Life.panorama.am-ը զրուցել է հոկտեմբերի 22-ից մեծ էկրաններին ցուցադրվող նոր` «Սիրո գործակից» կատակերգական ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի հետ:
Հայկ, կխնդրեի նախ մի փոքր պատմեիք այս ֆիլմի ստեղծման գաղափարից:
Պետք է ասեմ, որ այս ֆիլմի գաղափարը ունեցել ենք դեռ շատ վաղուց և այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն էլ սկսել ենք «Սուպեր մամա» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո: Այսինքն՝ շուրջ մեկ տարի աշխատաել ենք «Սիրո գործակից»-ի վրա, փորձել ենք ամեն բան շատ բարձր մակարդակով իրականացնել:
Արդեն հասկանալի է, որ ֆիլմը հատուկ ուղղվածություն ունի, հետաքրքիր է ինչո՞ւ, ո՞րն է եղել նպատակը:
Այո, ֆիլմը կլինի սպորտային ուղղվածության, որի նմանը դեռ չի եղել հայկական կինոշուկայում: Մենք էլ փորձեցինք գնալ այդ քայլին: Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում թվում էր, թե դժվարություններ կլինեն, բայց, երբ մտանք պրոցեսի մեջ, տեսանք, որ մեծ թվով մարդիկ զբաղվում են հենց մեծ թենիսով, որոնց մասին մենք անգամ չէինք կարծում: Մեզ համար նման ուղղվածության ֆիլմ ստեղծելու համար նաեւ մեծ խթանիչ ուժ հանդիսացավ այն հանգամանքը, որ սպորտով զբաղվելը ճիշտ եւ առողջ ապրելակերպ է, պետք է հաճելիորեն նկատեմ նաեւ, որ մեր անձնակազմից շատերը նկարահանումներից հետո որոշեցին զբաղվել սպորտով, շատերը՝ հենց մեծ թենիսով: Հուսամ, որ ֆիլմը դիտելուց հետո շատերը կոգեւորվեն և կցանկանան զբաղվել սպորտով, ինչը, իսկապես, շատ կարևոր է մարդու կյանքում:
Կարծես թե, «Սուպեր մամա»-ի դերասանական կազմը պահպանվել է, միայն ավելացել են ևս մի քանի դերակատարներ:
Այո, գրեթե բոլոր դերասանները պահպանվել են, միայն հերոսուհին է փոխվել, դա էլ զուտ այն պատճառով, որ սխալ կլիներ, որպեսզի գլխավոր հերոսուհին նույն մարդը լիներ, հետո մենք մտադրություն ունենք հաջորդ տարի նկարահանել նաեւ «Սուպեր մամա 2»-ը, որտեղ մեծ հավանականությամբ Անի Խաչիկյանը կրկին հանդես կգա:
Գլխավոր հերոսուհին Էթերի Ոսկանյանն է, ում հեռուստադիտողը մշտապես տեսել է շատ լուրջ, տխուր կերպարներում, նրան հումորային ժանրում պատկերացնելը ռիսկային քայլ չէ՞ր, քանի որ հանդիսատեսն արդեն սովոր էր նրան տեսնել լուրջ կերպարներում:
Մենք մեր տեսակով կարծրատիպեր քանդող ենք, մենք միշտ գնացել ենք այն ճանապարհով, որը հեռուստադիտողին, այս պարագայում՝ կինոդիտողին հետաքրքիր լինի: Եթե մարդիկ սովոր են տվյալ դերասանին միօրինակ կերպարներում տեսնել, մենք փորձել ենք ներկայացնել նրան այլ կողմով, օրինակ «Սուպեր մամա»-ում Լևոն Հարությունյանին այնպես էինք փոխել, որ մարդիկ անգամ չգիտեին, թե նա ով է: Այս ֆիլմում էլ մենք այնպես ենք փոխել մեր դերասաններից մի քանիսին, որոնց տեսնելիս վստահաբար կինոդիտողը հաճելիորեն անակնկալի կգա: Այսինքն՝ մենք միշտ գնում ենք էքսպերիմենտների, որոնք, հուսամ հաջողություն կունենան:
«Սիրո գործակից»-ում նկարահանվել է նաև վիտամինցի Արմուշը, եթե հաշվի առնենք, որ Գարիկը ևս «Վիտամին ակումբ»-ի ներկայացուցիչ է, սա նշանակում է, որ համագործակցել եք «Վիտամին ակումբ»-ի հե՞տ:
Վիտամինի տղաների հետ շատ վաղուցվա ընկերներ ենք, բայց մեզ մոտ դերասանների համար քասթինգ արվում է ըստ դերերի, այսինքն՝ մեզ մոտ երբեք չկա ընկեր-ծանոթ-բարեկամ-խնամի մոտեցումը: Շատ լավ դերասաններ կան, ովքեր մեզ մոտ ընկերներն են, բայց այս ֆիլմում չեն խաղում, այսինքն՝ դերասաններ ընտրել ենք ըստ կերպարների համապատասխանության:
Ֆիլմի որակի մասին խոսելիս առաջինը շեշտվում է ֆիլմի բյուջեն, սա համաշխարհային մոտեցում է, որից դուք ևս զերծ չեք մնացել: Նշանակում է, որ ֆիլմը բացի բովանդակային որակից, ունի նաև տեխնիկական բարձր որա՞կ:
Այո, ֆիլմի համար ծախսվել է մոտավորապես 350.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց քանի որ աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, հնարավոր է, որ այս թիվը դեպի վերև որոշակի փոփոխությունների ենթարկվի, արդյունքում գուցե 400.000 ԱՄՆ դոլարին հասնի «Սիրո գործակցի» բյուջեն: Այս ֆիլմը «Ալաբալանիցա»-ից և «Սուպեր մամա»-ից տարբերվելու է նրանով, որ սա շատ ավելի ծախսատար է եղել և թե տեխնիկապես, թե մարդկային ռեսուրսներով ավելի հագեցած ու տարողունակ: Մեզ մոտ մեկ տեղում են բավականին մեծ թվով սիրված և տաղանդավոր աստղեր, որոնցից ամեն մեկը կարող են մի ֆիլմի գլխավոր դերակատար լինել:
Հետաքրքիր է, նկարահանումները իրականացվել են միայն Հայաստանո՞ւմ:
Այո, միայն Հայաստանի սահմանում է եղել, բայց իրոք Հայաստանի, որովհետև նույն «Սուպեր մամա»-ն նկարահանել ենք հիմնականում Երևանում, իսկ այս ֆիլմի մեծամասնությունը նկարահանել ենք Ծաղկաձորում, Դիլիջանում և Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում, այնպես որ, ֆիլմը դիտելով կարելի է հիանալ նաև մեր երկրի չքնաղ բնությամբ:
Հայկ, շատերը նկատում են, որ վերջին շրջանում նկարահանվող հայկական ֆիլմերը մեկանգամյա դիտման են արժանանում, ի՞նչ եք կարծում՝ «Սիրո գործակիցը» նման ֆիլմերից չի՞ լինի:
Ես կարող եմ այս հարցին պատասխանել «Սուպեր մամա»-ի օրինակով, որի դեպքում մենք մեր երկրի համար վերջին 25 տարվա կտրվածքով գրանցեցինք աննախադեպ դիտման ռեկորդ՝ «Սուպեր մամա»-ն դիտել են 220.000 մարդ, որի շարքում շատերը երկու անգամ են դիտել, իսկ մի փոքր տոկոսն էլ անգամ երեք և չորս անգամ: Նույն կերպ ռեկորդ գրանցեցինք նաև յութուբում, որտեղ գրանցվել է 5 միլիոնից ավելի դիտում:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում