▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Նավասարդյանը՝ «Սուպեր մամա» և «Սիրո գործակից» ֆիլմերի և ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է Սոս Սարգասյանի անվան պետական համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանի հետ, ով հատկապես վերջին շրջանում հանդիսատեսի կողմից սիրվեց «Սուպեր մամա» և «Սիրո գործակից» կատակերգական ֆիլմերով:

Կայքի հետ զրույցում դերասանը նախևառաջ նկատել է, որ ուրախ է «Սուպեր մամա»-ի ստեղծագործական թիմի հետ կրկին համագործակցության համար.

«Ես իսկապես սիրով եմ աշխատել տղաների հետ, դեռ էն գլխից՝ «Սուպեր մամայից» հետո ինձ թվում էր, որ մեր համագործակցությունը շարունակություն կունենա, քանի որ կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը ստացվում է. մենք միտված ենք պրոֆեսիոնալ աշխատելուն ու որակյալ գործ ստեղծելուն, հույս ունեմ, որ սա մեր վերջին համատեղ աշխատանքը չի լինի: Հատկապես ուզում եմ նշել, որ ես մեր համագործակցությունից պրոֆեսիոնալ բավականություն եմ ստացել»,- նշել է Արման Նավասարդյանը:

Այն հարցին, թե այդ երկու ֆիլմերից որի՞ն է ավելի շատ նախապատվություն տալիս Արման Նավասարդայանը, դերասանը պատասխանել է.

«Երևի թե «Սուպեր մաման» ինձ համար մի փոքր ավելի գերակշռում է, բայց դա ասում եմ զուտ իմ նախասիրությունից ելնելով: Իհարկե, սա չի նշանակում, որ «Սիրո գործակիցը» զիջում է «Սուպեր մամային», պարզապես ես որպես հանդիսատես ավելի շատ սիրել եմ «Սուպեր մաման»: Երկու ֆիլմերում էլ կան միմյանց լրացնող տարրեր, բաներ կան, որ առաջին ֆիլմում եմ ավելի շատ հավանել, բաներ կան՝ երկրորդ ֆիլմում ավելի վարժ էր արված, այնպես որ, որակային իմաստով, ինչ խոսք, այդ երկու ֆիլմերը մեկը մյուսին չեն զիջում»:

Դիտարկմանը՝ շատերի կարծիքով «Սուպեր մաման» ու «Սիրո գործակիցը» ունեն իմաստային նույն հենքը, դերասանը նկատել է.

«Նմանությունը կարող է այնքանով լինի, որ ժանրը նույնն է: Գուցե իրավիճակներ կան, որ թվում է, թե նման են իրար, բայց կատարման ձևը միանշանակ տարբեր է, ինչը պետք է հեռուստադիտողն էլ հասկանա»:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս՝ Արման Նավասարդյանը նշել է, որ բավականին զբաղված է. «Սիրո գործակից» ֆիլմից հետո դերասանը արդեն հասցրել է երկու ֆիլմերում խաղալ.

«Այս ընթացքում հասցրեցի խաղալ ինձ համար բավականին կարևոր ֆիլմերում. մեկը հայ-ֆրանսիական համատեղ աշխատանք էր՝ Լևոն Մինասյանի գլխավորությամբ, որը բավականին մեծ նախագիծ էր, կոչվում է «Բրավո, Վիրտուոզ»՝ վստահ եմ, որ լավ արդյունք կունենա, իսկ կհեռարձակվի արդեն 2016-ին: Ընդ որում, սա այն եզակի ֆիլմերից է, որի ժանրի մասին կարող ենք խոսել մոնտաժային աշխատանքից հետո միայն: Այստեղ ես խաղում եմ Վիրտուոզի դերը, ով ռաբիզի կլառնետիստ է. չեմ ուզում շատ չակերտենր բացել: Իսկ մյուս ֆիլմը, որտեղ նկարահանվել եմ, կրկին մեծ նախագիծ է, ռուսական արտադրության ֆիլմ՝ 1988-ի երկրաշարժի մասին, որի պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է, իսկ բեմադրողը Սարիկ Անդրեասյանը: Այս ֆիլմի նկարահանումները դեռ շարունակվում են: Այստեղ ես փրկարարի եմ մարմնավորում, ով հայտնվում է իրադարձության զարգացման կենտրոնում: Նկարահանումները բավականին երկար են տևել, թեպետ դերս շատ փոքր է: Երկրաշարժի տարիներին ես փոքր եմ եղել և չեմ կարողացել իմ օգնությունը ցուցաբերել, բայց հպարտորեն պետք է ասեմ, որ այս ֆիլմով գոնե մի բան արած կլինեմ այդ առումով»,- պատմել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին