BlogNews--ը գրում է. Երգչուհի Լիլիթ Կարապետյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի։ BlogNews -ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ այն նկարահանելու է «Քեզ հետ» երգի հիման վրա։ Ռիչարդ Մադլենյանի երաժշտությամբ, Սվետլանա Բոսնոյանի խոսքերով և Էդգար Ալեքսանյանի գործիքավորմամբ երգը Լիլիթն առաջին անգամ կատարել է «Տաշի շոուի» ժամանակ։ «Ելույթից հետո հասկացա, որ երգս ստացված է և ինձ պարտավորված զգացի այն տեսահոլովակով ներկայացնել»,- նշեց Լիլիթը։
Այս անգամ երգչուհին Մոսկվայում է նկարահանելու տեսահոլովակը։ ««Տաշի շոու»-ի ժամանակ հանդիպեցի պրոդյուսեր Տարոն Պողոսյանին, ով 1990-ականներին իր ճանապարհը սկսել է իմ ու եղբորս պրոդյուսերությամբ զբաղվելով։ Հիմա նա Մոսկվայում է և բավականին հաջողությունների է հասել, շատ երգիչ-երգչուհիների հետ է աշխատում։ Որոշեցի այս անգամ իր հետ համագործակցել և փորձել այնտեղ նկարահանել տեսահոլովակս։ Սա նաև ձեռագրի փոփոխություն է։ Ռեժիսորն ու պարողներն էլ հայ չեն լինելու»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ իրեն մեծ տարածք էր պետք նկարահանման համար, Հայաստանում դա շատ թանկ կարժենար, իսկ Մոսկվայում Տարոնի միջնորդությամբ նկարահանման տարածքն անվճար են տրամադրելու։
Տեսահոլովակն ունենալու է սյուժետային գիծ. «Գաղափարն իմն է, արդեն ամեն բան գծագրել եմ, ու նույնիսկ տեսնում եմ։ Անհամբերությամբ սպասում եմ նկարահանումներին։ Երբ սցենարն ինքդ ես մտածում, շատ ավելի անհամբեր ես լինում»։
Հանդիսատեսը սովոր է Լիլիթին տեսնել համարձակ ու սեքսուալ կերպարով։ Երգչուհին նշեց, որ այս անգամ ևս կներկայանա այդպիսի կերպարով և ոչ միայն։) «Ես հատուկ մի բան չեմ անում, որ սեքսուալ երևամ, ոչ էլ խուսափում եմ դրանից։ Կարծում եմ՝ եթե մարդն ունի ցանկալի արտանքին, կապ չունի, թե ինչ է հագնում, ինչ պահվածք ունի։ Ես հատուկ պահվածք չունեմ, բայց ինձ միշտ այդպես են ընկալել։ Տեսահոլովակում տարբեր կերպարներով եմ ներկայանալու։ Սեքսուալ կերպար կլինի, մյուս կերպարներն առայժմ չեմ ցանկանում բացահայտել, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց երգչուհին։
Լիլիթի տեսահոլովակը, հավանաբար, պատրաստ կլինի մինչև փետրվարի վերջ։