Yn.am-ը գրում է. 2016 թվականը թակեց բոլորիս դռները և ջերմորեն հյուրընկալվեց։ Յուրաքանչյուր մարդ նախընտրում է Նոր տարին դիմավորել տարբեր եղանակներով։ YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) ամանորյա տոնախմբությունների մասին զրուցեց երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ:
Սիրո՞ւմ եք Ամանորը և ինչով է այն Ձեզ համար յուրահատուկ
Ամանորի մեջ սիրում եմ կարծես ամեն ինչ, ինձ թվում է մարդ չկա, որ Ամանորը չսիրի, ես էլ բացառություն չեմ: Իմ ամենասիրելի տոնն է: Այն, իմ մանկության ժամանակ, տոներից միշտ առաջին հորիզոնականում է եղել: Հետո եկավ մի պահ, որ շատ անտարբեր էի՝ ընտանիքի վշտից և այդ ամեն ինչից ելնելով: Ավելի շատ սկսել եմ սիրել ինչ որդիս ծնվել է, արդեն 6 տարի է: Ձմեռ պապիկի գալուստը, անկախ այն բանից, որ ծանոթներիցս որևէ մեկը կարող է այդ հարդերձանքի մեջ լինել, քեզանից անկախ, դու մտնում ես այդ հեքիաթի մեջ և շատ հաճելի այդ ժամանակ ինքնախաբեությամբ զբաղվել: Սեղանի ձևավորումը, ուտեստները, մարդկանց ուրախ դեմքերը, կապ չունի մարդիկ վատ են ապրում թե լավ, միևնույն է Ամանորի համար իրենց նեղություն տալով ուզում են գեղեցիկ զարդարեն բնակարանը, տոնածառը, սեղան գցեն տարբեր տեսակի խորտիկներով, ինչո՞ւ ոչ... հենց ինքը՝ տոնակատարությունը, արդեն ամեն ինչ արժե: Չեմ սիրում ամանորն առանց «ջան»: Այդ ժամանակ ինձ թվում է, որ մի քիչ թերի է և ոչ մի կերպ չի կարելի այն ամբողջական համարել:
Տոնածառն ու բնակարանը զարդարե՞լ եք:
Այս տարի տոնածառը մի փոքր ավելի ուշ ենք զարդարել, քանի որ Մոսկվայում էի: Հատուկ լույսերով զարդարել ենք նաև լուսամուտներն ու պատշգամբը: Ամեն ինչ արել եմ, որ որդուս համար տոնական տրամադրությունը հարյուր տոկոսանոց լինի:
Լիլիթ ամանորյա հրաշքին, Ձմեռ պապին հավատո՞ւմ եք:
Միանշանակ... և ես նույնիսկ իմ միջոցն ունեմ. արդեն քանի տարի է, երբ սկսում են հնչել ժամացույցի 12 զանգերը, այդ ժամանակ շատ արագ թղթի վրա ցանկությունս գրում եմ, վառում եմ, դառնում է մոխիր, լցնում եմ շամպայնի մեջ ու մինչև զանգերի ավարտը խմում եմ: Ես ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում և այս մեկ բաժակ շամպայնը լինում է միակը, որն էլ խմում եմ զուտ երազանքիս համար: Այն անպայման իրականանում է:
Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու տոները:
Արդեն երկար տարիներ է, որ գործի բնույթից ելնելով Ամանոր չեմ նշել՝ համերգներ, միջոցառումներ: Ակումբում եմ աշխատում, բնականաբար, երբ ամբողջ տարին այդ ակումբում աշխատում ես և գումար ես վաստակում, ապա դու իրավունք չունես Նոր տարվա գիշերը բացակայելու: Մարդիկ գալիս են մեզ տեսնելու և մեր երգերը լսելու: Արդեն 15 տարի կլինի, որ ես այսպես վազվզում եմ ռեստորաններով, ակումբներով, համերգներով, բայց այս տարի ընտանիքիս՝ մայրիկիս, որդուս, ընկերուհիներիս հետ միասին իմ մշտական ակումբներից մեկում նշեցինք:
Ամբողջական հոդվածը` այստեղ