Blognews.am-ը գրում է.
Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: Նրա նախորդ տեսահոլովակը` «Ալ այլուղս», մինիմալիստական ոճում էր, այն տարբերվող էր և նուրբ: Ինչպես Նարինեն նշեց նոր աշխատանքը տարբերվելու է յուրահատուկ ոճով. «Տեսահոլովակը նկարահանել եմ նոր՝ հեղինակային երգերիցս մեկի հիման վրա: Պրոդյուսերն է Վլադ Աբովյանը, տեսահոլովակում նկարահանվել են Եվրոպայի «Wing Tsun» ասոցիացիայի կողմից ճանաչված ամենաերիտասարդ վարպետ Հովհաննես Մուշեղյանը և տաղանդավոր պարուհի Տոմա Այդինյանը»:
Երգը կոչվում է «Spread the light», երաժշտության հեղինակը Նարինեն է, իսկ խոսքերը գրել է Լյուսի Սովան, տեսահոլովակի վրա աշխատել է «Mushroom» ընկերությունը, ռեժիսորն է Էրիկա Բադալյանը, արտ-տնօրենը և անիմատորը Մուշո Գարուկյանն է, օպերատորը՝ Էդգար Մեսրոպյանը, իսկ ոճաբանն Արմեն Գալյանն է, ում հետ Նարինեին միշտ հաճելի է աշխատել. «Կազմակերպչական բոլոր հարցերում էլ կողքիս է եղել քույրս` Մարինե Դովլաթյանը»,- նշում է Նարինեն:
Երգչուհու նոր աշխատանքն ավելի ռիթմիկ է, ինչպես նա բնորոշեց՝ այն հենց ռիթմի մասին է. «Ես շատ տարբեր ոճերում եմ հանդես գալիս, եթե երգում եմ ջազ, հետո էլեկտրո փոփ, հաուս կամ ֆոլ, չեմ համարում, որ դավաճանում եմ ինձ, որովհետև ես ինձ զգում եմ տարբեր ոճերում»:
Նարինեն այդքան էլ չի կիսում այն տեսակետը, որ հայկական շոու բիզնեսում «ծնված» երգերի գրեթե մեծ մասը կոմերցիոն նպատակ է հետապնդում. «Եթե ուզում ես պարզապես գումար վաստակել, պետք չէ երաժշտությունը ծառայեցնել դրան, երաժշտությունը պետք է սիրես և քո մեջ զգաս: Եթե սիրելով անես, նաև լավ կվաստակես»:
Երգչուհին նաև նշեց, որ իր հետ կապված ծախսերն ինքն է հոգում. «Ես ուրախ եմ, որ իմ շուրջ հիմնականում հավաքվում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց տաղանդն առաջարկում են անվճար»:
Զրույցի վերջում Նարինեն նշեց, որ տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում