▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագնեսա Շահնազարյանը` հեռուստատեսային դադարի, անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Մեր այսօրվա զրուցակիցն է տարբեր հեռուստասերիալներից եւ նախագծերից հայտնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: Եթերային դադարի, թատրոնային գործունեության եւ անձնական կյանքի մասին  դերասանուհին անկեղծացել է:

-Ագնեսա, ինչո՞ւ է երկարում Ձեր հեռուստատեսային դադարը, ինչո՞վ է դա պայմանավորված:

-   Շատ անկեղծ կպատասխանեմ՝ ինքս էլ այդ հարցի պատասխանը չգիտեմ, մի հրավեր եղել է այս ընթացքում, որը մերժել եմ, ինչից հետո, որպես այդպիսին, այլեւս հրավերներ չեմ ստացել: Այսինքն առաջարկների բացակայությամբ է պայմանավորված այս ընթացքի լռությունս:

-Այսինքն՝ այս դադարը կոնֆլիկտային հիմք չունի՞:

-  Ոչ, նման ոչ մի դեպք չի եղել: Առողջ կոնֆլիկտ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր աշխատանքային միջավայրում, բայց որպես այդպիսին, մեծ կոնֆլիկտ, որը կարող էր պատճառ դառնալ իմ լռության համար, չի եղել: Հակված եմ նրան, որ իմ տեսակի կարիքը այլեւս չկա:

-Թատրոնում ինչպես միշտ ակտիվ գործում եք: Կպատմեք՝ ինչպե՞ս են այնտեղ ընթանում աշխատանքները:

-    Հիմա խաղում եմ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զբաղված եմ երեք ներկայացման մեջ: Քանի որ այս թատրոն նոր եմ եկել, դեռեւս ինտեգրման փուլում եմ, հուսամ ապագայում էլ ավելի կհաստատվեմ եւ դերերս էլ կշատանան: Բացի այդ, ունեմ երկու մոնոներկայացում, որոնցով մասնակցում եմ բազմաթիվ միջազգային փառատոնների: Այս երկու մոնոներկայացումներս հասցրել եմ ներկայացնել տարբեր երկրներում, արժանանալ բավականին լավ վերաբերմունքի, արդեն նոր առաջարկներ էլ ունեմ՝ նախատեսում եմ հաջորդ տարի մեկնել Գերմանիա եւ այնտեղ կայանալիք ֆեստիվալին ներկայանալ: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դրսում  ներկայացնել Հայաստանը եւ արժանանալ մի շարք մրցանակների: Ընդ որում ասեմ, որ պատահել է, երբ ներկայացել եմ անգամ հայերենով, ինչի համար էլ ավելի ուրախ եմ, թեպետ կան փառատոններ, որոնք կոնկրետ պահանջում են ռուսերեն լեզվով խոսել: Այս շարքում ինձ համար առավել կարեւոր էր «Встречи в России» փառատոնը, որը մոնոներկայացումների փառատոն չէր, բայց ինձ հատուկ հրավիրել էին, որտեղ էլ արժանացա լավագույն դերակատարի եւ լավագույն ներկայացման տիտղոսին:

-Իսկ Հայաստանի հանդիսատեսը, ե՞րբ կրկին կտեսնի Ձեր մոնոներկայացումները:

- Քանի որ հիմա թատրոնների դահլիճները ավելի շատ զբաղված են ամանորյա մանկական ներկայացումներով, ուստի ես կրկին կներկայանամ իմ հանդիսատեսին արդեն հաջորդ տարի:

-Ձեր մոնոներկայացումներին ո՞ր թեմաներին եք անդրադառնում:

- Երկու դեպքում էլ կնոջ խնդիրների մասին է խոսվում: Մեկը Կարինե Խոդիկյանի «Պենելոպեն» է, որը Ոդիսեւսի հայտնի Պենելոպեի պատմությունն է՝ ժամանակակից մոտեցումներով, իսկ մյուսը Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» ներկայացումն է, այն տանը մնացած աղջկա մասին է, ով շատ տգեղ է, ունի իր խնդիրները: Թե երրորդը ինչպիսի մոնոներկայացում կլինի, ցույց կտա ժամանակը:

-Քանի որ սկզբում աշխատում էիք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հետո Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն տեղափոխվելու հետ կապված խնդիրներ չեղա՞ն: Քանի որ բոլորս գիտենք, որ նման դեպքերում հատկապես տնօրինության հետ խնդիրներ են լինում:

- Ես ուզում էի փոփոխություն մտցնել իմ կյանքում եւ այդ իսկ պատճառով ժանրային փոփոխության նպատակով փոխեցի թատրոնը, թեպետ դրաման իմ արյան մեջ է: Ի ուրախություն ինձ՝ Հ. Պարոնյանի թատրոնում ինձ բոլորը շատ լավ, շատ ջերմ ընդունեցին,  այստեղ ես ինձ օտար չզգացի, ինչի համար շատ շնորհակալ եմ, իսկ Գ. Սունդուկյան թատրոնի հետ եւս ոչ մի խնդիր չեղավ, գուցե ապագայում մենք կրկին համագործակցություններ ունենանք:

-Ագնեսա, մի անգամ փորձել եք ընդմիշտ հեռանալ Հայաստանից, բայց հետո կրկին վերադարձել եք: Ձեր ապագան այստե՞ղ եք տեսնում, թե դրսում:

-    Շատ ցավոտ հարց է սա ինձ համար: Երբ տարիներ առաջ վերադարձա, հաստատուն կերպով շեշտում էի, որ Հայաստանից այլեւս չեմ հեռանա մշտական բնակության նպատակով, բայց մեր երկրում սոցիալական վիճակը գնալով այնքան է վատանում, որ սկսում ես հիշել «Երբեք մի ասա երբեք» հայտնի ասույթը. Հուսամ, մի օր այն աստիճան չի լինի մեր սոցիալական վիճակը ու ստիպված չեմ լինի գնալ:

-Շատ տարիներ առաջ մի արտահայտություն եմ լսել Ձեզնից, ըստ որի՝ դուք հաճախ եք Ձեր հասցեն փոխում, երբեմն վերանորոգումից ավելի հաճախ փոխում եք բնակարանը: Ձեր այսպիսի մոտեցումը տարիներ հետո դեռ շարունակվո՞ւմ է:

-  Այո, ավելին ասեմ՝ գարնանը ուզում ենք կրկին փոխել մեր բնակարանը: Ես չգիտեմ իմ այդ տեսակը ինչի հետ է կապված, բայց ես այդպիսինն եմ: Ընդամենը երեկ ես իմ տան պատին սեւ ու կարմիր ծաղիկներ նկարեցի, որը դեռ ինձ դուր է գալիս, բայց, կարծում եմ, մինչ գարուն կհոգնեցնի, ուստի կամ պետք է նորից վերանորոգում արվի, կամ տունը փոխվի՝ ավելի հավանական է, որ տունը կփոխվի: Այս հարցում սկզբում մայրս էր սրտնեղում, բայց նա էլ արդեն հարմարվել է իմ այդ տեսակին:

-Ագնեսա, մարդկանց հետ եւս շատ չե՞ք կապվում:

-   Հակառակի պես, մարդկանց խայտառակ կերպով եմ կապվում, ինչը մեր օրերում շատ սխալ է. ուշ, բայց եկել եմ այդ եզրահանգման:

-Ներողամի՞տ եք:

-   Կարող է շատ բաներ ներեմ, անվերջ թվալու չափ անընդհատ ներեմ, բայց մի օր վերջին կաթիլից լցվի համբերության բաժակս ու մի բառից շատ խորը վիրավորանք ապրեմ: Դրանից հետո էլի կներեմ, բայց այլեւս առաջվանը չեմ լինի. իմ կյանքում եղել են նման դեպքեր, ես շփվում եմ նրանց հետ, բայց ոչ առաջվա պես, քանի որ կեղծավոր մարդ չեմ, ցույց եմ տալիս այն, ինչ ներսումս կա: Եթե իմ մեջ մի բան կոտրվեց, ուրեմն այն ակնառու է դառնում, ես սոսինձով կպցրած հարաբերություններ չեմ սիրում, տանել չեմ կարողանում:

-Այս ճանապարհին ընկերներ շա՞տ եք կորցրել:

-   Շատ, անսահմանափակ քանակությամբ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Անժելա Սարգսյանն իր աղանդի «գազազած շներին» բաց էր թողել մեզ վրա. Ագնեսա Շահնազարյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին