▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Նշանյան. «Միշտ էլ ունեցել եմ բիզնես. փող աշխատելն ինձ համար հեշտ է»

BlogNews-ը գրում է.  Երգիչ, դերասան Արման Նշանյանը մի քանի օրից իր լսարանին նոր տեսահոլովակ կներկայացնի։ Արմանը նորովի է ներկայացրել Ջրբաշյանի «Հայուհի գեղեցիկ» ստեղծագործությունը։ BlogNews-ը երգչի հետ հետաքրքիր զրույց է ունեցել։ Հրապարակում ենք նաև առաջին լուսանկարները տեսահոլովակից։

 

-Արման, հին երգերը նորովի ներկայացնելու փորձ նախկինում էլ ես ունեցել։ Այս անգամ ինչո՞վ էր պայմանանորված նման ընտրությունդ։

- Ես դրսում եմ մեծացել, տատիկս օպերային երգչուհի է, մերոնք այդ ոսկե դարն ապրած մարդիկ են։ Ինձ համար Հայաստանն ու հայը հենց այն շունչն են, որով ես մեծացել եմ։ Մենք պետք է հիշենք մեր հին արժեքները, երգերը։ Հիմա այդ ամենը չկա, երիտասարդները քիչ են հիշում մեր դասական ֆիլմերը, երգերը։ Հոսքով գնալն իմ ճանապարհը չէ, իմ ուղին գուցե մի քիչ դժվար է, բայց ուզում եմ ստեղծել մի կամուրջ, որը մեր արժեքավոր երգերը կներկայացնի երիտասարդ ունկնդիրնորի ուշադությանը։ Ես խնդիր չունեմ մտածելու՝ ինչ անեմ, որ հիթ դառնա, հետո ինձ հարսանիքի հրավիրեն, գումար աշխատեմ։

-Երգը շատ գեղեցիկ է, սակայն չե՞ս կարծում, որ այն մարդիկ, ովքեր այլ ոճի երգեր են սիրում, միևնույնն է, սրա կողքով են անցնելու, իսկ նրանք, ովքեր գնահատում են այս որակի ստեղծագործությունները, կարիք ունեն բարձրաճաշակ ու գեղեցիկ նոր ստեղծագործությունների։

-Իմ առաջին տեսահոլովակը՝ «Գնա»-ն, նոր երգի հիման վրա էր, երկրորդը՝ «Քո սիրո համար»-ը, հին էր, հետո՝ «Մենության գիշերը» էլի նոր էր։ «Հայուհին» հին երգ է, միշտ սիրել եմ, թեև տեսահոլովակ նկարահանելու մտադրություն չունեի։ Որպես ինձ հոգեհարազատ երգ՝ տվեցի Նիկ Էգիբյանին, որ գործիքավորի ձայնասկավառակիս համար, սակայն երբ լսեցինք վերջնական տարբերակը, այնքան հետաքրքիր, նորաոճ ու լավն էր, որ որոշեցինք տեսահոլովակ նկարահանել։ Իմ սիրելի երևույթներից մեկը հայ կանայք են, ի վերջո, պետք է շեշտեմ դա։)

-Այս երգը քո կատարմամբ արդեն լսել ենք, հիմա նոր գործիքավորմա՞մբ ես ներկայացնելու։

-Այո, այն կատարել եմ մենահամերգիս ժամանակ, «Երգ երգոցում», ներբեռնված է նաև «Youtube»-ում, բայց հիմա նոր գործիքավորմամբ ենք ներկայացնելու ու մատուցելու։ Կարծում եմ՝ այս տարբերակը շատ ավելի հասանելի կլինի բոլորին, չնայած՝ դասական սիրողները միշտ էլ դասականն են սիրելու։ Ես արեցի այն, ինչ համարեցի ճաշակով՝ պահպանելով բոլոր սկզբունքները։

-Իսկ ի՞նչ տեսահոլովակ է սպասվում։

-Տեսահոլովակը տաղավարում ենք նկարահանել։ Արտյոմ Աբովյանը շատ գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանել՝ շեշտը դրված է գեղեցիկ կանանց վրա, տասն աղջիկ են խաղում։ Ես ցանկացել եմ շեշտը դնել այն փաստի վրա, որ գեղեցկությունը կարծրատիպային չէ։ Բոլորի մոտ այն կարծրատիպն է, որ մոդելային արտաքինով՝ նիհար, բոյով աղջիկներն են գեղեցիկ, դա է ճիշտը, բայց դա չի ճիշտը. ճիշտն այն է, երբ հոգում պահպանվում է այդ գեղեցկությունն ու խորությունը, կինն իր սկզբունքներին դեմ չի գնում։ Բոլոր հայ կանայք գեղեցիկ են, կարևորն այն է, որ կինը ներքուստ գտնի իր գեղեցկությունը և չվաճառի, չկորցնի։

-Իսկ դու գտե՞լ ես քո գեղեցիկ հայուհուն։

-Չէ։)

-Առաջիկայում պատրաստվում ես ձայնասկավառակ թողարկել, ի՞նչ ստեղծագործություններ են ներառված այնտեղ։  

-Մի քանի հին երգ կներկայացնեմ իմ մատուցմամբ՝ «Արի ինձ մոտ», «Սիրո երգ», «Հայուհի գեղեցիկ», «Սիրեցի, յարս տարան», մյուսները նոր երգեր են։ Կարելի է ասել, 60%-ը նոր երգեր են, 40%-ը՝ հին։ Լիանա Անդրեասյանը նոր երգ է գրել ինձ համար, որը շուտով կներկայացնեմ։ Մի նոր երգ էլ Վահրամ Պետրոսյանն է գրել ինձ համար։ Անգլալեզու տարբերակի հիման վրա արդեն տեսահոլովակ եմ նկարահանել, շուտով պատրաստ կլինի նաև հայերեն տարբերակը։

-Ե՞րբ պատրաստ կլինի։

-Շուտով կրկին մեկնելու եմ ԱՄՆ, եթե մինչ այդ չհասցնեմ, ուրեմն՝ գարնանը։

-Արման, 21-րդ դարում սկավառակ թողարկելը որքանո՞վ է նպատակահարմար, քանի որ դրանց գոյությունը սիմվոլիկ է դարձել։

-Դրա համար ես մի քիչ այլ ձևաչափով եմ ներկայացնելու ձայնասկավառակս. մեկը սովորական սկավառակ է լինելու, մյուսը ցանկանում եմ «վինիլ» լինի։ Դա այսօր աշխարհում շատ նորաձև է, համաշխարհային երգիչներն էլ են այդ տարբերակով թողարկում ալբոմները։ «Վինիլը» բավականին թանկ հաճույք է, բայց մնայուն արժեք է։ Ձայնի որակն անհամեմատ ավելի բարձր է։  Ձայնասկավառակ թողարկելն անիմաստ է և ոչ շահավետ, սակայն իմ գործն ինձ համար բիզնես չէ։ Ես երբևէ այս գործը չեմ արել որպես բիզնես։ Ես դա անում եմ, որովհետև, փառք Աստծո, ունեմ հնարավորություն։

-Ունե՞ս ուրիշ բիզես, որով ստեղծում ես այս ոլորտում առանց ֆինանսական ակնկալիքի աշխատելու հնարավորություն։

-ԱՄՆ-ում միշտ էլ ունեցել եմ բիզնես։ Փող աշխատելն ինձ համար հեշտ է, իսկ այս գործում ինձ համար ամենակարևորը սկզբունքներս են, եթե պետք է գումար աշխատեմ՝ սկզբունքներիս դեմ գնալով, նշանակում է՝ վաճառվում եմ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին