Life.panorama.am-ը գրում է.
Ընդամենը մեկ ու կես օր է, ինչ Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի «Մի քիչ» տեսահոլովակը ներկայացված է, բայց երգչուհու խոսքերով արդեն լավ արձագանքներն անհաշվելի են: Սոֆին պատմել է «Մի քիչ» երգի ստեղծման պատմության եւ Վիգեն Հովսեփյանի հետ համագործակցության մասին:
«Գրեթե երկու տարի առաջ էր՝ համացանցով ինձ գրեց անծանոթ մի աղջիկ Հասմիկ Մուրադյան անունով: Նա գրել էր, որ մի երգ ունի ու հենց ինձ է պատկերացնում այն կատարելիս: Դե իսկ ես էլ, քանի որ միշտ պատրաստ եմ նոր համագործակցությունների, խնդրեցի, որ ուղարկի երգը, իսկ լսելուն պես շատ հավանեցի ու խոստացա Հասմիկին, որ այն իմ երգացանկում հաստատ տեղ է գտնելու: Հետագայում ես անընդհատ ինչ-ինչ զբաղվածություններ ունեի, որի արդյունքում անընդհատ հետաձգվում էր «Մի քիչ» երգը կյանքի կոչել: Ի վերջո, Հասմիկն ինձ սպասեց ու եկավ այն պահը, որ պետք է զբաղվեի այս երգով: Այն Նիկ Եգիբյանի գործիքավորմամբ ձայնագրեցի, բայց կրկին կարծես թե ներքին ձայնով չշտապեցի ներկայացնել: Պետք է հատուկ շեշտեմ, որ ես վստահում եմ ինձ ու միշտ առաջնորդվում եմ իմ ներքին ձայնով, այն ինձ երբեք հուսախափ չի արել,- պատմեց Սոֆին ու խոսեց իր եւ Վիգեն Հովսեփյանի հանդիպումից ու համագործակցությունից.
«Վիգենը 15 տարուց ավելի ապրել է Իսպանիայում եւ միայն վերջին տարիներին է եկել Հայաստան: Նրան վաղուց էի ճանաչում, շատ էի լսել իր կատարումները, բայց մի օր, երեւանյան ակումբներից մեկում նրան կենդանի կատարմամբ լսելով, վայրկյանական մտքիս եկավ, որ այս երգը նրա հետ զուգերգ կատարեմ. Հասկացա, որ մինչ այդ ինձ տանջող զգացումը, որ այս երգին մի բան պակասում է, դա հենց այս է, որ կա: Էլի հետեւելով ներքին ձայնիս՝ նրա հետ անմիջապես խոսեցի, փոխանցեցի երգը, որից հետո էլ շատ չանցած Վիգենը հայերեն ու իսպաներեն կատարեց երգն ու ինձ ուղարկեց: Երբ իսպաներեն հատվածը լսեցի, ասացի՝ միանշանակ այս տարբերակով պետք է լինի երգը: Արդյունքում կրկին Նիկ Եգիբյանի ու նաեւ «Duetro studio»-ի Էդգար Ալեքսանյանի մոտ գործիքավորեցինք եւ արդեն Վիգենի հետ ձայնագրվեցինք ու մտածեցինք այս գեղեցիկ երգին շատ արագ կյանք տալ տեսահոլովակի միջոցով»:
«Մի քիչ» երգի հետ կապված Սոֆին բոլորին անակնկալի է բերել. «Ես ոչ մեկին չէի ասում, որ նոր երգը իրականում զուգերգ է, երբ ընկերներիս խնդրում էի լսել այն, նրանք լսում էին ու հենց գալիս էր Վիգենի կտորը, բոլորն անմիջապես հաճելիորեն զարմանում էին ու ասում, թե ինչքան գեղեցիկ է ստացվել: Այս անգամ ես որոշեցի ինձ համար կարեւոր մարդկանց կարծիքը լսել՝ նայելով իրենց դեմքին եւ իրենց արտահայտած էմոցիաներին, այդպես շատ ավելի անկեղծ էր: Նույն կերպ տեսահոլովակի համար ռեժիսոր ընտրելիս՝ որոշեցի նախ ընկերական կերպով երգը ցույց տալ Արեն Բայադյանին: Նրան նախապես խնդրեցի, որպեսզի լսի երգը ու եթե այդ պահին մտքեր ու ոգեշնչումներ կլինեն, ուրեմն կաշխատենք միասին: Երբ Արենը կրկին անակնկալ կերպով լսեց երգն ու հասավ Վիգենի հատվածին, զարմացած նայեց ինձ ու ասաց, որ ինքն է ուզում նկարահանել այն: Արդյունքում ստցանք, ըստ իս, երգին համահունչ տեսահոլովակ, որի համար շատ շնորհակալ եմ Արենին»,- պատմեց երգչուհին:
Այս տեսահոլովակի համար նույն կերպ Սոֆին ընտրել է նաեւ ոճաբանին, նրա կրքոտ ու գեղեցիկ տեսքն ապահովել է Արմեն Գալյանը.
Ի դեպ, Սոֆի Մխեյանը նշեց նաեւ, որ «Մի քիչ» երգը առաջին անգամ բեմում կհնչի փետրվարի 27-ին՝ Մոսկվայում «Արմենիա» մրցանակաբաշխության հանդիսատեսի համար:
Մեզ հետ զրույցում Սոֆի Մխեյանը շեշտեց, որ իր եւ Վիգեն Հովսեփայնի համագործակցությունը «Մի քիչ» երգով չի ավարտվի. Երգչուհին այսուհետ կներկայանա որպես Վիգեն Հովսեփյանի պրոդյուսեր.
«Վիգենն առաջ երգում էր ակումբներում, բայց այս պահին ակումբներում նրան այլեւս չեք գտնի: Միտք ունենք, որ նա այսուհետ ներկայանա մեր հանդիսատեսին եւ հույս ունենք, որ նրան կսիրեն: Այս պահին Վիգենը զբաղված է իր ձայնասկավառակի աշխատանքներով, ես էլ կփորձեմ նրա պրոդյուսինգով զբաղվել: Անկեղծ եմ ասում՝ Վիգենը որքան գեղեցիկ իսպաներեն է երգում, նույնքան գեղեցիկ հայերեն է երգում: Ես ամեն կերպ կփորձեմ օգտակար լինել, որպեսզի առաջիկայում մեր երգարվեստում Վիգեն Հովսեփյան անունը հաճախ լսենք»,- նշեց Սոֆին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում