Ներկայումս ուկրաինաբնակ Արսեն Մելիքսեթյանին (Յոժ) հայ հեռուստադիտողներից շատերը կհիշեն ֆիլմերից, սերիալներից, «47 dance studio» պարային խմբից, ինչպես նաև Հայ թիմից, որի ստեղծման հիմքերում կանգնած էր նաև նա: Տևական ժամանակ Արսեն Մելիքսեթյանը վարում էր նաև «Փոխադրամիջոց» հաղորդումը: Արդեն 5 տարի է, ինչ Արսենը տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Հայաստանից հեռանալու որոշումն էլ բացատրում է այն հանգամանքով, որ իր բոլոր երազանքները հայրենիքում արդեն իրագործվել էին.
«25 տարի Հայաստանում ապրելուց հետո (ինչպես ես եմ նշում 1/5 դար), հասկացա, որ այն ամենը, ինչի մասին երազում էի, արդեն ունեմ: Որոշեցի, որ կյանքս պետք է 0-ից սկսեմ, ինչպես որ շատերն են ասում, սակայն չես կարող փոխել միայն կյանքիդ ընթացքը, եթե նույն տեղում ես մնում, պետք է նաև միջավայրդ փոխես: Ես դա արեցի բառիս բուն իմաստով և փոխեցի միջավայրս. առանց ընտանիքի, առանց ընկներների, առանց հայրենիքի, առանց այն ամենի, ինչը նախկինում արդեն ստեղծել էի…»,-Asekose.am-ին ասաց Արսեն Մելիքսեթյանը:
Նրա խոսքով` Ուկրաինայում հաստատվել էր նախ բիզնես ոլորտն ուսումնասիրելու նպատակով: Այս ոլորտում որոշակի գործունեություն ծավալելուց հետո 1.5 տարի առաջ Արսեն Մելիքսեթյանը բիզնես գործունեություն ծավալելու նոր մտահղացում է իրականացրել.
«Ստեղծեցինք Forty 47 Seven ապրանքանիշը, որը զբաղվում է իրենց տեսակով հաջողություն բերող աքսեսուարների և հուշանվերների արտադրմամբ (ռուս. aксессуары на удачу): Նման գաղափարն էլ ծնվել է այն բանից հետո, երբ հասկացա, որ բոլորս էլ մեքենաներում, սնահավատությունից ելնելով, երբեմն «թու-թու» ենք ասում և «փայտին» հարվածում… Առհասարակ, հաճախ, այդ թվում` մեքենաներում, շրջապատված ենք ոչ «կենդանի» իրերով, ինչի արդյունքում էլ հասկացա, որ կարող ենք փայտից աքսեսուարներ ստեղծել, որոնք տիրոջը կարող են նաև հաջողություն բերել: Համացանցի շնորհիվ էլ պարզեցի, որ նման գաղափար մինչ այդ որևէ մեկը չի ունեցել, իսկ ես սիրում եմ որևէ աշխատանք իրականացնելիս առաջինը լինել: Այդպիսով` ստեղծեցինք մեր ապրանքանիշի առաջին արտադրանքները»:
Ըստ Արսեն Մելիքսեթյանի` ապրանքանիշի անվան ընտրությունն էլ պատահականության արդյունք չէ.
«47-ն արդեն 7-8 տարի է, ինչ իմ թիվն եմ համարում (ժպտում է): Ավելին, 47 թվի հիման վրա իմ մտահղացմամբ ստեղծված լոգոն օգտագործել են «Հիթմեն.Գործակալ 47» հոլիվուդյան ֆիլմի համար. հենց այդ լոգոն էլ ներկայացված է ֆիլմի պաստառներում: Նշեմ, որ այն իմ մտահղացմամբ ստեղծվել էր 7-8 տարի առաջ դեռևս Երևանում, թեպետ ֆիլմի ստեղծողները որոշակի տարր փոխել են, բայց, միևնույն է, իմ լոգոն են օգտագործել: Ի դեպ` 47 թիվն ինձ «հետապնդում» է դեռևս ծննդատնից. իմ ծննդյան օրը ես այդ ծննդատանը ծնված 47-րդ երեխան էի, ինչը միայն վերջերս եմ բացահայտել (ժպտում է)»:
Հավելենք, որ ներկայումս Forty 47 Seven ապրանքանիշի արտադրանքը կարելի է ձեռք բերել Կիևում, Օդեսայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում. որոշակի տեսականի ներկայացված է նաև Փարիզում: Շուտով աքսեսուարները վաճառվելու են նաև Միլանում, Բուդապեշտում: Արսեն Մելիքսեթյանի խոսքով` այս արդյունքը գրանցել է նաև իր ընկերների շնորհիվ, ովքեր վերընշված քաղաքներում զբաղվել են արտադրանքի տարածմամբ և առաջմղմամբ.
«Իմ ընկերներին, ովքեր զբաղվում են այս ամենով, անվանում եմ 47-ի մեծ ընտանիք… Ես նման ընտանիք ունեի նաև Երևանում, երբ գործում էր «47 dance studio»-ն… Այս պահին մեր ընտանիքը պարզապես ավելի է մեծացել, և մենք փորձում ենք աշխարհին մատուցել մեր արտադրանքը»:
Թեպետ Forty 47 Seven-ի արտադրանքը դեռևս երկար պատմություն չունի, սակայն այն արդեն ներկայացրել է իր երկրորդ տեսականին, որի համար 4 գույնի փայտ է օգտագործված: Ավելացնենք նաև, որ երկրորդ հավաքածուն, որը պատրաստված է նաև արծաթից, ներկայացված է Երևանում, քանի որ Արսեն Մելիքսեթյանը կարևորում էր այն հանգամանքը, որ մեկնարկը տրվի հենց հայրենիքում:
«Մենք հաճախ նշում ենք, որ մեր արտադրանքի գործունեությունը նման է քրիստոնեության ընդունման պատմությանը… Չէ՞ որ նախքան քրիստոնեությունը մարդիկ սնահավատ էին, ինչն առկա էր նաև մեր ստեղծած առաջին արտադրանքներում, որից հետո անցում էինք կատարել համաստեղության նշաններին, իսկ ներկայումս այս ամենին նաև ավելացրել ենք քրիստոնեական թեմատիկայով ստեղծված աքսեսուարներ: Կարծես մեր արտադրանքն ունեցել է այն նույն զարգացումը, ինչ մարդն է ունենում իր կյանքի ընթացքում: Շուտով Ռուսաստանում ներկայացնելու ենք նաև ուղղափառ խաչերով արտադրանքները, թեպետ նախատեսում ենք ստեղծել նաև խաչեր կաթոլիկների համար, քանի որ ցանկանում եմ, որ մեր ապրանքանիշը տարածում ունենա ամբողջ աշխարհում: Հավելեմ, որ մեր բոլոր աշխատանքներում կա հայկական զարդանախշ, որովհետև այն ամբողջ աշխարհում տարածելու և ցուցադրելու ցանկություն ունենք… Այս պահին աշխատում ենք նաև 3-րդ և 4-րդ հավաքածուների վրա, որի հիմքում ամբողջովին հայկական թեմատիկան է լինելու: Երբ Հայաստանից դուրս ես ապրում, հայրենիքդ սկսում ես սիրել նորովի, առավել հայրենասեր ես դառնում. մեր պարագայում ամեն պահի հայկական արտադրանքը ներկայացնելու ցանկություն ունենք, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչպիսի ազգ ենք, ինչ տեսակ մշակույթ ունենք, ի վերջո, թե որքան հին և ուժեղ ենք, չէ՞ որ ժամանակին մեզ հաջողվել էր գրավել ամբողջ աշխարհը»,-զրույցի ընթացքում ասաց Արսենը:
Հավելենք նաև, որ Արսեն Մելիքսեթյանը Forty 47 Seven-ի հիմնադիրը լինելուց բացի, այս պահին նաև «47» խորհրդանշական անունը կրող գիրք է գրում, որը սակայն լույս է տեսնելու 17 տարի անց, երբ Արսենը համապատասխանաբար 47 տարեկան է լինելու.
«Ներկայացնելու եմ, թե ինչպիսին է եղել իմ կյանքը մինչ 47 տարեկանը: Կարծում եմ, որ այն կարդացողները (հատկապես երիտասարդները) կհասկանան, որ անկախ կյանքի դժվարություններից Աստծո հաջողությամբ և սեփական ուժերի շնորհիվ կարելի է ունենալ այն ամենը, ինչին որ ձգտում ես»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան