▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ելենա Վարդանյանը` իր սեքսուալ կերպարի, բիզնեսմեն ամուսնու և դուստր ունենալու երազանքի մասին

Armlur.am-ը գրում է. Վերջերս հեռուստադիտողների դատին հանձնված «Դոմինո» սիթքոմում իր վառ և համարձակ տեսակով առանձնանում է մարզասրահի տնօրենի կերպարը, որն ամեն կերպ փորձում է գայթակղել մարզիչ հերոսներից մեկին: Այս դերում Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն է, ով անկեղծ զրույց է ունեցել կայքի հետ` անդրադառնալով իր կերպարին, ընտանեկան կյանքին և նվիրական երազանքին: 

Ելենա՛, սիթքոմում բավական բաց եւ համարձակ կերպար եք կերտում, վախ չկա՞, որ Ձեզ կասոցացնեն այդ շիկահեր տիկնիկի հետ:

Նմանատիպ դերեր խաղացել եմ նաեւ թատրոնում, որտեղ, իհարկե, լուրջ, դրամատիկ կերպարներ էլ եմ կերտել: Բայց, անկեղծ ասած, ես շատ սիրում եմ կատակերգական կերպարներ. դրանք օգնում են զոռ տալ երեւակայությանը: Ես նախկինում խաղացել եմ «Yere1», «Կարգին սերիալ» նախագծերում, այսինքն` կատակերգական ժանրում բաց դերերով հանդես գալու փորձ ունեմ: Բացի այդ` կարծում եմ` արտիստի համար կարեւորն իր աշխատանքը գրագետ կերպով կատարելն է: Եվ, անկեղծ ասած, ես երբեք որեւէ բանի համար չեմ փոշմանում` կվերաբերի դա դերերիս, թե կայացրածս որոշումներին: Ինչո՞ւ, որովհետեւ ուժգին կերպով սիրում եմ աշխատել: Կոնկրետ այս կերպարի հանդեպ իմ սերը յուրովի արտասովոր է, ինչպես մյուս կերպարների դեպքում: Իսկ եթե ինձ մոտ ասոցիացիային առնչվող վախ առաջանա, ուրեմն ոչ մի դեր, առհասարակ, չպետք է խաղամ:

Իսկ ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են Ձեզ հաճախ նման համարձակ եւ սեքսուալ կանանց դերեր բաժին ընկնում:

Նախևառաջ, ես այն համոզման եմ, որ մեր մասնագիտության դեպքում վիզուալ ազդեցությունը մեծ նշանակություն ունի, բացի այդ` ես հաճախ եմ նմանատիպ դերեր խաղացել, եւ երբեք իմ հասցեին խիստ քննադատություններ չեմ լսել: Եթե մարդը սիրում է իր կերպարը, նա չի քննարկի այն, այլ կանի այնպես, որ կոմեդիկ իրավիճակում իր աշխատանքը լավ կատարի: 

Դուք Ձեր շրջապատում հանդիպե՞լ եք նման «սեռաքաղց» կանանց: 

Շրջապատում ոչ, բայց կյանքում, այո, եղել են ծանոթներ, ինձ հասել են խոսակցություններ նմանատիպ վարքի տեր կանանց մասին: Ինձ պատմում էին, իսկ ես պատկերացնում էի, թե ինչպիսին կլինի նման կինը: Ինձ համար շատ հետաքրքիր է խաղալ այնպիսի կերպարներ, որոնք իրական կյանքում իմ հակապատկերներն են, բեմում կամ տեսախցիկի առջեւ անել բաներ, որոնք իրականում երբեք չէի անի: 

Իսկ կա՞ն դերեր, որոնք երազում եք խաղալ թատրոնում: 

Երեւի տարօրինակ հնչի, սակայն այդ առումով որեւէ երազանք չունեմ: Գիտե՞ք` ես շատ տարբեր դերեր եմ խաղացել, եւ միշտ հաճույքով եմ դա արել: Ես միայն երազում եմ, որ առողջությունս եւ համբերությունս հերիքի, ու ամեն օր բեմ բարձրանամ` անկախ նրանից, թե ինչ դեր կխաղամ: 

Ելենա՛, շատերին է հետաքրքրում` Ձեր մեջ այլազգիի արյուն կա՞:          

Ո՛չ, ես մաքուր հայ եմ, ծնվել եմ Երեւանում…

Որքանով տեղյակ ենք` ամուսնացած եք: Ձեր ամուսինը ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ մասնագետ է, նա տանը խանդի տեսարաններ չի՞ սարքում:

Արդեն չորս տարի է` ես քաղաքացիական ամուսնությամբ եմ ապրում: Անչափ սիրում եմ ամուսնուս եւ սիրված եմ: Մեզ մոտ ամեն բան հրաշալի է: Նա բիզնեսմեն է…Ես, օրինակ, մտնում եմ նրա դրության մեջ. եթե ես լինեի բիզնեսմեն, հավանաբար կխանդեի կնոջս, բայց իմ բախտը շատ է բերել. մեզ մոտ չեն ծագել նման խնդիրներ: Ամուսինս ինձ հրաշալի գիտի, ուստի չի խանդում. խանդելու համար ոչ մի տեղիք չկա:

 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին