▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նպատակիս հասնելու ճանապարհին ինձ համար միևնույնն է՝ կլինեմ բեմի բանվոր, թե՝ բեմի արտիստ. Ավո Ադամյան

Դիտեք նաև՝

Երգիչ Ավո Ադամյանն, ով վերջին շրջանում ներկայացնում է իր տեսահոլովակներն ու վայելում հանդիսատեսի սերն ու համակրանքը, օրեր առաջ հանդիսատեսի դատին ներկայացրեց  իր նոր «Դաժան է սերը»  երգն ու տեսահոլովակը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ ճշտելու երգի և տեսահոլովակի ստեղծման պատմությունը, երգչի ռեստորանային գործունեության, հետագա ծրագրերի մասին և ոչ միայն.

Ինչպե՞ս է ստեղծվել «Դաժան է սերը» երգը, ովքե՞ր են հեղինակները և ինչպես եղավ ցանկությունը համագործակցելու Հրաչ Քեշիշյանի հետ:

«Դաժան է սերը» երգը ստեղծվել է շատ ավելի վաղ ժամանակահատվածում: Բազմիցս նշել եմ, և այսօր էլ կնշեմ, որ չեմ ցանկանում խոսել հեղինակի մասին, քանի որ երբ վերջին շրջանում ես սկսեցի երգել այս երգը հայտնվեցին տարբեր մարդիկ ովքեր պնդեցին, որ սա իրենց գրած երգն է: Ես ոչինչ չխոսեցի այս մասին, ընդամենը սպասեցի այն բանին, որ  նրանցից ինչ-որ մեկը կարողանա ինչ-որ կերպ ապացուցել, որ դա իր ստեղծագործությունն է: Այդ ժամանակ միայն ես շնորհակալություն կհայտնեմ նրան: Ինչ վերաբերվում է Հրաչ Քեշիշյանի հետ համագործակցությանը, պետք է փաստեմ, որ մինչ այս համագործակցել եմ ընկերոջս՝ Վահե Հարությունյանի հետ, բայց  այս անգամ որոշեցի, որ պետք է աշխատեմ Հրաչ Քեշիշյանի հետ: Ուրախ եմ, որ մեր համագործակցության ընթացքում իդեալական աշխատանք ստեղծեցինք: Շնորհակալ եմ նաև այն բոլոր մարդկանց ովքեր ներդրում ունեցան այդ երգի և տեսահոլովակի համար: Գործիքավորման համար հատուկ շնորհակալություն Արսեն Բարսամյանին, ով մոտավորապես մեկ տարի այս երգի վրա աշխատել է:

Ձեր տեսահոլովակները հասցրել են սիրվել հանդիսատեսի կողմից, սակայն այս տեսահոլովակը մեկ այլ՝ ավելի բուռն արձագանք ունեցավ, ըստ ձեզ ո՞րն էր պատճառը:

Ես նույնպես շատ սիրում եմ այս երգը: Այն չունի ինչ-որ պատմություն, իրական փաստերի վրա ստեղծված չէ, ինձ հետ առհասարակ կապ չունի: Միշտ մտածել եմ, որ հնարավոր է, որ քննադատվի այն, սակայն հետո հասկացել եմ, որ ինձ չպետք է խանգարեն այդ վախերը, քանի որ ես չեմ երգում, որ ինձ լսի ինչ-որ արտիստ ու քննադատի, այլ երգում եմ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ինձ և տվյալ երգը լսել: Բայց եթե անկեղծ լինեմ, ես նման արձագանք չէի սպասում:

Ինչո՞ւ հենց այդ երգի հիման վրա ցանկացաք տեսահոլովակ նկարահանել: Արդյո՞ք հաշվի եք առել այն հանգամանք, որ հանրությունը այնուամենայնիվ սիրում է լսել  սրտաճմլիկ երգեր:

Մտածել եմ այդ մասին, բայց ըստ ինձ հակառակ պատկերն է,  նմանատիպ երգերը երկար կյանք չեն ունենում, սակայն այս երգը չարժանացավ այդ ճակատագրին: Դրա վառ ապացույցն են այն բոլոր նամակներն ու հեռախոսազանգերը որոնք մենք ստանում ենք:

Ավո, Ձեր գործունեությունը սկսել եք ռեստորանից՝ հանդես գալով որես երգիչ և հանդիսավար: Հիմա երբ արդեն քայլեր եք կատարում հայկական շոու բիզնեսում հայտնի լինելու և գործունեություն ծավալելու համար, չկա՞ վախ, որ կշարունակեք ընկալվել, որպես ռեստորանային երգիչ:

Շատերին է թվում, թե իմ քայլերը սկսվել են ռեստորանից: Պետք է փատեմ, որ իմ քայլերը տարել են ինձ ռեստորան որտեղ պետք է աշխատել գումար վաստակելու համար: Ես երգել եմ դեռ շատ մանկուց, երգել եմ տարբեր երկրներում, մասնակցել եմ մրցույթների ու ներկայացրել եմ Հայաստանը ազգագրական երգերով: Հետագայում հասկացել եմ, որ այդ ամենին զուգահեռ պետք է նաև և կկարողանամ գումար աշխատել, այդ ժամանակ էլ գնացել եմ ռեստորան, որպեսզի ապրեմ ու աշխատեմ: Այսօր այդ ռեստորանի գումարներով եմ նկարահանում տեսահոլովակներ ու երգում այն երգերը, որոնք ինձ հոգեհարազատ են:

Չնայած նրան, որ բոլորս էլ տեղյակ ենք, որ արտիստները երգում են ռեստորանում, որպեսզի լավ վաստակեն, բայց այնուամենայնիվ ի՞նչ եք կարծում, հնարավոր է մի քանի տեսահոլովակ նկարահանելուց հետո, վերջ դնեք ձեր գործունեությանը ռեստորանում:

Ամեն բան հնարավոր է: Հնարավոր է այն, որ հաջորդ տեսահոլովակս այնպիսին լինի, որ ինձ ավելի մխրճի ռեստորանի մեջ և հակառակը: Պետք է նշեմ, որ մինչ օրս ես ոչ մի քայլեր չեմ ձեռնարկել, որ լինեմ հայտնի հետո դուրս գամ ռեստորանից, քանի որ ռեստորանն ինձ համար կայուն դարբնոց է, որն օգնում է ինձ մշտապես պահպանել իմ կեցվածքը: Նույնիսկ այն երգերը, որոնք մարդիկ ռաբիզ են անվանում, ես ռեստորանում կատարում եմ այնպես, ինչպես ինձ է դուր գալիս: Ես իմ երկրպագուներին ու այն մարդկանց ովքեր ինձ սիրում են խոսք եմ տալիս, որ երգելու եմ այպիսի երգեր, որոնք գոնե մի քանի տասնյակ պետք է երգեն:

Ավո ի գիտություն շատերի այս բնագավառը իր մեջ բավականին դժվարություններ է ներառում, Ձեր գործունեության սկզբին երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք հիասթափվել և բազմաթիվ դժվարությունների հանդիպել: Եթե հանդիպել եք ապա ինչպե՞ս եք կարողացել այն հաղթահարել:

Ես անգիտակցաբար եմ դարձել երգիչ, բնությունից տրված: Ծնողներս ձեռքս բռնել են ու օգնել են, որ քայլեմ այս ճանապարհով: Հետագայում հասկացել եմ, թե ուր պետք է գնամ և ինչքան խոչընդոտների պետք է հանդիպեմ, ու այդ մտքներն ինձ ավելի են ուժեղացրել: Այդ ընթացքում խոչընդոտներ ու հիասթափություններ եղել են, բայց  փառք Աստծո չեմ ամաչել և հպարտ կարող եմ ասել, որ ցանկացած բեմում՝ կլինի ռեստորանի, կլինի փաբի, կլուբի, թե փողոցում սարքված բեմ, որի վրա պետք է հանդես գամ ու գումար վաստակեմ, որպեսզի ապրեմ նորմալ ու պահեմ այն ինչ ունեմ, երբեք չեմ ամաչի: Իմ նպատակին ու երազանքին հասնելու ճանապարհին ինձ համար միևնույնն է՝ կլինեմ բեմի բանվոր, թե՝ բեմի արտիստ:

Այս տեսահոլովակից հետո արդյո՞ք տևական դադար սպասվում է, և առաջիկայում հնարավո՞ր է հանդիսատեսի դատին ներկայացնեք մեկ այլ տեսահոլովակ ևս և արդյոք կտարբերվի նախորդ տեսահոլովակից:

Այն տեսահոլովակը, որի վրա աշխատում եմ բացարձակ տարբերվող է լինելու իմ նախորդ տեսահոլովակից: Չգիտեմ, թե դադարն ինչքան կլինի, բայց կարճ դադար կլինի, կամ ընդհանրապես չի լինի: 2016 թվականը ուզում եմ, որ ինձ համար բեղմնավոր աշխատանքի տարի լինի:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին