▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնուս եմ՝ բարեբախտաբար և ցավոք. Վիգեն Հովսեփյանը՝ Սոֆի Մխեյանի հետ զուգերգի և ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է երգիչ Վիգեն Հովսեփյանը, ով բոլորովին վերջերս հայտնի դարձավ Սոֆի Մխեյանի հետ «Մի քիչ» զուգերգով: Երկար տարիներ Իսպանիայում ապրող,ոչ այնքան հայկական արտաքին ու իսպանական մեղեդիներին համապատասխան ձայն ունեցող երգիչն արդեն ավելի ակտիվ կներկայանա հայկական շոու բիզնեսում:

-Վիգեն, Ձեր եւ Սոֆի Մխեյանի «Մի քիչ» երգի հիման վրա տեսահոլովակը արդեն շատերին է գրավել, դուք այդ երգի «անակնկալն» էիք ու այս պահին արդեն շատերն են հետաքրքրված Ձեզնով: Քանի որ դուք նոր անուն եք այս ոլորտում, կցանկանայի մի փոքր պատմեք Ձեր մասին:

-  Ես Երեւանցի եմ։ Ծնվել ու մինչեւ 14 տարեկան բնակվել եմ Հայաստանում, ապա ընտանիքով տեղափոխվել ենք Բարսելոնա՝ Իսպանիա, որտեղ ապրել եմ մոտ 15 տարի։ Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 18 տարեկանում։ Ինքնուս եմ՝ բարեբախտաբար եւ ցավոք։ Բարեբախտաբար, քանի որ ինչ ունեմ, ի վերուստ է տրված, բնական է, եւ ցավոք, քանի որ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չեմ ստացել։ Երաժշտության հանդեպ սերս առաջացել է հետզհետե․ նախ սկսել եմ նվագել տարբեր գործիքներ, ապա սկսել եմ նաեւ երգել։ Մինչ օրս էլ բոլոր հնարավոր դեպքերում ինքս ինձ փորձում  եմ՝ նոր գործիք նվագել սովորելով, կամ էլ նոր ոճերում ինձ դրսեւորելով։

-Գիտեմ, որ  երկար տարիներ եք ապրել Իսպանիայում, հետաքրքիր է՝ ինչպես ստացվեց, որ եկաք Հայաստան, ինչպես եք հարմարվում Հայաստանի ապրելակերպին, մենթալիտետին եւ արդյոք այսուհետ Հայաստանն է լինելու Ձեր մշտական բնակատեղին:

- Հայաստանի ապրելակերպն ու մենթալիտետը նորություն չէ ինձ համար։ Գլոբալ առումով ինքս էլ ունեմ հայի մտածելակերպ, սակայն, ինչ խոսք, երկար տարիներ արտերկրում բնակվելով, բնականաբար, դժվար է միջավայր փոխել, բայց ամեն դեպքում դա ինձ համար խոչընդոտ չի կարող լինել։ Իսկ խոսելով մշտական բնակատեղիի մասին, ասեմ, որ կշարունակեմ բնակվել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Իսպանիայում, քանի որ տարիների ընթացքում շատ եմ կապվել Բարսելոնային։

-Վիգեն, Հայաստանի եւ Իսպանիայի մասին խոսելիս չեմ կարող չխոսել նաեւ այն մասին, որ մեզ՝ հայերիս համար շատ հարազատ է իսպանական երաժշտությունը, մեր կատարողներից շատերն են այս ոճում փորձել երգել: Որպես երկու երկրների մենթալիտետներին ծանոթ մարդ, ինչ եք կարծում՝ ինչում է այդ գաղտնիքը:

-  Նախ ասեմ, որ կա տպավորություն, որ մենք եւ իսպանացիները շատ նմանություններ ունենք․ դա այդպես չէ։ Միակ նմանությունն այն է, որ իսպանացիները, ինչպես եւ հայերը, սիրում են ուրախ ապրել։ Իսկ իսպանական երաժշտությունը գրավում է հայերին, քանի որ այն ինքնին շատ տաք է, գուցե ինչ–որ առումով մոտ մեր երաժշտությանը, իսկ երաժշտությունը որքան հասանելի է մարդու հոգուն, այնքան ավելի դրական է ընդունվում՝ լինի ֆլամենկո, թե մեկ այլ ազգի երաժշտություն։

 -Վիգեն, «Մի քիչ» տեսահոլովակից հետո, վստահ եմ, շատ հայ աղջիկներ են հետաքրքրված Ձեզնով, իսկ դուք հայ, թե իսպանացի աղջիկներին եք նախապատվություն տալիս:

- Մեր հայ աղջիկները շատ գեղեցիկ են, շատ նուրբ, շատ, շատ, շատ, իսկ իսպանացիները՝ իսպանացիներ են: Իրականում, իսպանացիները նույնպես շատ լավն են, բայց քանի որ ինքս հայ եմ, հետեւաբար նախապատվություն տալիս եմ հենց հայ աղջիկներին։

Գիտեմ, որ այսուհետ Սոֆի Մխեյանը զբաղվելու է Ձեր պրոդյուսինգով: Կցանկանայի իմանալ հետագա պլանների մասին:

- «Մի Քիչ»–ը մեր համագործակցության սկզիբն էր՝ հիմքը, դրան արդեն կհաջորդեն ինչպես հայերեն, այնպես էլ՝ իսպաներեն նոր կատարումներ, զուգերգեր, իմ անհատական ձայնասկավառակի լույս ընծայումը եւ ոչ միայն։

Մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են «Մի Քիչ» ստեղծագործությամբ, գուցե չեն պատկերացնում, որ կարող եմ հանդես գալ նաեւ հայերեն երգերով, այնուամենայնիվ հայկական երաժշտությունն ինձ համար առաջնային է։ Տվյալ պահին ձայնագրում եմ առաջին ձայնասկավառակս, որ հիմնված է հայկական ֆոլկ երաժշտության վրա․ ընտրել եմ շատ չլսված, քիչ տարածում գտած հին հայկական ստեղծագործություններ։

-Տեղյակ եմ, որ «Մի քիչ»-ը գրավել է ոչ միայն հայ, այլեւ արտերկրի բնակիչներից շատերին: Գուցե այս երգի հետ կապված էլի ծրագրեր կան:

-  «Մի Քիչ»-ի հետ կապված պլաններ, իհարկե, կան։ Նախ նշեմ, որ այն փետրվարի 27–ին կհնչի մոսկովյան Կրեմլի դահլիճից՝ «Արմենիա» մրցանակաբաշխության շրջանակներում։ Եվ բացի ամենատարբեր համերգներին երգը ներկայացնելուց, չի բացառվում, որ այն կլսեք հետաքրքիր այլ լուծումներով։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին