▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած քննադատություն մեր ֆիլմի համար PR է. Գոռ Վարդանյան

Ցանկացած քննադատություն մեր ֆիլմի համար PR է. Գոռ Վարդանյանը՝ «Հրեշների գայլը» ֆիլմի վերաբերյալ քննադատությունների մասին

Life.panorama.am-ը գրում է.

Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» բազմասերիանոց ֆիլմն արդեն շատերն են հասցրել դիտել: Ճիշտ է՝ այն դեռեւս ցուցադրվել է ամերիկաբնակ մեր հայրենակիցների համար, բայց Հայաստանում ապրող հեռուստադիտողը ֆիլմի զարգացումներին հետեւում է համացանցի միջոցով: «Հրեշների գայլը» ֆիլմի վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն, այս ֆիլմի վերաբերյալ բացասական եւ նույնիսկ ծաղրող մեկնաբանությունները կարծես թե ավելի շատ են: Ֆիլմի հայաստանյան ցուցադրության եւ քննադատությունների վերաբերյալ զրուցել ենք ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի հետ:

«Հրեշների գայլը» բազմասերիանոց ֆիլմի ռեժիսորին քննադատությունները չեն անհանգստացնում: Հարցին, թե ինչպե՞ս է ռեժիսորը վերաբերվում մարդկանց նման կարծիքներին, կամ ֆիլմի տարբեր տեսարանները հեգնելու նպատակով իրենց ձևով կրկնօրինակելուն, Գոռ Վարդանյանը պատասխանեց.

«Ինձ համար քննադատությունները բաժանվում են երկու կարգի. Կարեւոր քննադատություններ, որոնք արվում են ինտելեկտ ունեցող մարդկանց կողմից, որոնց տեսակետներին ուշադրություն դարձնելը նույնիսկ պարտադիր է, եւ լինում են անբանների քննադատություններ, որոնք ամբողջ կյանքում ոչինչ չեն արել եւ տանը նստած միայն քննադատում են, այ դրանց ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Քննադատությունները շատ նորմալ են, դա նշանակում է, որ ֆիլմը ստացված է: Եթե մարդկանց մոտ միտք է առաջացել, որ ֆիլմի որեւէ տեսարան են ուզում կրկնօրինակել, թեկուզ դա անել քննադատելու իմաստով, նշանակում է, որ ֆիլմը ստացված է: Դրանով ես ուրախանում եմ, եթե ֆիլմը չնայեին, կամ ոչ մի կերպ ազդած չլիներ նրանց վրա, նշանակություն չունենար, ոչ մեկ բանի տեղ չէին դնի, չէ որ հազարավոր ֆիլմեր կան, որոնց մասին ոչ մեկ չի խոսում: Հիշեք՝ ցանկացած քննադատություն մեր ֆիլմի համար PR է: Թող քննադատեն, տեսարաններ կրկնօրինակեն, բա ֆիլմ ենք նկարել, որ խոսեն, այ եթե չխոսեին, դա վատ կլիներ: Եթե ես թույլ եմ տվել, որ ֆիլմը գնա եթեր եւ իմ անունը արծարծվի, ուրեմն մնացած ոչ մեկի կարծիքն ինձ չի հետաքրքրում»:

Հարցին, թե առողջ քննադատություններից ի՞նչ է քաղել ռեժիսորը, որը պետք կգա հաջորդ արտադրության համար, Գոռ Վարդանյանը նկատեց. «Ռեժիսուրայի եւ տեխնիկական իմաստով կփորձեմ ավելի ճիշտ նկարահանել հաջոդ աշխատանքս: Իհրակե, պետք է հասկանալ, որ միեւնույն ստեղծագործությունը տարբեր ռեժիսոր տարբեր կերպ կարող է ներկայացնել»:

Գոռ Վարդանյանն ամփոփելով արդյունքները՝ գոհ է. «Ես շատ գոհ եմ արդյունքից, իմ սպասելիքներն արդարացված են, նույնիսկ արդյունքը սպասվածից ավելին էր, քանի որ մարդիկ իսկապես շատ հետաքրքրված են, դիտում են. ինչ նպատակ, որ հետապնդել ենք ֆիլմի նկարահանումները սկսելիս, ամբողջն իրականացել են»,- հավելեց ռեժիսորը:

«Ֆիլմը բաղկացած է 25 մասից, ամեն սերիան մեկ ժամ տեւողությամբ: Այն շուտով կհեռարձակվի նաեւ հայկական հեռուստատեսություններից մեկով. Այս պահին դեռեւս քննարկվում է հեռուստաընկերության ընտրությունը»,- նշեց Գոռ Վարդանյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին