▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի որ Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի ասել, որ սիրում եմ իրեն. Գրիգորի Եսայան

Aysor.am-ը գրում է.

Կան երգիչներ, որոնց տարիների աշխատանքը երբեմն աննկատ է մնում միայն այն պատճառով, որ երգացանկում «սրտին կպնող» երգեր չեն լինում: Կան այնպիսիք էլ, ովքեր ընդամենը մեկ երգով կարող են ճանաչված ու սիրված դառնալ…

Aysor.am-ի զրուցակիցը ռուսաստանաբնակ երգիչ, Արմենիա հեռուստաընկերության «Համազգային աստղ» նախագծից հայտնի Գրիգորի Եսայանն է, ում՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարումը վերջին շրջանում դարձել է ամենապահանջվածը: Այն, կարծեք, թե գրավել է երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց: Ի դեպ, այս օրերին երգիչը գտնվում է Հայաստանում և սիրով անկեղծացավ մեզ հետ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական հարցերի շուրջ:

-Գրիգորի, ե՞րբ եք Հայաստան եկել, որքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով:

-Եկել եմ հինգշաբթի օրը՝ միայն մի քանի օրով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեմ գործերս: Մի քանի հեռուստածրագրերում մասնակցելու, փոքրիկ դերով սերիալում հանդես գալու հրավեր ունեմ: Բայց ավելին չեմ ասի, քանի որ չգիտեմ՝ ինչպես կհարմարեցնեմ: Իսկ գալուս նպատակը մարդկանց ուրախացնելն ու երջանկացնելն է (ծիծաղում է): Խոսքս մասնավոր հրավերի, խնջույքի մասին է:

-Նշեցիք, որ նկարահանվելու հրավեր ունեք: Թեկուզ փոքրիկ դերով՝ չե՞ք վախենում դերասանի կարգավիճակում հայտնվելուց:

-Չէ, ինչո՞ւ, կարծում եմ, ես լավ դերասան եմ: Խաղացել եմ «Գնա մեռի, արի սիրեմ», «Չար ոգի» ներկայացումներում, «Նամուս»-ում մարմնավորել եմ գլխավոր հերոսին՝ Սեյրանին…

-Ո՞ր թատրոնում:

-Ռուսաստանում հայկական համայնքն է կազմակերպում, մեծ թատրոնների բեմերում ենք խաղում: Ճիշտ է, նախկինում շատ ավելի ազատ ժամանակ ունեի, բայց հիմա էլ փորձում եմ հասցնել:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ցավոք սրտի՝ ոչ, բայց հոգով դերասան եմ:

-Իսկ ինչո՞ւ եք երգարվեստն ընտրել:

-Ես երգը չեմ ընտրել, երգն է ինձ ընտրել (ծիծաղում է): Ուղղակի ես մանկուց ընտրել եմ բեմը: Ինձ համար միևնույն էր՝ ինչով կզբաղվեմ, կարևորը՝ բեմում լինեմ: Երգը հաղթեց, ու ես շատ գոհ եմ դրանից:

-Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց 9 տարի առաջ՝ Արմենիա հեռուստաընկերությամբ մեկնարկած «Համազգային աստղ» նախագծից:

-Այո, ես այդ նախագծի միջոցով մուտք գործեցի հայկական երգարվեստ: Մինչ այդ, քանի որ Ռուսաստանում էի ապրում, այնտեղ էլ երգում էի 1995 թվականից: Սկզբում ոչ մի հայերեն երգ չունեի, միայն ռուսերեն էի ստեծագործում: Իսկ հիմա արդեն երգերիս 90 տոկոսը հայերեն եմ գրում:

-Ձեր՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարում համահայկական հիթ դարձավ, ամենուր ու բոլորն այդ երգն են երգում: Եթե չեմ սխալվում, այն Ձեր որդուն եք նվիրել, այո՞:

-Այո, երգը տղայիս համար եմ գրել ու բոլորովին նպատակ չի եղել հիթային երգ գրել: Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն: Պատկերացում չունեի, որ այս երգն այսպես կսիրվի (ժպտում է):

-Կարծում եմ, որ Ձեր տղան էլ այս երգը շատ է սիրում:

-Գուցեև սիրում է, բայց չի ասում (ծիծաղում է):

-Քանի՞ տարեկան է:

-Մարտի 26-ին կդառնա 14 տարեկան:

-Վստահ եմ, որ այս երգը Ձեր բոլոր հրավերների, միջոցառումների ժամանակ ամենաշատ պահանջարկ ունեցողն է: Պատահո՞ւմ է, որ խնդրեն մի քանի անգամ կատարել:

-Այո, որտեղ էլ լինեմ՝ այդ երգն ամենաքիչը 3 անգամ հնչում է: Երևի չհավատաք, բայց դեպք է եղել, որ 52 անգամ եմ երգել: Գիտեք, ես սիրում եմ իմաստով երգեր: Երբեք «սուտի» տեքստերով երգեր չեմ երգի. օրինակ, «վայ ջեյրանս դու գնացիր, կմեռնեմ, եթե ինձ չնայես» կամ չգիտեմ ինչ: Իմ երգերը պետք է պատմություն ունենան, հակառակ դեպքում չեմ էլ կարող գրել: Չնայած, այդ «արի-արի, գնա-գնա»-ները ժողովուրդն ավելի շուտ է ընկալում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին