Այս երգչուհին գրեթե միշտ անհասանելի է: Ու ոչ միայն այն պատճառով, որ մշտապես շրջագայությունների է լինում. պարզապես նրան հաջողվում է հնարավորինս պահպանել այն դիստանցիան, որը պետք է լինի աստղի (լավ իմաստով) և հանրության միջև: Այնուամենայնիվ, Լիլիթ Հովհաննիսյանի տարեդարձի նախօրեին փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ իրադարձություններ են թաքնված սոցցանցերում նրա սակավաթիվ լուսանկարների ու գրառումների տակ:
- Երգչուհիները հաճախ են ասում, որ իրենց համար մեծագույն երջանկությունը բեմն է, ելույթները հանդիսատեսի առջև: Վերջին անգամ երբ և որտեղ եք նման երջանկություն ապրել։
- Վերջինը Լոս Անջելեսի մենահամերգս էր` նոյեմբերի 15-ին, որն ինձ համար հատկանշական էր նախ նրանով, որ ներառում էր ժողովրդական ու գուսանական երգերի բաժին: Դրանք ես կատարեցի ավանդական մեկնաբանությամբ` Ազգային նվագարանների պետական նվագախմբի ուղեկցությամբ:
- Էլ ինչ անակնկալներ եղան համերգի ժամանակ:
- Երկու նոր երգ ներկայացրեցի: Եվս մի անակնկալ եղավ` իմ ու Վաչե Ամարյանի կողմից. ես այնտեղ, իսկ Վաչեն` Ռուսաստանում, սքայփով հայտնվեց մեծ էկրանին, և միասին կատարեցինք մեր զուգերրը: Առհասարակ գեղեցիկ ու անսպասելի բաներ շատ եղան, որոնք հեռուստադիտողը շուտով կտեսնի ամանորյա հեռուստաեթերում և սոցկայքերի իմ էջերում:
- Այդ համերգի համար էլ եք համագործակցել արտասահմանցի մասնագետների հետ, ինչպես վերջերս անում եք:
- Ամեն նախագիծ սկսելիս ընտրում եմ այն մասնագետներին, որոնք կկարողանան լավագույնս ներկայացնել տվյալ աշխատանքը: Ի դեպ, այդ ընտրությունը կատարելիս ազգային, կրոնական ու ռասայական խտրականություն չեմ դնում: Այս համերգի ընթացքում կուլիսային աշխատանքներն իրականացրել են և՛ ամերիկացիները, և՛ մեր հայրենակիցները: Իսկ բեմում հիմնականում օտարազ•իներ էին, որովհետև պարային հիմնական խմբին ու նվա•ախմբին մանրակրկիտ քասթին•ով ընտրել էի ԱՄՆ-ում:
- Բացի սրանից, վերջին շրջանում ի՞նչ հետաքրքիր համագործակցություններ եք ունեցել:
- Այս ընթացքում ամենատպավորիչ համագործակցությունս եղել է մեքսիկացիների հետ` «Մեքսիկական» երգիս տեսահոլովակի շրջանակներում: Ի դեպ, տեսահոլովակում հանդես եկող մարիաչիների (մեքսիկական ժողովրդական երաժիշտներ - հեղ.) խումբը շատ հայտնի է Ամերիկայում. նրանք երեք անգամ «Լատինական Գրեմմիի» են արժանացել: Նրանք ինձ հրավիրել են վերոնշյալ երգը կատարելու իրենց ազգային տոնի առիթով կազմակերպվող մեծ համերգին: Բացի այդ, մի հայտնի մեքսիկացի երգահան, որը բազմաթիվ հիթերի և սաունդթրեքների հեղինակ է, ցանկություն է հայտնել աշխատել ինձ հետ: Տեսնենք` ինչ կստացվի...
- Հաշվի առնելով Ձեր բազմաթիվ շրջագայությունները` պետք է ենթադրել, որ լավ մշակված ռայդեր ունեք: Դրա որ կետերն են սկզբունքային, օրինակ` ինչպիսի հյուրանոց եք պահանջում, կամ ինչ պետք է անպայման լինի Ձեր հարդասենյակում:
- (Ժպտում է) Իհարկե, լոգանքի համար 60 շիշ Dom Perignon շամպայն կամ համերգից առաջ թաիլանդական մերսում չեմ պահանջում... Առհասարակ կենցաղային ռայդերիս կետերը շատ չեն, ինչը չէի ասի համերգի տեխնիկական պահանջների մասին: Ինչ վերաբերում է գրիմանոցին, ապա եթե այնտեղ իմ սիրելի սուրճն ու շոկոլադը չլինեն, մի կերպ կդիմանամ (ժպտում է), առավել ևս, որ ամուսինս դրանք միշտ կարողանում է ինչ-որ տեղից հայթայթել: Մինչդեռ պարտադիր եմ համարում շատ մեծ հայելին, լավ լուսավորված հարդասեղանը, արդուկի պարագաները և ասեղն ու թելերը...
- Սովորաբար հյուրախաղերին քանի համերգային զգեստ եք վերցնում և արդյոք բոլորն էլ հասնում եք:
- Օրինակ, վերջին` լոսանջելեսյան համերգիս ընթացքում 11 զգեստ ու կիսաշրջազգեստ եմ փոխել, թեև հանգիստ լինելու համար անհրաժեշտ եմ համարում նույնքան «պահեստային» զգեստներ ունենալ. չգիտես, թե ինչ տհաճ անակնկալներ կարող են պատահել...
- Ինչպիսին է Ձեր զգեստների հետագա ճակատագիրը: Ձեր հագուստի օնլայն վաճառասրահը դեռ գործում է:
- Ի դեպ, որոշ մարդիկ կարծում են, թե այդ օնլայն խանութում իմ հագած զգեստներն են վաճառվում: Մինչդեռ դա այդպես չէ. չեմ կարծում, որ անձնական իրերս աճուրդի հանելու ժամանակն է (ծիծաղում է)... Ասեմ, որ զգեստներս խնամքով պահում եմ, քանի որ յուրաքանչյուրը թանկ է ինձ համար և հիշեցնում է այս կամ այն ելույթիս, կարևոր ստեղծագործական էտապի մասին: Իսկ վաճառքի հանվում են իմ զգեստների ճիշտ կրկնօրինակները: Իհարկե, օնլայն վաճառասրահը գործում է, անգամ երբ վերջերս հաքերները կոտրել էին խանութի կայքը, մարդիկ շարունակում էին գնումներ կատարել խանութի հեռախոսի և սոցկայքերի էջերի միջոցով:
- Մի անձնական հարց. Ձեր պրոդյուսեր-կողակից Վահրամ Պետրոսյանի հետ միշտ միասին եք` աշխատանքում, տանը, շրջագայությունների ժամանակ... Իրարից չեք հոգնում:
- Երբե՛ք...
- Շատերն են փաստում Վահրամի պրոդյուսերական հմտությունների մասին. արդյոք միշտ եք համաձայն նրա մշակած մարտավարության հետ: Ինչի շուրջ կարող են Ձեր միջև վեճեր ծագել:
- Այո, իսկապես ամուսնուս երգերի ու գաղափարների շնորհիվ շատ երգիչ-երգչուհիներ, այդ թվում նաև ես, որոշակի հաջողություններ ենք գրանցել: Սակայն ասեմ, որ իմ ստեղծագործական մարտավարությունը նա միայնակ չի մշակում: Ամեն ինչ միասին ենք անում, հավասարապես իրականացնում ենք թե՛ իմ և թե՛ նրա գաղափարները: Ու երբեք որևէ մեկիս տեսակետը չի լինում որոշիչ ու վերջնական: Իսկ վեճեր, ավելի ճիշտ` մասնագիտական բանավեճեր, հաճախ ենք ունենում: Օրինակ` վերջերս երկարատև բանավեճի ընթացքում Վահրամին այդպես էլ չհաջողվեց համոզել ինձ` երգելու իր նոր գրած երգը: Նա կարծում է, որ այն հիթ է դառնալու, ես էլ առանձնապես չեմ առարկում, բայց նաև չեմ էլ երգի (ժպտում է) այդ երգը մի տեսակ իմը չէ...
- Եթե ԱՄՆ-ում Pasadena Civic Auditorium-ի դահլիճն եք լցնում, ինչն է Ձեզ հետ պահում Երևանում էլ մենահամերգ կազմակերպել: Միթե Էրիկի` օրերս ցուցաբերած օրինակը վարակիչ չէ:
- Սրտանց շնորհավորում եմ Էրիկին իր մենահամերգի առիթով. ես որ լավ գիտեմ, թե ինչ դժվարությունների միջով է նա անցել այդքան լավ համերգ ունենալու համար: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա իմ երևանյան մենահամերգը պիտի իմ ունեցածներից ամենալավը, ամենաշքեղն ու ամենափայլունը լինի: Ի դեպ, այդ ուղղությամբ արդեն քայլեր արվում են: Չթաքցնեմ` այդ օրվան երկար եմ սպասել...
- Բացի այդ, կա մի բան, որի մասին ինքնաքննման պահերին ասում եք` շուտով 28 եմ դառնում, իսկ սա կյանքումս դեռ պակասում է...
- Իհարկե, չկատարված ցանկություններ ունեմ: Բայց, կարծում եմ, ունեմ նաև ժամանակ, և Աստծո կամոք կհասցնեմ իրականացնել դրանք...
TV Մոլ Exclusive