▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա շատ կնամեծար մարդ է. Քեթրին Մանասյանը՝ ընտանեկան կյանքի և եթերային դադարի մասին

Life.panorama.am-ը գրում է.Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը մեր այսօրվա զրուցակիցն է, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից եւ նախագծերից:

-Քեթրին, արդեն որքան ժամանակ է հեռուստաէկրաններին Ձեզ չենք տեսնում: Հետաքրքիր է՝  ի՞նչն է եթերային լռության պատճառը, առաջիկայում կշարունակվի՞ թվացյալ դադարը, թե նոր հեռուստատեսային նախագծեր են սպասվում:

- Այո, վերջին մեկ տարուց ավելին, ինձ մոտ կարծես թե դադարի նման մի բան է, քանի որ մայրացա եւ հիմա մեծ ոգեւորությամբ մեծացնում եմ որդուս եւ վայելում եմ նրա առաջին քայլերը: Այսինքն՝ դադարս պայմանավորված է շատ հարգելի եւ հաճելի պատճառով: Թեպետ պետք է նշեմ, որ անգամ հղիության 8-րդ ամսում ես բեմում եմ եղել, իսկ հիմա փորձում եմ վերականգնել նախկին կազմվածքս, որպեսզի կարողանամ կրկին նկարահանվել ֆիլմերում: Այս պահին շարունակում եմ խաղալ թատրոնում, այսինքն դեռ փետրվար ամսից վերադարձել եմ թատերական գործունեությանս, իհարկե, դեռ շատ ներկայացումներում ներգրավված չեմ, քանի որ որդիս ընդամենը մեկ տարեկան եւ երկու ամսական է ու դեռ շատ ունի իմ կարիքը:

-Քեթրին, մի փոքր կպատմե՞ք, թե ինչ է այս շրջանում կատարվում Կամերային թատրոնում:

- Այս շրջանում նոր ներկայացում ենք պատրաստում, որտեղ գլխավոր դերում եմ հանդես գալիս: Այն իրավիճակային կոմեդիա է: Այս ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները. պատրաստվում ենք այդ ներկայացման պրեմիերային: Բացի դրանից, այժմ այստեղ է գտնվում ամերիկահայ պոետ Սոնա Վանը, ում միջոցառումներին ես մշտապես մասնակցել եմ, վերջին օրերին կայացավ  նրա հերթական գրական երեկոն, որը կրկին ես ներկայացրեցի:

-Իսկ հեռուստատեսությունների կողմից դեռ առաջարիկներ չկա՞ն, թե դուք եք հրաժարվում դրանցից:

- Այս առումով ցավով պետք է նշեմ, որ մեր ռեժիսորները ունեն հետեւյալ կարծրատիպը՝ այն դերասանները, ովքեր մեկ-երկու անգամ հանդես են եկել նմանօրինակ դերերով, այլեւս ոչ մի ուրիշ կերպարներում նրանց չեն տեսնում: Նույն կերպ եւ ինձ հետ է տեղի ունենում: Վերջերս մի առաջարկ ստացա կրկին նմանատիպ մի դերի համար, բայց երբ գնացի հանդիպման, կազմակերպիչները անակնկալի եկան, քանի որ մինչ այդ իրենց տեսած սպորտային կազմվածքով Քեթրինը մի փոքր գիրացած էր, արդյունքում, այդ կերպարին հարմար  չէր այսօրվա արտաքինս, թեպետ ես չափից շատ չեմ գիրացել, պարզապես կազմվածքս մի փոքր փոխվել է բալիկից հետո: Ես շնորհակալ կլինեմ այն կազմակերպիչներին, ովքեր որեւէ նախագծում նկարահանվելու համար հաշվի առնեն տաղանդը, շնորհքը, այլ ոչ թե այլ պատճառներ:

-Շատերը գիտեն, որ դուք նաեւ երգում եք, բայց այդպես էլ երգարվեստով խորապես չզբաղվեցիք, ինչո՞ւ, արդյոք դերասանական արվեստն էր լավ իմաստով մեղավորը, թե երգի նկատմամաբ սերը մեծ չէր:

- Այո, ես հիմա էլ եմ շարունակում երգել տարբեր կորպորատիվ միջոցառումներում, բայց արդեն ավելի հազվադեպ: Մշտական որեւէ ակումբում ներկայանալու համար հարկավոր է նոր ծրագիր մշակել, իսկ դա կրկին մեծ ժամանակ է պահանջում: Ինչ վերաբերվում է երգարվեստում խորանալուն եւ տեսահոլովակներ նկարահնելուն, ապա պետք է ցավով նկատել, որ մեր երկրում երգիչների մեծ մասը տեսահոլովակ է նկարահանում, որպեսզի իրենց հրավիրեն կորպորատիվ միջոցառումներում երգելու, այսինքն՝ վերջնական նշաձողը մեր երկրում դա է դառնում երգչի համար, դե ես էլ մտածում եմ, որ այսպես, թե այնպես ես առանց տեսահոլովակ նկարահնելու հրավերներ եմ ստանում եւ մասնակցում եմ այդ միջոցառումներին: Նույն կերպ իմաստ չեմ գտնում ձայներիզ թողարկել, ես երգում եմ ջազ ու շատերը գիտեն դրա մասին: Հատուկ շեշտեմ, որ ոչ մեկին չեմ մեղադրում, գուցե շատերը այդպես գումար են վաստակում: Ինձ համար դերասանի աշխատանքը միշտ առաջին տեղում է եղել, եւ որպես երգչուհի ներկայանալը ինձ համար գտնվում է երկրորդ պլանում:

-Քեթրին, ունեք Ձեր հրաշք փոքրիկը, մի փոքր կպատմե՞ք մայր դառնալու Ձեր զգացողությունների, ապրելակերպի եւ փոքրիկի մասին:

- Իհարկե, աննկարագրելի երջանիկ եմ, բայց զգացողություններս նկարագրել չեմ ցանկանա, քանի որ դա համարում եմ միայն իմը եւ չեմ կարող դրանց մասին կիսվել, միայն կարող եմ ասել, որ կցանկանամ յուրաքանչյուրը իր տանը ունենա այն զգացողությունները, ինչ ես հիմա ունեմ: Ինչ վերաբերվում է տղայիս նմանություններին, ես միշտ ասում եմ, որ որդիս՝ Ջոյ Իսահակը, հայրիկի դիմագծերով, բայց իմ հայացքով երեխա է: Նա մեր հետաքրքիր միքսն է, շատ ակտիվ է, նա անգամ քնած ժամանակ է ակտիվ, ողջ քնի ընթացքում կարող է երգել, գիշերվա կեսին կարող է արթնանալ եւ ինձ հետ սկսի խաղալ: Մի խոսքով ողջ օրս իրեն է նվիրված: Ի դեպ, մեր փոխարեն հաճախ ինքն է իր դեմքի արտահայտություններով եւ ձայներով մեզ ուրախացնում, արդյունքում՝ ինքն է  մեզ զբաղեցնում, այլ ոչ թե մենք իրեն: Որդիս նույն մարդկանցից, անգամ մեզնից կարող է շուտ ձանձրանալ, սիրում է նոր մարդկանց հետ ծանոթանալ, շփվել:

-Քեթրին դուք ամուսնացել եք այլ մշակությում մեծացած, հետեւաբար այլ մտածողությամբ տղամարդու հետ, տարբեր մշակույթներում դաստիարակված հայ ամուսինները ինչպիսի՞ն են, կպատմե՞ք Ձեր փոխհարաբերությունների մասին:

- Ես ունեմ հրաշալի ամուսին: Այո, մենք ահռելի տարբեր մշակությներում ենք դաստիարակվել, մեծացել, բայց նա մեծանալով Սիրիայում, հոգով եւ սրտով, իր տեսակով շատ հայեցի տղամարդ է: Ավելին ասեմ՝ նա ինձնից ավելի հայրենասեր է: Ինձ համար մեծ առավելություն է նույնիսկ, որ նա մեծացել է այլ մշակությի մեջ, քանի որ այդպիսով նա շատ կնամեծար մարդ է, ինձ հետ վարվեցողության հարցում շատ ուշադիր: Ի դեմս նրա՝ ես իմ մեջքին ունեմ ամուր տղամարդ, ում վրա ամեն վայրկյան կարող եմ հույս դնել:

-Նաեւ հետաքրքիր է, թե երեխայի դաստիարակման հարցում դուք եւ Ձեր ամուսինը միեւնույն հայացքներն ունեք արդյոք, ի՞նչն եք դուք ավելի կարեւորում, ի՞նչը՝ ամուսինը:

- Մենք երկուսս ունենք մենք նպատակ՝ մեր որդուն լավ մարդ մեծացնել: Իհարկե, մայրը ավելի շատ է ժամանակ անցկացնում երեխայի հետ, այդպիսով երեխայի վրա ավելի մեծ ներգործություն է ունենում մոր նախընտրությունները, ինչը եւ մեր տանն է իրականանում, բայց գլոբալ իմաստով, մենք երկուսս ունենք նույն հայացքները կապված մեր որդու դաստիարակման հետ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին