▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք համարձակվեցինք դա անել. հայկական շոու բիզնեսի նոր «հետևողները»

Արման Պետրոսյան, Արեգ Շահինյան և Ներսես Ավետիսյան. այս անունները 2014 թվ.-ի դեկտեմբերից համախմվել են  մեկ երաժշտական գաղափարի շուրջ, իսկ ավելի ուշ` 2015 թվ.-ի հունվարից նրանք այլևս ներկայանում են որպես «Դետք» նոր փոփ խումբ: Տղաների խոսքերով` ծանոթացել են Արման Մելքոնյանի (AMP) միջոցով (նա տղաների պրոդյուսերն է), ում էլ պատկանում էր նմանատիպ խումբ ստեղծելու գաղափարը, ապա տևական ժամանակ միմյանց ճանաչելուց հետո սկսել են իրենց համատեղ երաժշտական գործունեությունը:

Արդեն ապրիլ ամսին «Դետք»-ը ներկայացրել է իր առաջին` "Forevermore" տեսահոլովակը, որը նվիրված էր  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Երաժշտության միջոցով կարելի է մարդկանց որոշակի տեղեկություն  հասցնել, այդ պատճառով էլ ներկայացրեցինք  "Forevermore"-ը, որպեսզի մարդկանց այս թեման ավելի հասանելի լինի: Սա նոր ձևաչափ էր, որը  նախկինում չկար»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դետք» խմբի անդամ Արեգ Շահինյանը: 

Շարունակելով  թեման` խմբի  մյուս անդամ Ներսես Ավետիսյանը հավելեց, որ  իրենց "Forevermore"-ն իսկապես նոր խոսք էր.

«Դա նորությունն էր: Համենայն դեպս ինքս ականատես չէի եղել, որ երիտասարդների գործերից որևէ մեկի մասին այդքան խոսեին, քննարկեին և մեկնաբանեին: Իսկապես պետք էր այդ թեմայի մասին խոսվեր հենց երիտասարդների կողմից, մենք էլ համարձակվեցինք դա անել: Հպարտ ենք, որ մեր խոսքն ինչ-որ չափով հասանելի եղավ թե մեր հասարակությանը, թե  Սփյուռքին: Ի վերջո, նոր սերունդը ևս խոսեց մեր ազգի դարավոր ցավի մասին»:

Տղաների խոսքով` իրենք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ճանաչվելու ցանկություն ունեն.

«Անհնարին ոչինչ չկա, ժամանակներն այնպիսին են, որ աշխարհագրական դիրքն էական չէ, գոյություն ունի համացանց, որի շնորհիվ Հայաստանում գտնվելով կարող ես «հայտնվել» Նյու Յորքում»:

Նախքան արտերկիրը գրավելը, «Դետք»-ը շարունակում է ստեղծագործել և գրավել հայաստանյան շուկան: Առաջին տեսահոլովակից հետո տղաները ներկայացրել էին «Մամա» տեսաշարը, իսկ այսօր` օգոստոսի 25-ին` ժամը 17:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում  տեղի է ունենալու նրանց նոր` «Շուշի» անվանումով տեսահոլովակի շնորհանդեսը, որից հետո նաև համացանցային պրեմիերան.

«Շուշիի և, առհասարակ, Արցախի մասին պետք է խոսել, ինչը պետք է արվի յուրաքանչյուր հայի կողմից: Երգը հայերենով է, թեև մի փոքր հատված հնչելու է անգլերենով: Հավելենք, որ Շուշիում նկարահանված հետաքրքիր տեսարաններ ունենք»,- ասացին «Դետք» խմբի տղաները` չբացելով տեսահոլովակի չակերտները:

Զրույցի վերջում էլ «Դետք»-ի տղաները մի փոքր պատմեցին իրենց մասին: Հավելենք, որ խմբի անվանումը ռազմական եզրույթ է, ինչը նշանակում է «հեևողներ», «դիտողներ» (ռուս.-дозор):

Ներսես Ավետիսյան. 18 տարեկան եմ, խմբում ամենաավագն եմ: Ապրում եմ Գառնիում:  Նախքան «Դետք»-ը երգել և աշխատել եմ Երգի պետական թատրոնում, ներկայումս սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում:

Արեգ Շահինյան. 17 տարեկան եմ: Ներկայումս ինձ գտել եմ երաժշտության մեջ, իսկ նախկինում ինձ փորձել էի ծրագրավորման մեջ, մարկետինգով էի հետաքրքրվում (ինչն անում եմ նաև հիմա), սակայն երաժշտությունն ինձ համար նոր և հետաքրքիր բնագավառ է: Այս տարի ընդունվել եմ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետ:

Արման Պետրոսյան. 17 տարեկան եմ, դեռ սովորում եմ դպրոցում: Նախքան «Դետք»-ը, իմ կյանքը ևս երաժշտությամբ էր անցնում, հայրս էլ է երաժիշտ: Առհասարակ, միշտ երաժշտության մեջ եմ եղել և զբաղվել եմ երաժշտությամբ, հաճախել եմ երաժշտական դպրոց, կիթառ եմ նվագել, ապա նաև խումբ եմ կազմել  (նախքան «Դետք»-ը):

Ստորև ներկայացնում ենք «Դետք»-ի "Forevermore" առաջին տեսահոլովակը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին