Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ: Այն կրելու է «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» խորագիրը: Այդ օրը բեմում են լինելու հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ՝ Հայկոն, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Սոնա Շահգելդյանը, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Գոհար Հովհաննիսյանը, Հասմիկ Կարապետյանը, Աղասի Իսպիրյանը, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Սաֆարյանը, Անգելինա Գասպարյանը, «Հայքի»-ի Նարեկը, Զարուհի Բաբայանը, «Տարոնցիներ» ազգագրական համույթը, «A-Era» պարային ստուդիան և այլք: Համերգի մանրամասների մասին Asekose.am-ը զրուցել է միջոցառման հեղինակ և կազմակերպիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի հետ: Խոսելով բարեգործական համերգի մտահղացման մասին՝ Խաչիկ Եղոյանն ասաց. « Այս համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է մեր ընկերներից մեկին, որին ճանաչում են, համերգին մասնակցող մեր արտիստները: Այս համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է մեր ընկերներից մեկին, որին ճանաչում են համերգին մասնակցող մեր արտիստները: Նա ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, ըստ այդմ էլ` ֆինանսական աջակցության կարիք կա: Ցավոք. ես չեմ կարող բարձրաձայնել նրա անունը, քանի որ նա ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում , որ իր անունը հրապարակվի, իսկ ես էլ հարգում եմ նրա որոշումն ու խոստացել եմ լռել»:
Անդրադառնալով համերգի խորագրին ու «Երեք հրացանակիրներ»-ի գաղափարին՝ Խաչիկ Եղոյանը նշեց, որ ֆիլմի ընտրությունը պատահական չէ: «Ընկերության ամենաբարի դրսևորումներից մեկը հենց «Երեք հրացանակիրներ» ֆիլմում է ներկայացված: Ուստի ֆիլմի թևավոր խոսքը ընտրեցի և դարձրի համերգի խորագիր՝ «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»-նշեց պրն. Եղոյանը՝ հավելելով, որ գեղարվեստական այսպիսի լուծումը ցույց կտա հանդիստատեսին, որ բոլորն այդ օրը համախմբվել են մի նպատակի շուրջ:
Խոսելով համերգի մանրամասների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ երեկոն վարելու են «վիտամինցի» Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Վահագն Գրիգորյանը՝ «երեք հրացանակիրների» տեսքով, իսկ համերգին մասնակցելու են այսօրվա ամենսաիրված ու ճանաչված արտիստները, ովքեր պատրաստ են ձեռք մեկնել նրան, ով դրա կարիք ունի: «Մենք պետք է հասկանանք, որ մեր կողքին կան մարդիկ, ովքեր մեր օգնության կարիքն ունեն, որ կյանքն իմաստավորվում է այն դեպքում, երբ փորձում ենք դիմացինին օգնել»,- զրույցի ընթացքում ասաց Խաչիկ Եղոյանը:
Համերգի տոմսերը վաճառքում կլինեն մոտ օրերս: Ինչ վերաբերում է գներին, ապա կազմակերպիչը վստահեցրեց, որ դրանք մատչելի են. «Տոմսերն արժեն 2000-10000 դրամ: Ուզում եմ, որ հանդիսատեսը միանա այդ օրը մեր բարի գործին: Մեր նպատակը բիզնեսը չէ, այլ դահլիճը մարդաշատ տեսնելն ու բոլորիս օգնությամբ հայ մարդուն օգնելը: Ուզում եմ շեշտել, որ ամեն մի տոմս գնող վստահ լինի, որ լավ ընկերոջ պես կանգնեց մի մարդու կողքին, ով այսօր դրա կարիքն ունի»,- ասաց Խաչիկ Եղոյանը:
«Իսկ գեղեցիկ երեկոն երաշխավորում ենք: Այսինքն՝ կփորձենք «մի կրակոցով երկու նապաստակ որսալ»՝ հաճելի ժամանց և բարի գործ»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» խորագիրը կրող բարեգործական համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան