▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանիկ եմ սիրելիիս հետ. Լիկա Սալմանյանն անկեղծանում է

Որոշ ժամանակ առաջ դերասանուհի Լիկա Սալմանյանը համարվում էր ամենաքննարկվող դերասանուհիներից մեկը, իսկ այսօր դերասանական գործունեությունը դնելով մի կողմ՝  կարծես թե զբաղվում է միայն իր գեղեցկության սրահի տնօրինմամբ և զարգացմամբ: Asekose.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ իր հայտնիության, «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու, այնուհետև նաև դրանում չընդգրկվելու պատճառներիիր ներկայիս սիրելիի, և, վերջապես, Ռիչարդ Մադլենյանի հետ նախկինում ունեցած  հարաբերությունների մասին:

Լիկա, հանրությունը Ձեզ ճանաչեց «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալից: Թեև նախկինում արդեն սերիալում նկարահանվելու փորձ ունեցել էիք, բայց կարծես թե հենց «Հարազատ Թշնամի»-ով սկիզբ դրվեց Ձեր դերասանական ակտիվ գործունեությանը: Իրականում ակնկալո՞ւմ էիք, որ չլինելով մասնագիտությամբ դերասանուհի՝ այդքան հեշտությամբ հայտնի  կդառնաք և կլինեք ամենաքննարկվող դերասանուհիներից մեկը:

Հեռուստատեսության ասպարեզում իմ ակտիվ գործունեությունը սկսվեց հենց «Հարազատ Թշնամի» սերիալից: Իմ հաջողության սկիզբը Դիանա Գրիգորյանի վստահությունն էր: Այս ասպարեզում գտնվող յուրաքանչյուր մարդ ցանկանում է լինել հայտնի, սակայն քչերի մոտ է դա ստացվում: Ճիշտ է, ես չունեմ դերասանական կրթություն, բայց այն, ինչ ունեմ, դա իմ աշխատասիրության, ինչպես նաև պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ է:

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ կցանկանայիք այնպիսի դերասանուհի դառնալ, որ թեկուզ եթե չլիներ Ձեր մասնակցությունը  որևէ տեղ, երբեք չմոռացվեիք: Ի՞նչ եք կարծում՝ երկու տարի գրեթե ամեն օր հայտնվելով մարդկանց «տանը», կարողացե՞լ եք գոնե կիսով չափով ձեռք բերել Ձեր իսկ նշածը:

Հարցազրույցներից մեկում նշել եմ, որ կցանկանայի հիշվել ինձանից հետո… Հույս ունեմ՝ կհիշվեմ:

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո, երբ Ձեր աստեղային ժամն էր, և թվում էր, թե առաջարկները պետք է միմյանց հաջորդեին,  մեկնեցիք Ուկրաինա՝ Ձեր մայրիկի մոտ: Սակայն որոշ ժամանակ հետո կրկին վերադարձաք Հայաստան և որպես վերադարձի պատճառ առաջ բերեցիք կարոտը:  Իրականում գուցե հասկացա՞ք, որ կարող էիք ձեռքից բաց թողնել այն հայտնիությունն ու հաջողությունը, որն արդեն ունեիք:

Երբևէ որևէ բան չեմ անում PR ձեռք բերելու համար, իմ զգացմունքներն իմն են: Կարոտ նշանակում է՝ սիրում եմ հայրենիքս և չեմ կարողանում երկար մնալ այլ երկրում և ըստ այդմ՝ վերադարձա հենց այս պատճառով: Վերադարձս բոլորովին կապ չուներ հայտնի լինելու և չլինելու հետ:

Վերադառնալով հայրենիք՝ սկսեցիք նկարահանվել «Դոմինո» սիթքոմում: Հետաքրքիր է՝ հե՞շտ տրվեց այդ կտրուկ անցումը և արդյո՞ք վախ չկար հանրության մոտ  նոր կերպարով չընկալվելու:

Նոր ժանր, նոր աշխատանքային թիմ: Բնական է, մտահոգված էի, թե ինչպես ինձ մոտ կստացվի, մարդիկ նույնիսկ դրսում էին ինձ Էմկա դիմում, իրականում չգիտեի՝ «Դոմինո»-ն դիտելուց հետո որպես Լիլիթ ինչպես կընկալվեի հանրության կողմից:

Նախկինում ունեցած Ձեր փորձը («Հարազատ Թշնամի») վկայում է այն մասին, որ  նկարահանվում էիք մի սերիալում, որտեղ որ գրեթե բոլոր իրադարձությունները զարգանում էին հենց Ձեր շուրջ: Իսկ «Դոմինո» սիթքոմում թեպետ գլխավոր հերոսուհիներից մեկին էիք մարմնավորում,  սակայն տպավորություն էր, որ Ձեր կերտած կերպարը երկրորդական էր: Ի վերջո՝ դա՞ էր պատճառը, որ հանդիսատեսը Ձեզ չտեսավ սիթքոմի 2-րդ եթերաշրջանում, թե՞  չնկարահանվելու դրդապատճառներն ավել խորքային էին:

Սիթքոմում ես հանդես էի գալիս որպես դերասանուհի և ես իրավասու չէի որոշելու, թե երկրորդ եթերաշրջանում ինչ նոր դեպքեր կզարգանան և սցենարային ինչ նոր ուղվածություններ կլինեն:  Սիթքոմում սցենարային փոփոխություններ եղան, երևի թե նկատած կլինեք, և միգուցե հենց դրանք եղան պատճառը, որ ես երկրորդ եթերաշրջանում այլևս չկամ:

Շարունակելով  տվյալ թեման՝ պետք է նշեմ, որ Ձեր՝ «Դոմինո»-ում այլևս չնկարահանվելը համացանցային օգտատերերի մոտ բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ: Ըստ խոսակցությունների՝ տարաձայնություններ էիք ունեցել սիթքոմի տնօրինության հետ: Իսկ վերջերս էլ քննարվում էր նաև այն վարկածը, որ «Դոմինո»-ի ստեղծագործական թիմին այլևս չէր գոհացնում Ձեր կառուցվածքը, ավելին՝ Ձեզ խնդրել էին փոքր-ինչ նիհարել:

Նախորդ հարցում ես ինչ-որ չափով արդեն նշեցի պատճառը, իսկ ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա չեմ կարծում, որ ինձ որպես մոդել էին հրավիրել նկարահանվելու և ես պարտավոր էի պահել 90-60-90 ընդունված չափսերը: Երբեմն հարցի պատասխանը շատ ավելի պարզ է, քան կարող է լինել ոմանց երևակայությունը: Ուղղակի սցենարային փոփոխություն, որում կերպարի գիծն ավարտվում է:

Անցում կատարելով դեպի Ձեր անձնական կյանք, հարկ է նշել, որ վերջերս խոստովանեցիք, որ ընտրյալ ունեք: Հետաքրքիր է, ի՞նչ փուլում են ձեր հարաբերությունները: Արդյո՞ք դրանք օրինականացնելը սարերի հետևում չէ:

Այս հարցին միայն ցանկանում եմ պատասխանել, որ երջանիկ եմ: 

Գաղտնիք չէ, որ կար շրջան, երբ անդադար քննարկվում էին Ձեր և երգահան Ռիչարդ Մադլենյանի սիրավեպի մասին լուրերը: Դատելով ձեր երկուսի միկրոբլոգում տեղադրված լուսանկարներից և տեսանյութերից, կարելի էր եզրակացնել, որ դուք իսկապես մտերիմ ընկերներ էիք: Սակայն պետք է փաստենք, որ ձեր հնարավոր սիրավեպի խոսակցություններն այդպես էլ երբեք հստակ չմեկնաբանվեցին՝  ոչ Ձեր,  ոչ էլ Ռիչարդի կողմից: Այսօր, երբ այդ ամենը կարծես անցյալում է, կարո՞ղ եք մանրամասնել, թե իրականում ի՞նչ կարգավիճակում էիք գտնվում Դուք և Ռիչարդ Մադլենյանը:

Սա կյանքի անցած փուլ է, որի մասին խոսել չեմ ցանկանում:

Լիկա թեև բավական երիտասարդ եք, բայց բոլորովին վերջերս համալրեցիք գործարար-դերասանուհիների շարքը: Արդյո՞ք Ձեզ հեշտ է տրվում լինել վերահսկողի և կառավարողի դերում:  

Իհարկե այդքան էլ հեշտ չէ, բայց պետք է փորձել և սովորել: Կարծում եմ, որ վատ չի ստացվում: Ինքս գտնում եմ, որ սա դեռ միայն սկիզբն է:

Եվ զրույցի վերջում, կցանկանայի տեղեկանալ, թե ի՞նչ նոր առաջարկներ կան՝ կապված Ձեր դերասանական գործունեության հետ: Ե՞րբ և ի՞նչ ձևաչափում հեռուստադիտողը հնարավորություն կունենա ապագայում տեսնելու Ձեզ:  

Առաջարկներ շատ կան տարբեր հեռուստաընկերություններից, սակայն ուզում եմ մի որոշ ժամանակ զբաղվել սրահիս զարգացմամբ, մինչև որ կլինի այն առաջարկը, որը որ կհետաքրքրի ինձ:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին