Life.panorama.am-ը գրում է.Դեկտեմբերի 5-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը, որի գլխավոր հերոսուհու կերպարում կներկայանա դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Մեզ հետ զրույցում դերասանուհին խոսել է «Սահմանին» ֆիլմում իր հերոսուհու, նկարահանման ընթացքի եւ այլ թեմանրի շուրջ ու նշել, որ այս ֆիլմում մասնակցելու համար ընտրվել է հատուկ քասթինգի միջոցով.
«Այս ֆիլմում նկարահանվելու համար մասնակցեցի հատուկ քասթինգի, որտեղ ընտրվելուց հետո մի քանի օր անց սկսեցին նկարահանումները: Պետք է ասեմ, որ իմ դերի հետ անմիջապես համաձայնվել եմ, որովհետեւ այն բարդ էր ու շատ հետաքրքիր, մինչեւ այս առիթ չեմ ունեցել նման հետաքրքիքր հերոսուհու մարմնավորել, քանի որ մեր ֆիլմային իրականության մեջ հերոսուհիները հիմնականում պասիվ են, մեղմ, իսկ այստեղ հերոսուհին կոնկրետ համակարգի ներկայացուցիչ է՝ նա դիպուկահար է, այն իր հետաքրքությունների հետ մեկտեղ ունի իր բարդությունները, որն ինձ համար շատ գրավիչ էր»,- պատմեց նա:
Հետաքրքրվելով, թե արդյոք նախապես ծանոթացել է դիպուկահարի մասնագիտության հմտություններին՝ Ռոզին պատասխանեց. «Պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ ժամանակ չեմ ունեցել նախապես վարժվելու, բայց նկարահանման հրապարակում կան շատ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք օգնում են հաղթահարել իմ առջեւ դրված խնդիրները, իսկ թե որքանո՞վ եմ դրանք հաղթահարում, կասի հեռուստադիտողը, երբ արդեն տեսնի ֆիլմը»:
Պատմելով կերպարի մասին՝ Ռոզի Ավետիսովան նկատեց. «Իմ հերոսուհուին՝ Լիլիթը, շատ նվիրված է իր գործին, ոչ պակաս լուրջ ու հայրենասեր, քան տղաները: Հերոսուհուս շուրջ նաեւ կհյուսվի սիրային եռանկյունի, բայց դեռեւս չեմ ուզում չակերտներ բացել, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի»:
Ի դեպ, խոսելով իր եւ իր կերպարի՝ Լիլիթի, նմանություններից՝ դերասանուհին նկատեց, որ արդեն կարծիքներ է լսել, թե տեսակով շատ նմանություններ ունեն Ռոզին ու Լիլիթը. «Շատ եմ լսել, որ զինվորի շորերն ու կերպարը իսկն ինձ համար է, չգիտեմ, եթե կարծիքները նման կերպ շարունակվեն, գնամ բանակ կամ հատուկ ջոկատ ծառայելու,- ծիծաղելով նշեց դերասանուհին ու հավելեց,- այո, գուցե ինչ-որ կերպ մենք նման ենք եւ մեծ անհամապատասխանություններ չունենք, ավելի շատ համահունչ ենք: Իհարկե, ես Լիլիթի չափ խիստ եւ լուրջ չեմ: Առհասարակ, եթե ես ու կերպարը շատ նման լինեինք, ես չէի համաձայնի մարմնավորել այն, քանի որ այդպես ինձ անհետաքրքիր կլիներ»:
Հարցին, թե ինչպես մտափոխվեց խաղալ սերիալում, երբ ուներ հակառակ որոշումը, նշեց. ««Սահմանին» ֆիլմը այնքան էլ սերիալ չէ, համեմատական կարգով, եթե նայենք, այս ֆիլմը շատ է տարբերվում մեր այսօրվա համատարած սերիալներից, բացի այդ Լիլիթը սովորական հերոսուհի չէ, կերպարը շատ հետաքրքիր է, ես էլ ուրախ եմ, որ հենց ես եմ նրան մարմնավորելու»:
Ի դեպ, օրեր առաջ լրացավ դերասանուհու 28 ամյակը, հետաքրքրվելով, թե նոր տարիքային շեմում ինչ զգացողություններ ունի, Ռոզին պատասխանեց. «Կարծում եմ, ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես փորձում վերանայել կյանքդ, ինչ-որ բաներ սկսում ես ավելի արժեւորել, քան առաջ: Իհարկե, դու ինքդ էլ հասկանում ես, որ քեզ հետ փոփոխություններ են տեղի ունենեում, փոխվում է արժեւորման համակարգը, կարծում եմ, սա նորմալ ընթացք է, որը բոլորի մոտ է լինում: Մի բան հստակ է՝ նպատականերին, ցանկություններին հասնելու ձգտումը չի կորում, ինձ թվում է ամեն ինչ տարեցտարի ավելի հետաքրքիր է դառնում»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում