▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց... Ինգրիդ Կոկչյանն՝ ընտանիքի և սիրած տղամարդու մասին

Aysor.am-ը գրում է. Թեև արդեն տևական ժամանակ է՝ հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանն էկրաններին չէ, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Մեզ հետ բացառիկ հարցազրույցում հաղորդավարուհին անկեղծացել է ներկայիս հեռուստադադարի, նոր հետաքրքրությունների, հանուն անձնական կյանքի արված զոհաբերությունների, և իհարկե, ընտանիքի մասին: 

-Ինգրիտ, Ձեզ արդեն բավական ժամանակ է՝ չենք հանդիպում էկրաններին: Այդ լռությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Հիմա ես ուղղակի ապրում եմ առանց որևէ հրապարակային կյանքի ձգտող ամբիցիաների: Աշխատում եմ օրս ապրել մաքսիմալ հետաքրքիր, վերցնել աշխարհից այն, ինչ կարող եմ, փոխանցել իմ մտերիմներին: Մի խոսքով, այժմ հավաքում եմ տպավորություններ, գուցեև հետագայում բերեն որևէ ստեղծագործական արդյունքի, չգիտեմ:

-Չե՞ք կարոտում էկրանային կյանքը:

-Ոչ:

-Բայց այդ երկարատև լռությունը ռիսկային չէ՞, չե՞ք վախենում մոռացվելուց և ասպարեզից դուրս մնալուց:

- Լռությունն ընտրություն է, ժամանակավոր ընտրություն, քանի որ, իմ կարծիքով ավելի լավ է «լռել», քան առանց ասելիքի «խոսել» ու այստեղ-այնտեղ երևալ: Տարիքի հետ ես սկսեցի ավելի շատ հարգել այն ժամանակը, որն ինձ տրված է ու ծախսել այն բացառապես այնպիսի գործերի, նախագծերի վրա, որոնք և ինձ, և հեռուստադիտողին ինչ-որ բան կտան… Կտան զարգացում, կամ հետաքրքիր մարդկանց հետ շփման հնարավորություն, ինձ որևէ նոր բան կսովորեցնեն: Ինչ վերաբերում է մոռացվելուն, ապա կարծում եմ՝ այն մարդիկ, ում ես պետք եմ, այսպես թե այնպես,  կհիշեն իմ մասին: Կարճ ասած՝ սա շատ մտածված ու իմաստավորված լռություն է, որի համար ես ո՛չ փոշմանում եմ, ո՛չ էլ վախենում:

-Արդյոք նոր առաջարկներ չունեք, կամ, գուցե՝ ինքնատիպ մտահղացո՞ւմ՝ նոր կերպարով ներկայանալու:

-Իհարկե, առաջարկներ լինում են, բայց հեռուստատեսություն վերադառնալ ներկայում գործող շոու-բիզնեսի որակում՝ լինի դա դերասանուհու, թե հաղորդավարուհու կարգավիճակով՝ ես համաձայն չեմ: Իսկ մտահղացում ունեմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք այն կատարելագործելու համար: Այնպես որ առայժմ նախընտրում եմ լռել:

-Ի դեպ, այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ գործունեություն եք ծավալել:

- Տարիներ շարունակ աշխատել եմ որպես գովազդների ռեժիսոր, եղել եմ տարբեր գովազդային նախագծերի տնօրեն, գրել եմ սցենարներ և այն պահին, երբ շատ հետաքրքիր, շահավետ գործնական առաջարկով պիտի մեկնեի արտերկիր, հանդիպեցի ՏՂԱՄԱՐԴՈՒ, սիրահարվեցի ու մնացի իմ երկրում… Որոշ ժամանակ չաշխատեցի, իսկ հետո ստեղծեցի իմը:

-Չէի՞ք ձանձրանում:

-Ոչ, ազատ ժամանակս անց էի կացնում նախորդ տարիների գերզբաղվածության պատճառով մի կողմ դրած գրքերի ընթերցանությամբ, նոր ֆիլմեր դիտելով, հետաքրքիր ցուցահանդեսների ու համերգների  հաճախելով ու ուղղակի վայելելով ինձ համար հաճելի մարդկանց հետ շփումը՝ հանգիստ ու առանց շտապելու: Բազմաթիվ նոր բաներ սովորեցի ու արդյունքում ձևավորվեց իմ նոր հոբբին՝ փայտե զարդեր պատրաստելու գաղափարը, որով էլ հիմա զվաղված եմ` ավելի լրջացնելով իմ հոբբին ու դարձնելով այն իմ ամենօրյա գործը: Ամեն օր նոր բաներ եմ սովորում, նոր նյութերի հետ ծանոթանում, նկարում, կարդում դեկորի ու էթնիկ զարդանախշերի մասին բազում գրքեր... Մի խոսքով, գտել եմ ինձ հետաքրքիր գործ, որը հաճույքով եմ անում:

-Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է դառնալ Ձեր ապագա բիզնեսը:

-Այո, այդ գործընթացն արդեն սկսել է:

-Նշեցիք, որ հանդիպելով Ձեր տղամարդուն, մնացիք Հայաստանում. փաստորեն՝ հանուն անձնական կյանքի, երջանկության պատրաստ եք զոհաբերե՞լ Ձեր կարիերան:

-Ինձ համար միշտ առաջին տեղում է իմ ընտանիքը: Մերիլին Մոնրոն էլ ասում էր, որ կարիերան լավ բան է, բայց ցուրտ գիշերով քեզ չի տաքացնի… Միանգամայն համաձայն եմ (ժպտում է):

-Ինգրիտ, Ձեզ հանդիպել ենք նաև դերասանուհու կարգավիճակում՝ նկարահանվել եք սերիալում: Որպես «մեջի» մարդ, ի տարբերություն նախորդ տարիների, ինչպե՞ս եք գնահատում այսօր սերիալային դաշտը: Թեկուզ որպես հանդիսատես՝ հետևո՞ւմ եք վերջին շրջանի կինոարտադրությանը:

-Նախկինում միշտ հետևում էի թե՛ հայկական կինոներին, թե՛ սերիալներին: Ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են դրանք զարգանում, ինչ թեմաներ են արծարծում, ինչպիսի կերպարներ են ներկայացնում… Բայց վերջին չորս տարում 5 րոպե անգամ չեմ դիտել հայկական հեռուստաալիք:

-Ինչո՞ւ, հենց այս 4 տարո՞ւմ հեռուստաարտադրանքի որակն այդքան վատացավ:

-Պարզապես հիմա չլինելով ոլորտում՝ կարող եմ ինձ թույլ տալ չանել այն, ինչ ինձ դուր չի գալիս: Ես հեռուստացույց առհասարակ չեմ միացնում, այն բուտաֆորիկ դեր ունի իմ տանը: Ես սիրում եմ ինքս ընտրել տեղեկատվական աղբյուրները, ֆիլմերը ՝ ի՞նչ լսել, կարդալ, նայել: Ֆիլտրում եմ արտաքին աշխարհի աղբը և թույլ չեմ տալիս, որ այն առանց զտման ներխուժի իմ կյանք: Հեռուստացույցը սպանում է ժամանակը, որն ինձ այդքան քիչ է տրված…

-Հավանաբար, այս հարցին բազմիցս եք պատասխանել, բայց շատերի համար փոքր-ինչ անհասկանալի է մնում, թե ի՞նչ պատճառով Աննա Կոկչյանը վերափոխվեց Ինգրիտի: Պարզապես նախընտրությո՞ւն էր, թե՞…

- Իսկ ինչո՞ւ են առհասարակ մարդիկ դա անում. Վուդի Ալլենը (Ալլեն Կոնիգսբերգ), Ջուդի Գարլենդը (Ֆրենսիս Գամմ), Բրունո Մարսը (Փիթեր Ջին Հերնանդես) կամ Ջուլիաննա Մուրը (Ջուլի Սմիթ) և այլն… Տարիքի հետ սկսում ես ինքդ քեզ հետ նորովի ծանոթանալ ու կամաց-կամաց հղկել քո կերպարը՝ գտնում քո մազերի ձևը, այն հագուստը, որն ամբողջությամբ բնորոշ է քեզ, քո խոսելու ձևը, բնորոշ ժեստերը, ծիծաղը և այլն: Նույն կերպ մի օր կարող ես հասկանալ, որ քո անունը  բացարձակապես չի խոսում այն կերպարի, այն մարդու հետ, որը դու դարձել ես: Բնականաբար, այդ դեպքում պետք է փոխել անունը, որպեսզի ներդաշնակության մեջ մնաս ինքդ քո հետ ու այն մարդու, որին այդքան տարիների աշխատանքից հետո ստացել ես քեզնից:

-Ինգրիտ, գեղեցիկ կանանց դեպքում, երբեմն, մասնագիտական հաջողությունները կապում են նրանց արտաքինի, հաճախ նաև նպաստավոր սիրային կապերի հետ: Ձեր փորձից, ձեռք բերված հաջողություններից ելնելով՝ կպնդե՞ք, թե՞ կհերքեք այս կարծրատիպը:

- Կարող եմ ասել, որ դա զուտ կնոջ ընտրության հարցն է: Ժամանակակից կինը կարող է իրեն թույլ տալ անել ամեն ինչ՝ օգտվել սեփական արտաքինից, սեքսուալությունից ու դրա միջոցով հասնել հաջողությունների: Կամ էլ ուղղակի լինել աշխատասեր ու յուրաքանչյուր գործին մոտենալ առանց որևէ կասկածի կամ վախի, ոտք մեկնել իրենց գործում ամենաուժեղ ու մրցունակ տղամարդկանց հետ:

-Ձեր դեպքում ո՞ր գործոնն է դեր խաղացել:

-Իմ դեպքում՝ իմ արտաքին տվյալները ինձ միայն խանգարել են աշխատանքում: Երբեք չեմ խառնել գործնականը այլ հարթությունների հետ և ինչ-որ մեկի սիրուհու կարգավիճակում մեկ րոպե անգամ չեմ գտնվել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին