life.panorama.am-ը գրում է. Դերասան Սարգիս Գրիգորյանին շատ շուտով կրկին կտեսնենք «Շանթ» հեռուստաընկերության եթերում. դերասանը կներկայանա «Սահմանին» կոչվող մի քանի մասանոց ֆիլմում: Իր եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ կոնֆլիկտի եւ առաջիկա աշխատանքային պլանների մասին Life.panorama.am-ի հետ այսօր զրուցեց Սարգիս Գրիգորյանը:
Զրույցի սկզբում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է դերասանը ընդունել «Շանթ» հեռուստաընկերության առաջարկը մասնակցելու «Սահմանին» ֆիլմի նկարահանումներին, քանի որ շատերն են հիշում դերասանի եւ այդ հեռուստաընկերության միջեւ կոնֆլիկտի լուրերը, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց.
«Շանթ» հեռուստաընկերության եւ իմ միջեւ եղել է ստեղծագործական, այլ ոչ թե անձնական միջադեպ: Այո, որոշ ժամանակով ես փոխեցի հեռուստաընկերությունը, բայց վերջերս գլխավոր պրոդյուսերից առաջարկ ստացա «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար, որը սիրով ընդունեցի, դե իսկ հետո փորձեցինք շարունակել մեր հաջողված գործունեությունը արդեն «Սահմանին» ֆիլմում: Պետք է ասեմ, որ 7 տարի աշխատելով «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ ես չեմ կարող չնշել այդ հեռուստաընկերության՝ իմ կյանքում կարեւոր տեղը: Պետք է նաեւ նշեմ, որ առաջարկները ընդունելու հարցում մեծ դեր ունեցան այդ երկու ֆիլմերի բարձր որակը: Կարող եմ անկեղծորեն եւ հանգիստ նշել, որ ես դեռ չէի մասնակցել տեխնիկական այդպիսի բարձր զինվածությամբ եւ հագեցվածությամբ ֆիլմերում, սրանք իրենց որակով տասն անգամ բարձր են: Այսօր ես տեսնում եմ, որ «Սահմանին» ֆիլմի համար հավաքված թիմը տրամադրված է մեր Հայոց բանակին արժանի ֆիլմ ստեղծելուն, ինչն ինձ համար շատ կարեւոր է»,- նշեց դերասանն ու հավելեց.
«Այս ֆիլմում ես ոչ թե մտածել եմ գլխավոր կամ կարեւոր հերոսով ներկայանալու մասին, այլ փոխվել եմ մի դաշտ, որտեղ կերպարային դեր կխաղամ եւ իմ արվեստով կփորձեմ ինչ-որ չափով ոգեշնչել երիտասարդներին: Այստեղ իրականացվում է որակական աշխատանք, ինչը յուրաքանչյուր դերասանի երազանքն է: Իմ՝ որպես դերասանի նկատմամբ վերաբերմունքից, առհասարակ դերասանների նկատմամբ ուշադրությունից, ամեն մանրուքից ես հասկանում եմ, որ շատ լուրջ գործ է սպասվում»:
Անդրադառնալով «Սահմանին» ֆիլմում իր կերպարին՝ դերասանը պատմեց. «Այստեղ հետախուզական ջոկատի հրամանատար եմ՝ մայոր Գրիգորյանը: Իմ կերպարը բավականին լուրջ, խիստ, պահանջկոտ եւ գործին նվիրված սպա է, ով ունի իր անցած ճանապարհը, ես էլ փորձել եմ ինձնից որոշ բաներ ներդնեմ, որպեսզի էլ ավելի ազդեցիկ դարձնեմ այդ հերոսին: Ճիշտ է՝ այս կերպարը իմ իրական տեսակի հետ որոշակի ընդհանրություններ ունի, բայց այստեղ ես փոխել եմ իմ շարժուձեւն ու ձայնս: Պետք է նկատեմ, որ այս կերպարում փորձել եմ մի փոքր նմանակել իմ գումարտակի հրամանատարին՝ Մհեր Ստեփանյանին, փորձել եմ մի փոքր իր մոտեցումը, քայլվածքը, ջղային եւ կարգապահ տեսակը ներդնել իմ կերպարի մեջ, որպեսզի այն ավելի իրական դարձնեմ: Մհեր Ստեփանյանն ինձ համար ուժ էր, նա երբ մտնում էր զորամաս, ուներ սթափեցնող հայացք, որը գուցե այդ ժամանակ զինվորներին այնքան էլ դուր չէր գալիս, բայց հետո հասկանում էինք, որ մեր մեջ նա շատ կարեւոր հատկանիշներ է դաստիարակել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում