Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի» թատրոնի լավագույն պարուհիներից մեկը՝ Իռեն Ուլիխանովան, ով մեզ հետ զրուցել է աշխատանքի, բիզնեսի եւ ընտանիքի մասին:
-Իռեն, առաջինն ուզում էի տեղեկանալ այսօրվա Ձեր աշխատանքներից՝ ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, ինչի՞ վրա եք հիմա ամենաշատը կենտրոնացած:
- Իմ աշխատանքային գրաֆիկը գրեթե միշտ մնում է ափոփոխ՝ ամեն աշխատանքային օր «Հոգու եւ պարի» թատրոնի փորձ, որտեղ ես նաեւ հանդիսանում եմ խմբի փորձավարը, ունեմ երեխաների երկու խումբ: Իմ առօրյա գրաֆիկի մեջ են մտնում նաեւ ԵՊՀ-ում մշակույթի կենտրոնի պարային բաժնի ղեկավար աշխատանքն ու, իհարկե իմ բազմաթիվ եւ սիրելի հարսիկները: Սրանք իմ կյանքւոմ անփոփոխ են, փոփոխական են միայն հարսերի քանակը:
-Արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատաում եք երեխաների հետ, հետաքրքիր է՝ նրանց հետ շա՞տ դժվար է աշխատելը:
- Իմ խմբում երեխաների տարիքային շեմը սկսվում է 8-ից, երբ արդեն գիտակից են ու լիովին պատրաստ պրոֆեսիանալ պարով զբաղվելու համար: Առհասասրակ, բոլոր տարիքի պարողների հետ բարդ է աշխատելը, քանի որ ամեն տարիք ունի իր մոտեցումն ու յուրահատկությունը:
-Իռեն, վերջին տարիներին հայկական հարսանիքների համար խորհրդանշական է դարձել այսպես կոչված «հարսի պարը», դուք էլ նորահարսիկներին հաճախ եք դասավանդում, հետաքրքիր է՝ այսօրվա բազմազանության մեջ ունե՞ք Ձեր ձեռագիրը այդ առումով, ըստ որի հարսի պարը դիտելիս շատերը կհասկանան, որ նրա ուսուցչուհին դուք եք եղել:
- Վստահ եմ, որ ունեմ իմ ձեռագիրը, որը ձեւավորվել է Սոֆի Դեւոյանի եւ իմ ձեռագրի հիման վրա: Վստահ կարող եմ ասել, որ իմ հարսիկները պարում են բարդ, պարային գծագրով եւ շարժումներով հագեցած պարեր: Յուրաքանչյուր հարս ունի իր յուրահատուկ բեմադրությունը, երբեւէ պարերը չեն կրկնվում եւ չեն էլ կրկնվի:
-«Հարսի պարը» բեմադրելը կարծես թե այնքան էլ մատչելի չէ. որպես փորձառու եւ ճանաչված պարուհի Ձեզ մոտ պարել սովորելը շա՞տ թանկ հաճույք է:
- Մեր պարի դպրոցում ամենաթանկը ես եմ սովորեցնում, բայց «շուկայում» չգիտեմ: Ամեն դեպքում, թե ինձ, թե մեր մնացած պարուսույցների մոտ այնպիսի գին ենք սահմանել, որ մեր հարսիկներին հասանելի լինի . ի վերջո, բոլորս էլ հայ ենք:
-Իռեն, Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ Ձեր աշխատանքների, պարային բեմադրությունների կրկնօրինակումները Ձեզ դուր չեն գալիս, այս առումով մեկնաբանություն կտա՞ք:
- Ցանկացած կրկնօրինակում կամ պետք է օրիգինալից ավելի լավը լինի, կամ պետք է չարվի: Բնականաբար, երբ նոր միտք ես ունենում, երկար ես մտածում, որ գեղեցիկ, չկրկնվող եւ ճաշակով լինի, մեկ էլ հայտնվում է մի անգրագետ, անճաշակ, ոչ պրոֆեսիոնալ եւ փնթի խումբ, որը քո արած գործից մեկ շաբաթ անց անում է նույնը շատ ավելի վատ, բայց մատչելի եւ փչացնում է մարդկանց պատկերացումները ճաշակի եւ որակի մասին:
-Որպես մենապարուհի, կպատմե՞ք Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնի հետագա աշխատանքային պլաններից:
- Որպես պարուհի եւ փորձավար տեղեկացնեմ, որ պատրաստվում ենք մենահամերգի ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մի քանի այլ քաղաքներում: Այժմ թարմացնում ենք մեր պարացանկը. ես եւ Սոֆի Դեւոյանը աշխատում ենք ջազի վրա, տեսնենք ինչ դուրս կգա:
-Դուք եւ Վահագնը ունեք Ձեր ընտանեկան բիզնեսը՝ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման կենտորնը, հետաքրքիր է՝ Ձեզնից ո՞վ է ավելի շատ զբաղվում բիզնեսով:
- Պրոդյուսերական եւ ֆինանսական հարցերը Վահագնը թողել է ինձ վրա, իսկ նա մտածում է գեղեցիկ, հետաքրքիր եւ կրեատիվ մտքերի մասին, որոնք էլ ավելի հիշարժան կդարձնեն կորպորատիվ միջոցառումները:
-Իռեն, մի անգամ նշել եք, որ Ձեր սեփական պարի դպրոցը բացելու միտք չունեք, քանի դեռ պարում եք Սոֆի Դեւոյանի մոտ, ուզում եմ ճիշտ հասկանալ՝ Ձեզ վա՞տ կզգաք, եթե «Հոգու և պարի» թատրոնին զուգահեռ ունենաք նաեւ Ձեր դպրոցը, թե այլ մոտեցում ունեք Ձեր նշված դիտարկման ենթատեքստում:
- Ժամանակը ցույց կտա, թե երբ եւ որտեղ կբացեմ իմ պարի դպրոցը, բայց քանի դեռ ինքս պարում եմ եւ դասավանդում, իմաստ չեմ գտնում առանձնանալու: Դավաճանության մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ եթե նույնիսկ իմ պարի դպրոցը բացեմ, Սոֆի Դեւոյանը միշտ ինձ համար կլինի կարեւոր խորհրդական այդ հարցում, նա միշտ իմ կողքին կլինի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում