Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ, ով վերջին շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության տարբեր հեռուստասերիալներում: Այս պահին հեռուստադիտողը նրան տեսնում է «Ուրիշի հոգին» սերիալի գլխավոր հերոսի կերպարում, իսկ շուտով Աշոտ Տեր-Մաթեւոսյանը կներկայանա զինվորական համազգեստով, քանի որ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում:
Մեզ հետ զրույցում դերասանը նախեւառաջ նկատեց, որ իր համար մեծ պատասխանատվություն է նկարահանվել Հայոց բանակի մասին ֆիլմում. «Շուտով եթեր դուրս կգա «Սահմանին» ֆիլմը, որը շատ լուրջ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, մանավանդ, որ մեր օրերում սահմանին լարվածություն է տիրում ու այդ թեմայով աշխատանքն իսկապես տեղին է, քանի որ թե ժողովրդին, թե մեր զինվոր տղերքին պետք է «դուխ տանք», ոգեւորոնք»,- նշեց նա:
Իր կերպարի մասին խոսելիս՝ Աշոտը պատմեց, որ իր հերոսի միջոցով ցույց կտրվի, որ հայրենիքը վեր է ամեն բանից. «Իմ հերոսը շատ հայրենասեր տղա է, ով ամուսնացած է եւ երեխա ունի: Նրա կինը հոգնել է զինվորական ամուսնու մշտկան բացակայություններից, նրա հետ զորամասից զորամաս, մարզից մարզ տեղափոխվելուց, բայց իմ հերոսը նույնիսկ ընտանեկան խնդիրները հաշվի չի առնում, կնոջը հորդորում է երեխայի հետ մնալ Երեւանում, իսկ ինքն էլ շարունակում է իր անձնվեր աշխատանքը: Սա արդեն մտածելու տեղիք է տալիս, քանի որ դա խոսում է այն բանի մասին, որ նա այնքան հայրենասեր է, որ իր հայրենիքի համար իր աշխատանքը չի թողնում եւ անգամ գերադասում է հեռու լինել ընտանիքից, բայց նվիրված մնալ հայրենիքին ու շարունակել պաշտպանել այն: Սա, բնականաբար, չի նշանակում, որ նա թողնում է ընտանիքը, պարզապես նման քայլը արդեն խոսում է նրա տեսակի եւ աշխարհընկալման մասին»,- նշեց նա:
Հետաքրքրվելով դերասանից, թե արդյոք իրական կյանքում պատրաստ կլինե՞ր սահման գնալու եւ հայրենիքը պաշտանելու, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը պատասխանեց. «Աստված չանի, որ լուրջ պատերազմական վիճակ լինի, բայց հարկ եղած դեպքում, իհարկե, մենք բոլորս պետք է գնանք ու պաշտպանենք մեր հայրենիքը,- նշեց նա ու հավելեց,- այս ֆիլմի ընթացքում իսկապես մեծ դժավրություններ ենք հաղթահարում, եւ չնայած ես չեմ ծառայել, այս պահին կարծես թե կիսով չափ ծառայում եմ»:
Մեր այն հարցին, թե խաղալով եւ «Ուրիշի հոգին» սերիլաում, եւ «Սահմանին» ֆիլմում, արդյոք հեռուստադիտողը պատրաստ է միեւնույն ժամանակահատվածում միմյանցից խիստ տարբեր դերերում տեսնել նրան, դերասանը պատասխանեց. «Չգիտեմ հեռուստադիտողը կընդունի իմ երկու կերպարներին միժամանակ, թե ոչ, բայց որ նախագծերը իրենց տեսակով միմյանցից խիստ տարբեր են, դա արդեն ունի իր դրական կողմը, այսինքն՝ նույն իրավիճակում հանդես չեմ գալու: Չեմ կարող ասել, թե ժողովուրդը ինչպես կընդունի, բայց ինձ շատ հաճելի է նույն ժամանակահատվածում տարբեր հերոսների կերտելը»:
Խոսելով ժողովրդի մեջ տարածված ընկալումից, ըստ որի այս ընթացքում «Շանթ» հեռուստաընկերության «դեմքը» Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է, այն դեպքում, երբ տարիներ առաջ հանրության համար նույն հեռուստաընկերության «դեմք» էր հանդիսանում Սարգիս Գրիգորյանը, ինչը շատերի համար նշանակեց, թե Աշոտը զբաղեցրել էր Սարգիսի՝ այսպես կոչված «տեղը»՝ դերասանը կես կատակ, կես լուրջ նկատեց. «Անկեղծ ասած այդ խոսակցությունները ինձ չեն հասել: Դերասանը մնում է դերասան, այդ խոսակցություններն էլ ինձ ծիծաղելի են թվում, որոնք ես չեմ կարողանում հասկանալ: Սարգիսի հետ ես շատ նորմալ հարաբերություններ ունեմ, այս պահին նկարահանվում ենք նույն նախագծում, եւ եթե մարդկանց այդպես հարմար կլինի, թող մտածեն, որ «Շանթի» երկու «դեմքերն» են նկարահանվում եւ այսուհետ երկու «դեմքերը» միավորվում են: Հավատացեք ես նման լուրեր չէի լսել»:
Նյութը՝ սկզբնաղյուր կայքում