Life.panorama.am-ը գրում է. «X Factor 3» նախագծի հաղթող Վահե Մարգարյանը արդեն բացահայտված ձայնային տվյալներն էլ ավելի կատարելագործելու, մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալո, կամ պարզապես երազանքի հետեւից գնալու նպատակով այս տարի ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Հենց այս պատճառով էլ երիատսարդ երգիչը նախագծի ավարտից հետո կարծես թե լուռ էր: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Վահեն.
«Այնպես ստացվեց, որ նախագծի ավարտից հետո ես այնքան էլ ակտիվ չէի գործում, բայց այդ ընթացքում ես ոչ թե անգործության էի մատնված, այլ կարելի է ասել չարչարվում էի, որպեսզի ընդունվեմ կոնսերվատորիա, ինչը ինձ, Փառք Աստծո, հաջողվեց, հիմա արդեն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Դասական վոկալ» բաժնի անվճար հիմունքներով սովորող ուսանող եմ»,- պատմեց երիտասարդ երգիչը:
Վահեն նկատեց նաեւ, որ այս պահին արդեն կենտրոնացած է ոչ միայն դասերի, այլ նաեւ աշխատանքների վրա. «Դեռ վաղուց մի երգ ունեի, որի հիման վրա շատ էի ուզում տեսահոլովակ նկարահանել, բայց քանի որ զբաղված էի ընդունելության քննությունների պարապմունքներով, այդ ծրագիրը կարծես երկրորդ պլան էր մղվել, հիմա արդեն ուզում եմ զբաղվել այդ երգով, հուսամ մոտ ապագայում կկարողանամ իրականացնել պլաններս»,- նշեց նա:
Ի դեպ, Վահեն մեզ տեղեկացրեց, որ սկսել է նաեւ ստեղծագործել. «Դեռեւս առաջին քայլերն եմ անում ստեղծագործական իմաստով, հուսամ կկարողանամ լավ արդյունքներ գրանցել»:
Հետ նայելով այս ոլորտում կարճ, բայց եւ հագեցած իր ճանապարհին՝ Վահե Մարգարյանը նկատեց, որ մրցույթն ու հաղթանակը իրեն տվել են ամենակարեւորը՝ ազատություն ու ընկերներ. «Ես բազմիցս եմ ասել, որ նախքան մրցույթին մասնակցելը շատ կաշկանդված էի իմ տեսակով, բայց մրցույթից հետո ավելի ազատ դարձա: Բացի այս, մրցույթը ինձ տվեց շատ ընկերներ՝ ի դեմս Անդրեի, ինչն իսկապես ինձ համար թանկ է»,- նշեց նա:
Պատանի տարիքում ճանաչված լինելը Վահեի համար իր խոսքերով անասելի հաճելի է. «Երբ նախագծից հայտնի դարձա եւ փողոցում կարող էին ինձ ճանաչել, թվում էր, թե այդ ամենը իրականությունից դուրս է, զարմանում էի, թե ինչու էին փողոցում ինձ մոտենում մարդիկ եւ ուզում ինձ հետ նկարվել, բայց պետք է ասեմ, որ ինձ համար շատ հաճելի է այն փաստը, այն, որ ինձ ճանաչում են եւ սիրում, անասելի երջանկություն է»,- պատմեց Վահեն:
Վահեն այս ոլորտում ունի հստակ նպատակ. «Իմ նպատակն է լինել բազմաժանր երգիչ, եւ չնայած հիմա ընդունվել եմ «Դասական վոկալ» բաժին, բայց ես երգում եմ թե ջազ, թե փոփ, թե ժողովրդական երգեր: Ես ուզում եմ ամեն անգամ նորովի ներկայանալ ժողովրդին»,- նկատեց նա:
Վահե Մարգարյանը մեզ հետ կիսվեց իր երազանքով. «Չգիտեմ մի օր իրականություն կդառնա երազանքս, թե ոչ, բայց շատ եմ ուզում Շառլ Ազնավորի հետ միասին երգել նրա «She» երգը, որը նախագծի ընթացքում ես միայնակ երգեցի: Շատ կցանկանամ, որ այդ երազանքս մի օր իրականություն դառնա»,-նշեց նա:
Նյութը՝ սկբնաղբյուր կայքում