▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ, որ ինձ միշտ սպասում են. Էլլա Տարունց

Life.panorama.am-ը գրում է. Էլլա Տարունցի հետ խոսել ենք ինքնաթիռից իջնելուց մի քանի ժամ անց. երգչուհին Երեւան է վերադարձել եվրոպական մի քանի երկրներում հյուրախաղերից:

Զրույցում Էլլան նկատեց, որ արդեն հոգնել է ճանապարհորդելուց, բայց, իր խոսքերով, դա անխուսափելի է. «Մեր մասնագիտությունն է պահանջում անընդհատ հյուրախաղերի մեկնել, քանի որ արտերկրում ապրող մեծ թվով հայրենակիցներ ունենք: Անկեղծ ասած՝ արդեն հոգնել եմ անընդհատ ճանապարհներին լիենելուց, բայց ինչ արած, սա մեր աշխատանքի բնույթն է եւ պետք է ուրախ լինել, որ դրսում ապրող մեր հայրենակիցները սիրում ու սպասում են մեզ»,- պատմեց Էլլա Տարունցը:

Հետարքրվելով, թե առաջիկայում ի՞նչ նորություններով նրան կտեսնենք՝ երգչուհին նկատեց. «Այս պահին տեսահոլովակի ծրագրեր չունեմ, բայց նոր երգեր կան: Շարունակում եմ աշխատել ակումբում: Երեք տարի է, ինչ տեսահոլովակ չեմ նկարել եւ չեմ էլ պատրաստվում, որովհետեւ առանձնահատուկ ասելիք չունեմ ու այսօրվա դաշտն էլ կարծես թե իմը չէ, պետք է հանգստանամ, հետո էլի կգործեմ: Ճիշտն ասած, ես միշտ էլ աշխատել եմ հետեւյալ ռիթմով՝ պարբերաբար նոր աշխատանք եմ ներկայացրել, հետո հանգստացել, վերալիցքավորվել ու նորից նոր բան ներկայացրել: Ես սիրում եմ այս ոճով գործել ու ամենակարեւորը դադարների ընթացքում չեմ մոռացվում, ինչն ինձ ամենաշատն է ուրախացնում: Դա թերեւս խոսում է այն մասին, որ իմ արվեստի սիրահարները հավատարիմ են ինձ: Երիտասարդ տարիքում այս առումով վախ ունեի, իսկ հիմա խիղճս հանգիստ է, գիտեմ, որ ինձ միշտ սպասում են»:

Որպես դերասանուհի ներկայանալու կարգավիճակից էլ խոսելիս՝ Էլլա Տարունցը ասաց, որ շատ կցանկանար դրամատիկ կերպարներով էլ հանդես գալ. «Դերասանական արվեստն ինձ իսկապես շատ է հետաքրքրում, այն ես անում եմ սիրով: Այնպես է ստացվել, որ այսքան ժամանակ խաղացել եմ միայն հումորային նախագծերում, նաեւ «32 թատրոնի» հումորային կոմերցիոն ներկայացման մեջ. դա հավանաբար եկել է նրանից, որ ռեժիսորները, կազմակերպիչները ընկերներս են եղել եւ գիտեն, որ իրական կյանքում էլ հումորն ինձնից անպակաս է, բայց չեմ կարող չասել նաեւ, որ մեծ սիրով կցանկանայի որեւէ դրամատիկ դեր կերտել. Մարդիկ գիտեն իմ հումորով տեսակը, բայց գուցե չգիտեն նաեւ այն, ինչ կա ներսումս, ինչի շնորհիվ լուրջ ու դրամատիկ կերպարներն էլ կարծում եմ կհաջողեմ: Առհասարակ, ինձ թվում է դրամատիկ կերպարները ավելի լավ կխաղամ, դա իմ ճաշակին հենվելով եմ ասում»,- նշեց նա, իսկ հարցին, թե «Ֆուլ հաուսի»- նոր եթերաշրջանում կտեսնե՞նք արդյոք Էլլա Տարունցին, պատասխանեց.

««Ֆուլ հաուս»-ում ես հրավիրված դերասանուհի եմ, այսինքն՝ նախապես չեմ իմանում ես նկարահանվելու եմ, թե ոչ: Ընթացքում, եթե իրենց սցենարով իմ կերպարի անհրաժեշտությունը լինում է, հրավիրում են: Ինչ խոսք, եթե հրավեր լինի, կրկին մեծ սիրով կհամաձանվեմ, քանի որ նրանց բոլորիրն շատ եմ սիրում, նրանց հետ աշխատելն ինձ մեծ բավականություն է պատճառում»:

Դեռեւս միայն մայրիկի կերպարով հանդես գալու հեռուստատեսային հրավերները Էլլա Տարունցը բացատրում է հետեւյալ կերպ. «Ինչպես նշեցի՝ այսքան ժամանակ հրավերներ ստացել եմ ընկերներիս կողմից, ովքեր ինձ գիտեն նաեւ որպես մամա: Չգիտեմ, գուցե ինձ մամայի կարգավիճակում տեսնելն է նրանց գաղափար տվել, որպեսզի այդ դերում ինձ պատկերացնեն, ամեն դեպքում՝ ինձ դուր է գալիս: Ես կարողանում եմ մայրական սերն ու հոգեվիճակը նաեւ էկրաններից փոխանցել»:

Անդրադառնալով երգչուհու եւ նրա որդու հարաբերություններին՝ Էլլա Տարունցը պատմեց, որ հիվանդագին անհանգիստ ծնող չէ, բայց որդու ուսման, դաստիարակության եւ ճակատագրի հարցում շատ ուշադիր է.

«Որդուս հետ միշտ հաշվի եմ նստում, չեմ կառչում նրանից, գիտակցում եմ, որ որքան էլ իմ տղան է, բայց նա էլ առանձին մարդ է, ով ունի իր կյանքն ու որոշումները: Կարողացել եմ շահել նրա վստահությունն, ինչի արդյունքում մենք ոչ միայն մայր ու որդի ենք, այլեւ ընկերներ»,-  նշեց Էլլան եւ պատմեց, որ որդին արդեն երկու տարի է,  Հայաստանում չի ապրում.

«Տղաս մի շրջան ապրեց եւ սովորեց Բարսելոնայում, բայց մոտ օրերս կտեղափոխվի Նյու Յորք: Իրականում տղաս մասնագիտության առումով շատ փնտրտուքների մեջ էր՝ Հայաստանում սկզբում ընդունվեց Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրս, հետո նաեւ դիջեյ էր ուզում դառնալ, այնուհետեւ գնաց ծառայության, իսկ վերադառնալուց հետո փոշմանեց եւ որոշեց ատամնատեխնիկ դառնալ: Հետագայում էլ ցանկացավ ատամնաբույժի մասնագիտությունն ունենալ եւ որոշեց կրթությունը շարունակել Եվրոպայում: Այս պահին էլ դեռ վերջնական որոշում չի կայացրել»,- պատմեց երգչուհին:

Նրա խոսքերով՝ տղան ուսումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան եւ նաեւ խոսեց որդուց հեռու ապրելու դժվարությունների մասին. «Ճիշտ է՝ ծառայության տարիներին ինչ-որ չափով սովորել էինք իրարից հեռու ապրելուն, բայց մեկ է, շատ դժվար է հեռու լինել: Հաճախ եմ այցելում իրեն, կարոտը փորձում ենք հաղթահարել, կարեւորը ունենք նպատակ՝ նա պետք է ուսում ձեռք բերի, որը ողջ կյանքի համար է: Տղաս ուսումն ավարտելուց հետո կգա Հայաստան, ամեն դեպքում այս պահին այդպես ենք ուզում, բայց չենք մոռանում, որ կյանքն անկանխատեսելի է»,- նկատեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին