▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաֆիան անողոք է, բայց սիրում է համեղ ուտել

ArmNews  հեռուստաընկերությունը և  ԱՄՆ-ում հեռարձակվող PanArmenian TV-ն ներկայացնում են նոր նախագիծ՝ «Մաֆիայի խոհանոցը»:  Asekose.am-ը զրուցել է հաղորդման հեղինակ Էդգար Մանուկյանի հետ նախագծի մտահղացման և մի շարք մանրամասների մասին:

Զրույցի ընթացքում պրոդյուսերը նշեց, որ իտալական ձևաչափով այս նախագիծը նորություն է հայ իրականության մեջ: Այն նկարահանվել է Ռուսաստանում, Մեքսիկայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հաղորդավարը՝ հայտնի խոհարար Դեյվիդ Վիտո Քուադերնոնը, ժամանել է Իտալիայի Սիցիլիա քաղաքից: Էդգարի խոսքով՝ ինքը և Դեյվիդը վաղեմի ընկերներ են: Նման հաղորդման նախաձեռնության առաջարկ են ստացել և որոշել են համագործակցել: Այդ առաջարկը, որն իրագործեցին այս տարի, քննարկման փուլում էր դեռևս 2014 թվականից:

Էդգար Մանուկյանը պատմեց, որ հաղորդման հոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, դերասանների ընտրությունը կատարվել է ArmNews հեռուստաընկերության կողմից՝ ընդհանուր համաձայնության գալով իր և Դեյվիդի հետ: Նա ուրախությամբ նշեց, որ թեև հաղորդումը դեռ 1 անգամ է հեռարձակվել, սակայն արձագանքներն ու դիտողականության թվերը ցույց են տալիս, որ հաղորդումը հաջողված է:

Հաղորդումը հեռարձակվելու է ArmNews հեռուստաընկերության եթերով յուրաքանչյուր շաբաթ օր՝ երեկոյան ժամը 23:15-ին:

«Մտադրություն ունենք նաև հաղորդման երկրորդ եթերաշրջանը նկարահանել Սիցիլիայում»,- հայտնեց հաղորդման հեղինակը:

Մեր այն հարցին, թե ինչու՞ է հաղորդումը կոչվում «Մաֆիայի խոհանոց», Էդգարը նշեց, որ Դեյվիդ Քուադերնոնը Սիցիլիայից է, իսկ Սիցիլիան, ինչպես հայտնի է, մաֆիայի ծննդավայրն է:

 «Փորձել ենք համատեղ ներկայացնել իտալական մաֆիան ու խոհանոցը, մեր հայ հեռուստադիտողներին ցույց տալ, թե ինչ է սիրում ուտել իտալական մաֆիան, ովքեր են նրանց համար պատրաստում, պատմել մաֆիայի պատմությունը: Հաղորդման շրջանակներում ներկայացվում են բացառապես իտալական խոհանոցի ուտեստներ: Պետք է նշեմ, որ հաղորդումը գովազդ չէ մաֆիայի մասին, այն որևէ քաղաքական երանգ չունի»,- ասաց պրոդյուսերը:

Անդրադառնալով իտալացիների և հայերի ունեցած ընդհանրություններին՝ Էդգար Մանուկյանը նշեց, որ իտալացիներն ու հայերը, առհասարակ, շատ բաներով են միմյանց նման՝ մշակույթով, բնավորությամբ, մտածողությամբ, նաև՝ խոհանոցով:

«Կարող եմ վստահ ասել, որ հայ-իտալական համագործակցությունը ստացված է»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Մաֆիայի խոհանոցը» հաղորդման հեղինակ և Դեյվիդ  Քուադերնոնի պրոդյուսեր Էդգար Մանուկյանը: 


Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Էդգար Մանուկյանի անձնական արխիվից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին