▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հույսեր եմ կապում վերադարձիս հետ. երգչուհի Իրինա Հարությունյանը չորս տարի անց վերադառնում է շոու բիզնես

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Իրինա Հարությունյանը չորս տարվա դադարից հետո վերադառնում է:

«Չորս տարի դադար՝ սա, իհարկե, երկար ժամանակ է, բայց ուներ իր արդարացված պատճառաբանությունը. ես ունեցա որդի, ում խնամքով զբաղվելը ինձ համար ամենակարեւորն էր, որոշեցի, որ ինձ ամբողջությամբ պետք է նվիրեմ նրան, որպեսզի իր կյանքի առաջին տարիները իմ ուշադրության եւ խնամքի պակասը թեկուզեւ մեկ օրով նա չունենա: Այսօր տղաս՝ Լեոն, արդեն չորս տարեկան է, ուստի կկարողանամ, որոշ իմաստով ինձ տրամադրել նաեւ կարիերային, թեպետ վստահաբար դրանից իմ ուշադրությունը նրա հանդեպ չի պակասի»,- կայքի հետ զրույցում պատմել է երգչուհին ու հավելել.

«Պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում մեջս ստեղծագործական իմաստով շատ բան է հավաքվել: Միաժամանակ վերջին տարիներին մտքեր եմ ունեցել առհասարակ չվերադառնալու, քանի որ մի տեսակ չպատճառաբանված վախ ունեի, բայց հետո հասկացա, որ չեմ կարող առանց բեմի ապրել, որ ինձ թերի եմ զգում, երբ չեմ երգում եւ պետք է վերադառնամ, իսկ թե վերադարձս ինչպե՞ս կընդունի հանդիսատեսը, ժամանակը ցույց կտա: Միայն կարող եմ ասել, որ ամեն բան անում եմ, որպեսզի վերադարձս արդարացված լինի. չգիտեմ, թե ինչ կլինի, բայց մի տեսակ մեծ հույսեր եմ կապում վերադարձիս հետ…»:

Հետաքրքքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված վերադարձի նկատմամբ երգչուհու վախը, Իրինան պատասխանել է.

«Չեմ կարող ասել, չգիտեմ, ուղղակի հոգեվիճակս էր այդպիսին: Ես ոչ մեկից նեղացած չէի, ոչ էլ հիասթափված, իմ կյանքում մի փուլ էր, երբ ինձ ճնշված էի զգում, որն, ի ուրախություն ինձ,  արդեն անցել է, արդեն հաղթահարել եմ այդ դժվարությունները, արդեն որոշում եմ կայացրել վերադառնալ և փառք եմ տալիս  Աստծուն իմ այդ որոշման համար»:

Ի դեպ, երգչուհին տեղեկացրել է, որ այն ընթացքում, երբ էկրաններին չի եղել, չի դադարել ստեղծագործել.

«Այս ընթացքում ես ստեղծագործել եմ, մի քանի երգեր եմ գրել, վերջերս «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Արմեն Հովհաննիսյանը իմ հեղինակած երգը նվիրեցի, որի հիման վրա նա տեսահոլովակ նկարահանեց: Այսինքն՝ դադարի ընթացքում ես պարապուրդի չեմ մատնվել, անընդհատ ստեղծագործել եմ: Ընդ որում, առաջիկայում կփորձեմ ներկայացնել նաեւ իմ հեղինակած երգերը, քանի որ նպատակ ունեմ ապագայում միայն իմ հեղինակած երգերով հանդես գալ»,- նկատել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին