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Գութան» Հայաստանի ազգագրական երգի և պարի փառատոնը: Փառատոնն ամենամյա է, այս տարի այն կիրականացնենք սեպտեմբերի 25-ին: «Գութան»-ն ունի կարևոր նպատակ՝ պահել, պահպանել և սերունդներին փոխանցել մեր ազգագրական երգն ու պարը, այն մշակույթը, որը պահում է մեր տեսակը: Այսօր մենք պարտավոր ենք մեր ազգային արժեքները պահելու և փոխանցելու գալիք սերունդներին, մենք նպատակ ունենք այս փառատոնով համախմբել բոլոր ազգագրական խմբերը մեկ տեղում, ուզում ենք այս փառատոնում ներգրավել նաև դեռևս նոր կայացող խմբերին ու միասին ազգագրական երգի և պարի տոն պարգևել մեր ժողովրդին, ինչու ոչ նաև զբոսաշրջիկներին»,-նկատել է փառատոնի հիմնադիրը:
Ի դեպ` երգչը հատկապես շեշտել է, որ այս փառատոնը հատուկ նպատակով է իրականացվում բացօթյա տարածքում, որպեսզի քաղաքացիները զերծ մնան տոմսերի հետ կապված գումարային խնդիրներից.
««Գութան» ազգագրական երգի և պարի փառատոնը տեղի կունենաԿասկադ համալիրում, ինչի համար շատ շնորհակալ ենք Գաֆեսճյան արվեստի կենտրոնին, որոնց թույլտվությամբ ենք կարողանում հենց այդ տարածքում իրականացենել մեր փառատոնը: Բացօթյա տարածքում ներկայանալը ունի նպատակ. մենք չենք ուզում, որ ազգային երգն ու պարը վայելելու համար ժողովուրդը մտածի տոմսերի համար գումար ծախսելու մասին: Սա մեզ համար լավագույն բեմն է: Պետք է նկատեմ, որ փառատոնը իրականացնելու հարցում մեզ աջակցում են Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքպետարանը, իր մեծ օգնությունն է ցուցաբերում «Օվացիա» պրոդյուսերական ընկերությունը, ինչպես անցյալ տարի, այնպես և այս տարի կօգտագործվեն լուսային և ձայնային ամենաբարձր տեխնիկական սարքավորումները»,- նշել է նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում