Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է «Վիտամին ակումբ»-ից հայտնի դարձած Գոռ Բարսեղյան հետ, ով վերջին ամիսներին հաղորդավար Արա Կազարյանի հետ միասին վարում է «Ուշ երեկոյան» հաղորդաշարը:
Մեզ հետ զրույցի ընթացքում Գոռը նշեց, որ «Ուշ երեկոյանը» կվերսկսի իր գործունեությունը սեպտեմբեր ամսից. «Առաջին եթերաշրջանից հետո որոշվեց, որ «Ուշ երեկոյանը» կշարունակի իր գործունեությունը, սակայն ոչ թե գարնան, այլ աշնան առաջին ամսից: Սա ինձ համար անակնկալ էր, քանի որ այդ հույսով վարկ էի վերցրել ու Արան քաշեց ինձ»,- նշեց Գոռ Բարսեղյանը:
Հարցին, թե արդյոք մեր հայտնիները պատրաստ էին նման հաղորդման եւ կարողանում էին իսկապես անկեղծ ու անկաշկանդ մասնակցություն ունենալ, Գոռը պատասխանեց. «Սկզբում մենք էլ էինք մտածում, որ դժվար է լինելու, քանի որ անկախ հայտնի կամ անհայտ լինելուց, մեր հայկական մենթալիտետը միշտ իր «վատ» գործն անում է, բայց երբ նկարահանումներն ավարտվում էին, մեր հյուրերը նոր էին հասկանում, որ հավես էր, կարելի էր ինչ-որ գժոտ բաներ թույլ տալ իրենց: Կարծում եմ՝ երկրորդ եթերաշրջանում այս առումով ահագին փոփոխություն կլինի»:
Գոռ Բարսեղյանը, առանձնացնելով «Ուշ երեկոյանի» ամենաբարդութավորված ու ամենաազատ հյուրերին, փորձեց անուններ նշել. «Բարդույթներ չունեցող հայտնիների շարքում կառանձնացնեմ Արսեն Գրիգորյանին, բայց չեմ ասի, որ մեկին,Լիլիթ Կարապետյանին, ով իմ պատանի ժամանակների իդեալն է, երբեք չէի պատկերացնի, որ մի օր 90-ականների սեքս սիմվոլը իմ հյուրը կլինի, դա ինձ համար նույնն էր, ինչ ցանկացած աղջիկ մի օր Բրեդ Փիթի հետ նկարահանվի: Իսկ ամենակաշկանդվածների շարքում անուններ չեմ տա, նրանք հիմնականում քաղաքական գործիչներ ու պատգամավորներն էին»:
Գոռը մեզ խնդրեց հատուկ նշել. «Շատ նեղացած եմ Պետրոս Ղազարյանից: Նրան հրավիրել էինք մասնակցելու մեր հաղորդմանը, սակայն, երբ նա եկավ, մեզ մոտ տեխնիկական խնդիրներ էին առաջացել ու Պետրոսը չսպասեց եւ հեռացավ: Դրա համար շատ նեղացած եմ, բայց ըստ իս, եթե իմանար, որ ես համահաղորդավար եմ, գուցե մնար: Ամեն դեպքում՝ կցանկանամ ինքն էլ ինձ հրավիրի իր հաղորդմանը, որպեսզի գնամ ու վերջապես հասկանամ, թե ինչու նա չսպասեց այդ օրը, կամ էլ հյուր կանչի, գնամ, բայց իր նման չսպասեմ հաղորդման սկսվելուն ու գնամ. տեսնենք լավ է նման քայլը, թե չէ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում