▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Ավետիսովան՝ անձնական կյանքի, նոր գեղարվեստական ֆիլմի և ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր պատմեց, որ ողջ ամռանն իր համար անցել է աշխատանքային մթնոլորտում. դերասանուհուն շուտով կտեսնենք նոր գեղարվեստական ֆիլմում.

«Իմ ամառային արձակուրդները անցան Լեռնային Ղարաբաղում, որտեղ նկարահանվում էի հետպատերազմյան Ղարաբաղի վերաբերյալ գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը պարսկահայ Անահիտ Աբադն է: Նկատեմ, որ ստեղծագործական թիմի մեծ մասը պարսկահայեր էին, սակայն դերասանական կազմն ամբողջությամբ ընտրված էր Հայաստանից եւ Արցախից: Ֆիլմի նախնական անվանում է «Եվա»՝ գլխավոր հերոսուհու անունով, նկարահանումներն արդեն ավարտված են, բայց թե երբ այն մեծ էկրաններ կբարձրանա, հստակ ասել չեմ կարող, քանի որ քննարկվում եւ նախատեսվում է կամ այս տարվա վերջին, կամ մյուս տարվա սկզբին»,- նշեց Ռոզին:

Անդրադառնալով ֆիլմի թեմատիկ բովանդակությանը՝ դերասանուհին պատմեց. «Ֆիլմում իրադարձությունները զարգանում են 2000-ականներին, այսինքն՝ սա նշանակում է, որ պատերազմական կադրեր չեն լինի, բայց  այն ցույց կտա պատերազմի հետեւանքները: Ինչ վերաբերում է ֆիլմում իմ կերպարին, նկատեմ, որ խաղում էի ղարաբաղցի 18-ամյա աղջկա դեր: Իմ հերոսուհին՝ Աննան, բավականին հակասական կերպար է, նրան կարելի է դիտարկել եւ որպես լավ, եւ որպես վատ կերպար, դա կախված կլինի հանդիսատեսի ընկալումից, միաժամանակ, խաղալը շատ հետաքրքիր էր, նախ որովհետեւ իմ եւ հերոսուհուս միջեւ կար տարիքային բավականին մեծ տարբերություն. ընդ որում նկատեմ, որ բավականին դժվար էր 28-ում կերտել 18-ամյա աղջկա կերպար: Նաեւ որոշ դժվարություններ կային արցախյան բարբառի հետ կապված, այն բավականին բարդ էր, բայց, կարծում եմ,  կարողացա հաղթահարել, նշեմ, որ երկար ժամանակ չպահանջվեց այդ բարբառը յուրացնելու համար, այդ հարցում օգնեցին նախապատրաստական աշխատանքներն ու նաեւ այն փաստը, որ մենք գտնվում էինք հենց Արցախում եւ տեղի բնակիչները մեզ շատ էին օգնում: Միաժամանակ նկատեմ, որ բարբառն արտաբերելը բարդ էր, բայց կերպարին այն շատ էր օգնում, այսինքն այդպես կերպարն ամբողջությամբ կարողանում էի հասկանալ, զգալ եւ խաղալ: Իմ հերոսուհին ֆիլմում ունի իր առանձին պատմությունը, այն բավականին հետաքրքիր է»:

«Եվա» ֆիլմի գլխավոր հերոսուհին Նարինե Գրիգորյանն է, այս ֆիլմում հեռուստադիտողը հնարավորություն կունենա վայելել նաեւ Մարջան Ավետսիյանի, Տիգրան Դավթյանի, Վրեժ Քասունիի, Շանթ Հովհաննիսյանի, Սերգեյ Թովմասյանի խաղը:

Դերասանուհին այս պահին եւս զբաղված է նոր նախագծով. «Մի ծրագիր կա, որի մասին դեռ շատ վաղ է խոսելը, հուսամ ամեն բան կընթանա ըստ նախատեսվածի եւ ես էլ ավելի ուշ կպատմեմ այդ մասին: Միայն կասեմ, որ խոսքը 30 մասանոց ֆիլմի մասին է, որտեղ ես հանդես կգամ գլխավոր հերոսուհու կերպարում»,- նշեց նա:

Թե ինչու վերջին շրջանում Ռոզի Ավետսիովային հեռուստադիտողը չի տեսնում հեռուստասերիալներում, դերասնուհին պատասխանեց. «Առաջարկներ եղել են այդ ոլորտում, բայց ես ինքս եմ դրանք մերժել մի հստակ պատճառաբանությամբ. ես ավելի շատ սիրում եմ աշխատել գեղարվեստական ֆիլմերում, կարելի է ասել հեռուստատեսային ձեւաչափից խուսափում եմ ինչքանով հնարավոր է: Երբեմն շրջան է գալիս, որ իսկապես հոգնում ես հեռուստատեսային աշխատանքներից ու պետք է հանգստանալ եւ ամենակրեւորը չհոգնեցնել հեռուստադիտողին քո ներկայությամբ, պետք է հեռուստադիտողը կարոտի դերասանին»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին