FORPOSTART PRODUCTION-ը հայտնում է, որ մարտի 31-ին, Global Communications ընկերության կողմից ստացվել է պաշտոնական նամակ-պարզաբանում` Էրոս Ռամազոտիի` Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուների չեղարկման վերաբերյալ: Ինչպես ասվում է նամակում` Էրոս Ռամազոտտին խախտել է Global Communications ընկերության և RADIORAMA S.R.L. ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Հարկ ենք համարում պարզաբանել, որ Էրոս Ռամազոտտիի Perfecto համերգային շրջագայության շրջանակներում Global Communications ընկերության կողմից կնքվել են երկու պայմանագրեր` Էրոս Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերության` Trident Music S.R.L.-ի և Էրոս Ռամազոտտի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող RADIORAMA S.R.L.-ի հետ: Նշված պայմանագրերի հիման վրա Global Communications-ի կողմից կնքվել է գործակալական պայմանագիր FORPOSTART PRODUCTION-ի հետ` արտիստի երևանյան համերգային ծրագիրը կազմակերպելու նպատակով, որի համաձայն FORPOSTART PRODUCTION-ը հանդիսանում է Երևանում Էրոս Ռամազոտտի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական Կատարողը, իսկ Global Communications-ը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Ագապովի, Պատվիրատուն: Այս գործընթացում ներգրավված է նաև FORPOSTART PRODUCTION-ի երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը` որպես ծառայություն մատուցող ենթագործակալ:
Ստորև ներկայացնում ենք Global Communications-ի կողմից ստացված պաշտոնական նամակի թարգմանությունը:
«Տեղեկացնում ենք, որ Էրոս Ռամազոտտին խախտել է Global Communications ընկերության և RADIORAMA S.R.L. ընկերության միջև կնքված պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները՝ Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում Perfecto համերգային շրջագայության անցկացման մասով, և Վիլնյուսի համերգից հետո Տալլինում շոու անցկացնելու փոխարեն մեկնել է Իտալիա:
Global Communications ընկերությունն իր կողմից պատշաճ կարգով կատարում է RADIORAMA S.R.L. ընկերության հետ կնքված պայմանագրային պարտավորությունները, այդ թվում և` ֆինանսական:
Global Communications ընկերությունը RADIORAMA S.R.L.-ից չի ստացել ծանուցում պայմանագրով նախատեսված համերգները Արտիստի կողմից չեղարկելու մասին: Այս պահին RADIORAMA S.R.L. ընկերության հետ պայմանագիրը համարվում է կնքված և կատարվում է Global Communications կողմից:
Գիտակցելով, որ Արտիստն առանց որևէ մեկնաբանության և բացատրության չի ներկայացել շրջագայության մի համերգին, խնդրում ենք ձեզ դադարեցնել Էրոս Ռամազոտտի` ս/թ ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգի տոմսերի վաճառքը:
Global Communications ընկերությունը պարտավորվում է դատական կարգով պահանջել՝ Էրոս Ռամազոտտի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող RADIORAMA S.R.L.-ի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում պատճառված բոլոր վնասների փոխհատուցում:
Հարգանքով,
Գլխավոր տնօրեն
Ա.Ն. Ագապով»
Հարկ ենք համարում նշել, որ չնայած Global Communications-ի կողմից համերգային ծրագրի չեղարկման վերաբերյալ պաշտոնական գրությունը ստացվել է միայն այսօր, մենք արդեն երեք օր է, ինչ դադարեցրել ենք համերգի տոմսերի վաճառքը:
Այս պահին Global Communications ընկերության և FORPOSTART PRODUCTION-ի միջև ընթանում են բանակցություններ, որոնց նպատակն է հնարավորինս արագ գալ երկուստեք ընդունելի համաձայնության և ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:
Այնուամենայնիվ, սա ժամանակատար և աշխատատար գործընթաց է: Պատվիրատուն պարտավորվում է փոխհատուցել համերգային ծրագրերի չեղարկման արդյունքում պատճառված բոլոր վնասները: Իսկ FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունն իրենց հերթին պարտավորվում են փոխհատուցել չեղյալ հայտարարված համերգային ծրագրի տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական միջոցները` Global Communications-ի կողմից իրենց կրած վնասների փոխհատուցումը ստանալուն պես: Ինչպես նշված է Պատվիրատուի պաշտոնական նամակում, վերջինս պատրաստվում է դատական գործընթաց սկսել իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարած Trident Music S.R.L.-ի դեմ` որպես Արտիստի պրոդյուսերական ընկերություն, որն անմիջականորեն պատասխանատու է ֆինանսական պարտավորությունների մասով և RADIORAMA S.R.L.-ի դեմ` որպես Էրոս Ռամազոտտի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող ընկերություն:
Սա նաև մեր կազմակերպությունների գործարար համբավի և բարի անվան պաշտպանության խնդիր է:
FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը հայտարարում են, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը և գործակալները չեն կրում տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որևէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն: Տոմսերի դիմաց դրամական փոխհատուցումները կկատարվեն FORPOSTART PRODUCTION-ի և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերության կողմից:
Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը` դրանց ետ վերադարձման համար: Հետևեք մեր պաշտոնական կայքին` տոմսերի ետ վերադարձման գործընթացի ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
FORPOSTART PRODUCTION-ը հայցում է բոլորի ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհարմարությունների կապակցությամբ: